Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց շուրջ երեքուկես տարի անց հայկական Շուշիում ադրբեջանցիների առաջին խումբն է բնակություն հաստատել, ինչի մասին վերջին օրերին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հաղորդում են, որ նախագահ Իլհամ Ալիեւը մայիսի 10-ին` կնոջ ուղեկցությամբ, կրկին այցելել է Շուշի, որտեղ հանդիպել է քաղաքում հաստատված ադրբեջանցիների հետ։ Այլ մանրամասներ հայտնի չեն։
Թե քանի մարդ է բնակեցվել Շուշիում, ադրբեջանական պաշտոնական աղբյուրները չեն հայտնում։ Բացառությամբ Շուշիի, Բաքվի վերահսկողության տակ անցած արցախյան մյուս քաղաքներում եւ գյուղերում Ալիեւի վարչակազմը բնակեցման գործընթաց գրեթե չի իրականացնում` առաջինը Շուշին է։
Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ այս ամենի մեջ ամենացավալին Հայաստանի իշխանությունների կեցվածքն ու հայտարարություններն են։ «Ադրբեջանցիներն ամեն ինչ անելու են, ամեն հնարավորություն ստեղծելու են, որ Շուշիում ապրեն: Նախկին սովետական Շուշին գրեթե չուներ արտադրություն, մի երկու գործարան էր ու վերջ, արտադրություն գրեթե չկար, բայց ամեն ինչ կար: Հիմա Ալիեւն ամեն ինչ անելու է, ամեն ձեւով մարդկանց շահագրգռելու է, որ գնան, ապրեն Շուշիում: Ի տարբերություն Հայաստանի իշխանությունների, նրանք լրիվ այլ բան են քարոզում: Մարդիկ էլ շահագրգռված գնալու են ապրելու: Խորհրդային տարիներին շատ ադրբեջանցիներ կային Շուշիում, բայց դա չի նշանակում, որ Շուշին նրանցն է եղել, երբ Արցախ կար, Շուշի կար` Ադրբեջան պետություն եւ ադրբեջանցի ազգ չկար աշխարհի երեսին: Թաթար-մոնղոլներ էին, Ադրբեջան պետության ստեղծումից հետո այսօր բոլորն ասում են՝ ադրբեջանցի են: Ես` ինքս, բոլոր շուշեցիներին հույս եմ տալիս, զրուցում եմ, ասում եմ, որ ամեն ինչ մի օր լավ է լինելու, մեր օգտին է լինելու, բայց մեկ էլ որ լսում ենք Հայաստանի իշխանություններին, այ, այդ ժամանակ իրոք հուսահատվում ենք: Իրենք ավելի շատ են խոսում այն մասին, որ Արցախը, հիմա արդեն` Հայաստանից ինչ-որ գյուղեր ադրբեջանական են, քան հենց ադրբեջանցիները: Արցախը հանձնեցին, հիմա էլ հերթը հասել է Հայաստանին: Ազգային ժողովի պատգամավորները բացահայտ ասում են` Ղարաբաղն Ադրբեջան է: Ի՞նչ ասեմ, անգամ պատմություն չգիտեն, ոչ մի բանից տեղյակ չեն: Մի իշխանություն, որ կանգնի ասի` Ղարաբաղը ճանաչում եմ որպես Ադրբեջանի մաս, էլ ադրբեջանցուց ի՞նչ կարող ենք պահանջել»,- ասում է Սարգսյանը:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: