«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը, ինչպես եւ հայտարարել էր, այցելեց Հայաստանի ժուռնալիստների միություն: Մուտքի մոտ արդեն մի խումբ կարմիր բերետավորներ հավաքված էին ու հորդորում էին երթեւեկելի հատվածը բացել:
Բագրատ սրբազանը փոխգնդապետին հարցրեց. «Մարդկանց ինչո՞ւ եք բերման ենթարկել, կարգը ոչ ոք չի խանգարել: Մեր տրամադրությունը կարգ խանգարելը չի, լսե՛ք, մարդկանց ապօրինի բռնել տարել եք: Այս ցուցադրություններն անելով՝ տղե՛րք, ոչ մեկը չի վախենում ձեզանից: Եթե որեւէ ավելորդ քայլ դուք կանեք, ես խոստանում եմ, որ ամբողջությամբ լինելու է ձեր պատասխանատվության վրա եւ վերջը ամեն ինչի: Հանդարտվե՛ք, խաղաղ հետ գնացեք, էս ժողովրդին էլ մի փորձեք ահաբեկել, մենք կարգ խանգարելու համար չենք, մեր ոչ տրամաբանություն է այդպիսին, ոչ էլ տրամադրությունը: Էս տղաներին բերել եք ահասարսուռ տեսարա՞ն ստեղծելու, մարդկանց ինչո՞ւ եք ուզում ահաբեկել»:
Բագրատ սրբազանը հորդորեց կարմիր բերետավորներին 2-3 քայլ հետ գնալ. «Ուզո՞ւմ եք ճանապարհը բացել, ուրեմն երկու քայլ հետ գնացեք, կբացեն»: Ոստիկանները ստիպված հետ գնացին, Բագրատ սրբազանը Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի եւ լրագրողների ուղեկցությամբ մտավ միության շենք:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ վաղ առավոտից Հանրապետության հրապարակին հարակից փողոցներում անհնազանդության գործողություններ են ընթանում, կարմիր բերետավորները բերման են ենթարկել 63 ակտիվիստի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ