Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ Առաքելական եկեղեցին միշտ էլ եղել է կոնսոլիդացված Արեւմուտքի թիրախում». Վարդան Խաչատրյան

Մայիս 14,2024 12:37

«Այսօր հոգեւոր բարձրագույն աստիճան կրողներից մեկի առաջնորդությամբ սկսված շարժումը հին հակասությունների նոր դրսեւորման փուլ բերեց, առաջին հերթին կապված այն բանի հետ, որ միշտ էլ մեր եկեղեցին, որպես Հայ Առաքելական եկեղեցի, եղել է կոնսոլիդացված Արեւմուտքի թիրախում: Պարզ երեւույթ է, որ հոգեւորականությունը եւ եկեղեցին իրենցից ներկայացնում են բացառիկ ուժ: Դա համաշխարհային ցանց է, ավելի մեծ, քան Հայաստանն իր հնարավորություններով»,-Sputnik Արմենիայի մամուլի սրահում նշեց «Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահ, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս Վարդան Խաչատրյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ են իշխող կուսակցության անդամները հարձակվում Հայ Առաքելական եկեղեցու վրա, արդյոք այդ հարձակումները պետականության հիմքերն ուժեղացնելու փո՞րձ են, թե հարվա՞ծ:

«Փորձը ընկճել եկեղեցին, եղել է ոչ մեկ անգամ, եւ այդ փորձերը, փառք Աստծո, մինչ այժմ որեւէ բանի չեն բերել, եւ հիմա բավականին սրված հակասություն է ընթանում եկեղեցու եւ իշխանության միջեւ, որն արեւելյան եկեղեցիների համար բավական խորթ երեւույթ է, որովհետեւ արեւելյան եկեղեցիները միշտ եղել են իշխանության հենարանը, էլիտայի ներկայացուցիչը կարող էր դառնալ հոգեւորական: Դրա ամենավառ օրինակը Ներսես Մեծի՝ մեր խոշորագույն կաթողիկոսներից մեկի ընտրությունն էր, երբ Արշակ Երկրորդը հայտարարեց, որ այս 20 տարեկան զինվորը գեղեցիկ, բացառիկ ֆիզիկական հատկանիշներով, մեր կաթողիկոսն է լինելու:

Եթե այդպիսի բան պատկերացնենք հիմա, անհասկանալի կլինի, բայց այն ժամանակ էլիտայի ներկայացուցիչներն այնքան խորը գիտեին կրոնական ինքնությունը Հայոց Առաքելական եկեղեցու, որ ուղղակի ընտրված անձնավորությունը, որը ոչ մի կերպ չէր ցանկանում կրոնական դառնալ, դարձավ հայ ժողովրդի խոշորագույն կաթողիկոսներից մեկը»,-նշեց Վարդան Խաչատրյանը:

Նրա խոսքով. «Այսօր եկեղեցին չէ, որ քաղաքական մարտահրավեր է նետում, բայց մարտահրավերն ընկալում է իշխանությունը՝ որպես եկեղեցու կողմից արված, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ եկեղեցին պատասխանատու է սեփական ժողովրդի, սեփական հոտի առաջ: Հայոց Առաքելական եկեղեցին մեր հնարավոր բոլոր հետազոտություններով ՝ավելի քան 80 տոկոս հետեւորդներ ունի Հայաստանում: Ոչ մի կրոնական կառույց, կրոնական կազմակերպություն չի կարող հավակնել այդպիսի լուրջ ազդեցության Հայաստանի հասարակության վրա:

Երեւի թե ճիշտ կլինի, որ չսրվի այդ ամենը, որովհետեւ Հայոց եկեղեցին Սահմանադրությամբ եւս առանձնացված՝ բացառիկ պատմական նշանակություն ունեցող կառույց է, եւ եղել են ժամանակներ, երբ փլուզվող, քաղաքական իշխանությունը կորցրած երկիրը պահել են որպես հենք՝ Հայոց առաքելական եկեղեցու կառույցներն ու մարդիկ»:

Դիտարկմանը, որ ըստ Արդեն Թորոսյանի `1700 տարի եկեղեցին խանգարել է պետության կառուցմանը, ու իրենք շուտով դա կբացահայտեն, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դասախոսն այսպես արձագանքեց. «Ոչինչ հնարավոր չէ բացահայտել, որովհետեւ եկեղեցին միշտ էլ բացառիկ դերակատարություն է ունեցել… Օրինակ, երբ հետազոտում էի հայերի մուտքը Ղրիմ, պարզվեց՝ առաջին բանը, որ հայերն արել էին, այն էր, որ կառուցել են եկեղեցիներ: Իտալացիները, այնտեղ գտնվող քրիստոնյաները եւ թաթարները զարմացած էին, որ տանիքները չդրած՝ ներսում ընթանում են մատյանների գրագրությունները:

Այսինքն` մատյանները գրվում ու գրվում են, մեր գիրը, մեր ինքնության 1000 եւ մեկ տարրերը, այնուամենայնիվ, կրոնական, Հայոց առաքելական եկեղեցու երախտիքի շրջանակում են գտնվում: Եվ այս տեսակետից, թող որեւէ մեկը չփորձի այլ բան ասել, առավել եւս հայտարարել, թե հիմա ցույց կտանք Հայոց Առաքելական եկեղեցուն…Հայ ժողովուրդը կառուցել է հազարավոր եկեղեցիներ, կառուցել է նաեւ տներ, ոչ մի տուն չկա, եկեղեցիների մի մասը խոնարհված է, մնացածը կանգնած են: Դա մեր ինքնության յուրօրինակ կնիքն է, դա արքետիպային արմատ է՝ մինչեւ անհիշելի ժամանակները գնացող: Կասեմ նույնիսկ, որ մեր եկեղեցու մեջ պահպանվել են նախորդող՝ հայ ժողովրդի պատմության հազար եւ մեկ տարրերը, որոնք չեն պահպանվել որեւէ այլ տեղ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031