«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում նշեց. «Նիկոլ Փաշինյանի գրպանում գտնվող կարմիր եւ սեւ բերետավորները աննախադեպ ուժ են կիրառում ցուցարարների, անչափահասների, երեխաների հանդեպ։ Սակայն պետք չի վախենալ, հուսահատվել։ Սա նրանց՝ բոլոր ոստիկանների, բերետավորների վերջին օրերի թփրտոցները, ջղաձգումներն են։ Բոլորի դեմքերն արձանագրված են»։
Նաիրա Զոհրաբյանը անդրադարձավ նաեւ իշխանական քարոզչամեքենային. «Այս օրերին Նիկոլ Փաշինյանի ՊՈԱԿ-ը, նրա գրպանում գտնվող օլիգարխները բացում են տասնյակ հազարավոր ֆեյք օգտահաշիվներ՝ փորձելով կեղծ հանրային կարծիք գեներացնել, որ իբր Նիկոլը դեռեւս համակիրներ ունի։ Իմացեք. ոլորտի մասնագետների հատուկ թիմ է աշխատում։ Եվ իմ խորին շնորհակալությունը ՏՏ ոլորտի մասնագետներին։
Արդեն մի քանի հազար ֆեյք օգտահաշիվներ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի իրական 3 տոկոս մնացած համակիրների, Նիկոլի գրպանում գտնվող օլիգարխների ֆեյք օգտահաշիվների իրական հասցեները այլեւս կան, թե որ հիմնարկում են նստած, ով է աշխատեցնում։ Բոլորդ կանգնելու եք պատասխանատվության առաջ»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ