Նորքում՝ Հանրային հեռուստաընկերությունից քիչ ներքեւ քաղաքացիները փակել էին փողոցը: Տարածքում պատահաբար անցնող երկու ոստիկան փորձեցին վերականգնել երթեւեկությունը:
Ոստիկանը, որպես ողջամիտ ժամկետ, 2 րոպե ժամանակ տվեց՝ փողոցը բացելու՝ «մի րոպեն էլ անցավ»: «Ցավդ, տանեմ, ի՞նչ 2 րոպե, 5 րոպեից կբացեմ»,- համոզում էին ակտիվիստները: Ոստիկանները վիճում էին՝ «Սահմանադրությունը լիազորությունը տվել է ինձ, դո՞ւ ես որոշում ողջամիտ ժամկետը»:
Ակտիվիստներից մեկը՝ Գագիկ Հարությունյանը, որը գործողությունների կազմակերպիչն էր, ասում էր՝ «Մեզ լավ ոստիկան է հանդիպել»:
Կարդացեք նաև
Մի քանի րոպե անց ոստիկանները ձեռքով հրելով՝ փողոցից դուրս բերեցին աղբամանները, որոնցով փակել էին փողոցը:
Իսկ այդ «լավ ոստիկանները» Գագիկ Հարությունյանին բերման ենթարկեցին: Ոստիկանական մեքենա նստելիս երիտասարդը ժպիտով կոչով հանդես եկավ. «Ժողովուրդ ջան, լավ եղեք, կհանդիպենք մի քանի ժամից»:
Հիշեցնենք, որ վաղ առավոտից Հանրապետության հրապարակին հարակից փողոցներում անհնազանդության գործողությունները սկսվել են: Ցույցերի 38 մասնակից բերման է ենթարկվել ոստիկանության Երևանի տարբեր բաժիններ. հայտնեցին ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ