Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն ու նրա թիմը գավառական ռադիկալիզմ դրսեւորեցին, այն դեպքում, երբ «գործընկեր» Ադրբեջանը բազմապրոֆիլ քաղաքականություն է վարում. Ստանիսլավ Տարասով. «Հրապարակ»

Մայիս 14,2024 11:09

Հարցազրույց ռուսաստանցի վերլուծաբան, Մերձավոր Արեւելքի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովի հետ

– Ռուսական կողմը շեշտում է, որ շարունակելու է պահպանել ՀՀ սահմանները՝ նկատի ունենալով Թուրքիայի եւ Իրանի սահմանի հատվածը։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ եթե հանկարծ Ադրբեջանի հետ զինված կոնֆլիկտ սկսվի, ռուսական ներկայությունը դեր կխաղա այն կանխելու հարցում։ Թեզն այն մասին, որ պատերազմը մոտ է, Հայաստանում շատ է տարածված։

– Ինքնին այն փաստը, որ հայկական կողմը չի պնդում, որ ՌԴ սահմանապահները դուրս բերվեն Իրանի եւ Թուրքիայի սահմաններից, այլ միայն «Զվարթնոցն» ու Ադրբեջանի հետ շփման գիծն է նշում, վկայում է, որ տարածաշրջանի անվտանգության սպառնալիքի գնահատականները համընկնում են։ Հայաստանը, ընդհանուր առմամբ, իրեն անվտանգ չի զգում, համարում է, որ Ադրբեջանը պատրաստ է ագրեսիայի։ Բայց տարածաշրջանային իրավիճակը, Մերձավոր Արեւելքում տիրող անկայունությունը, որը դիպչում է նաեւ Իրանին, Թուրքիային, դրա ալիքները կարող են հասնել նաեւ Անդրկովկաս եւ կարող են, պայմանական ասած՝ ճեղքել պաշտպանական գիծը, որն առանձնացնում է Անդրկովկասը Մերձավոր Արեւելքից։ Ահա ինչու ՌԴ սահմանապահների ներկայության նպատակահարմարությունը նախեւառաջ թելադրված է ՌԴ շահերով, լայն կոնտեքստում՝ շեշտեմ, որը ՌԴ անվտանգության ապահովումն է, եւ նեղ իմաստով՝ Հայաստանի անվտանգության ապահովումը։ Այստեղից բխում է այն, որ հայերը չեն պնդում Գյումրիից ՌԴ ռազմաբազայի դուրսբերման հարցը, եւ այն, որ թեեւ Հայաստանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին, սակայն ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին չի հայտարարում։ Ֆորմալ առումով ՀՀ-ի ու ՀԱՊԿ երկրների հետ կապը պահպանված է։ Մյուս կողմից Հայաստանի թեքումը դեպի Արեւմուտք որոշակի մտորումների տեղիք է տալիս։ Փաշինյանը, ունենալով ՌԴ-ի հետ լարված հարաբերություններ, «հաջողացրել» է նաեւ Իրանի հետ լարել հարաբերությունները, որովհետեւ Իրանը դժգոհ է տարածաշրջանում արեւմտյան ուժերի ներկայությունից՝ ԵՄ դիտորդներից, որոնք հայտնվել են այդտեղ, Ֆրանսիայի հետ սկսվող ռազմատեխնիկական գործակցությունից։ Իրանին սա ձեռք չի տալիս։ Հայաստանը հայտնվում է գեոպոլիտիկ շրջափակման մեջ։ Նրան թիկունք կարող է լինել միայն զորքերի կոնտինգենտ մտցնելը, որն Արեւմուտքի դեպքում բացառվում է։ Մերձավոր Արեւելքի, Ուկրաինայի կոնֆլիկտները՝ ձեզ օրինակ։ Տեխնիկա տալիս են, բայց կռվում են ուկրաինացիները։ Հայերին կարող են հրահրել պատերազմի եւ դարձնել կովկասյան Ուկրաինա, ինչը Հայաստանում լավ հասկանում են։ Փաշինյանն ու նրա թիմը սխալներ են գործում։ Նրանք պետք է հաշվի առնեին իրենց պարտությունների փորձը եւ այլ կերպ կառուցեին հարաբերությունները տարածաշրջանային երկրների հետ, բայց գավառական ռադիկալիզմ դրսեւորեցին, այն դեպքում, երբ «գործընկեր» Ադրբեջանը բազմապրոֆիլ քաղաքականություն է վարում, ձեւավորեց ՌԴ-ի հետ ալյանս, Չինաստանի, Իրանի հետ է հարաբերություններ ստեղծում, չի վախենում առճակատման գնալ Արեւմուտքի հետ, եւ այս իրավիճակում Հայաստանը գեոպոլիտիկ կույր աղիքի դերում է հայտնվում։ Եթե, օրինակ, Երեւանը հիմա պնդեր, որ ռուսական ռազմաբազան դուրս բերվեր, Մոսկվան սա չէր ընդունի որպես կատաստրոֆա, քանի որ ՌԴ ներկայության ռուսական դիագնոստիկան տարածաշրջանում տարբերվում է հայկականից։ Հայերը համարում են, որ Ռուսաստանը նոր Խորհրդային Միություն է ստեղծում, բայց դա այդպես չէ։ Մյուս կողմից, Հայաստանը ճիշտ չի դիտարկում Թուրքիայի մղումները՝ համարելով, որ պանթյուրքիզմն է դեր խաղում։ Ցավոք, ՀՀ ԱԳՆ-ում մասնագետներ կա՛մ չկան, կա՛մ շատ քիչ են ու պահանջված չեն, դրա համար գավառական սխալներ են թույլ տալիս։ Հայաստանը կորցնում է նախկին ազդեցությունը, որն ուներ, երբ սերտորեն համագործակցում էր Մոսկվայի հետ։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031