«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն այցելել են Հայաստանի ժուռնալիստների միություն։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին դիմավորեց միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։
Սաթիկ Սեյրանյանն ասաց, որ լրագրողներն իրենց աշխատանքն այսօր բավական ծանր պայմաններում են իրականացնում։ «Եթե 2018 թվականին նման բռնություններ տեղի ունենային, պատկերացնում էինք, թե ինչ կլիներ։ Ցավալիորեն միջազգային որոշ կազմակերպություններ դեռ լռություն են պահպանում, բայց արդեն ունենք տուժած լրագրողներ, այդ դեպքերի կապակցությամբ Հայաստանի ժուռնալիստների միությունը հանդես է եկել հայտարարությամբ եւ դիմել միջազգային իր գործընկերներին։ Մենք պետք է պահպանենք մեր պրոֆեսիոնալիզմը, մենք մեր աշխատանքն ենք կատարում։ Այսօր լրատվամիջոցները լուրջ թիրախավորված են, ինչպես դուք եք թիրախավորված»,- ասաց նա։
Սաթիկ Սեյրանյանը հավելեց․ «Մեր գործընկերներից Սիվիլնեթը կարեւոր հրապարակում էր պատրաստել, որ մի քանի տասնյակ կայքեր են բացվել եւ 2018 թվականի հեղափոխության ժամանակ բացված կայքերը նորից վերագործարկվել են։ Եվ հազարավոր դոլարներ են ծախսել՝ ձեր դեմ թիրախավորված հակաքարոզչություն ունենալու համար»։
Կարդացեք նաև
Սաթիկ Սեյրանյանը կոչ արեց լրագրողներին այս փուլում զերծ մնալ էմոցիաներից։
«Սա ստի եւ ճշմարտության պայքար է։ Իրենք թողել են գաղափարը, այն մարդիկ, ովքեր զբաղվում են սեւագործությամբ, թողել են գաղափարի մասին խոսակցությունը, մարդկանց անձնական թիրախավորումներ են անում։ Իրենք ինչի՞ն են ընդդիմանում, ընդդիմանում են, որ հաշտություն չլինի՞ մարդկանց մեջ, որ մարդիկ չինքնամաքրվե՞ն, պատվի ու արժանապատվության վերականգնում չունենա՞ն, սրա դեմ են պայքարո՞ւմ։ Հիմա այլեւս մեզ չեն կարողանում խաբել, իրենք իրենց են խաբում, ասում են՝ Վազգեն Գալստանյանի խոսելու ժամանակ 5000 հոգի հրապարակը լքեցին։ Նայեք, թե սուտն ո՞ւր է հասնում։ Արդեն իրենք իրենց են խաբում, իրենց են ուզում ստով կերակրել։ Մեր լրագրողները ճշմարտության քարոզիչներ են»,- ասաց Բագրատ սրբազանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ