Հատված Արցախի նախկին ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի հարցազրույցից
– Տավուշի մարզում իրականացված սահմանագծման աշխատանքների արդյունքում Կիրանցի որոշ տներ հայտնվում են ադրբեջանական կողմում։ Այն սյուները, որ տեղադրվել են հայ-ադրբեջանական նոր սահմանին, անվտանգության երաշխիքներ տալի՞ս են սահմանամերձ գյուղերի բնակիչներին։
– Սահմանազատում ոնց ուզես, կարող ես անել, գլխավոր խնդիրը ճանապարհի հարցն է։ Մենք ընկնում ենք երեւույթների հետեւից՝ այս 4 գյուղը, հետո անկլավները, Սահմանադրությունը փոխենք, գերբը փոխենք եւ այլն։ Վերջում կանգնելու ենք ճանապարհը տալու փաստի առաջ։ Ես էլ ասում եմ. որոշեք՝ տալիս եք այդ ճանապարհը, որ Ադրբեջանը կարողանա Նախիջեւանի հետ Հայաստանի սուվերեն տարածքով շփում ունենա՞, եթե այո, ապա մնացած գործընթացներն ավելորդ են։ Կարող ենք այս գործընթացով ավելին ստանալ, քան կա։ Երկու կողմից ճանապարհներ են կառուցում Թուրքիան եւ Ադրբեջանը, Իրանն ասում է՝ իրենց համար կարմիր գիծ է Հայաստանի տարածքով ճանապարհ տալը։ Մենք սահմանը չենք փոխում, մենք Կալինինգրադի տարբերակով… դրա շրջանակում պետք է Ադրբեջանի հետ բանակցել եւ լուծումներ գտնել։ Այս պարագայում արդեն Տավուշի գյուղերը հանձնել պետք չէ։ Առաջին հարցը ճանապարհն է, պետք է այդտեղից սկսենք, մնացածն ինքն իրեն կլինի։ Այն տարածքով, որով մտել ենք Սովետմիության մեջ, ֆիքսում ենք այդ տարածքները, ոչ թե Միության փլուզումից հետո ֆիքսված տարածքները։
– Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովի նախագահ Հիքմեթ Հաջիեւի գրասենյակը հայտարարեց, որ պետք է անհապաղ ազատել Տավուշի մարզի այդ գյուղերը, ընդ որում՝ մինչեւ սահմանազատման գործընթացը։ Եվ ինչպե՞ս եք մեկնաբանում Փաշինյանի՝ կիրանցիներին ուղղված հայտարարությունը` եթե չեք ուզում ադրբեջանցիներին տեսնել, ծառ կտնկենք։
Կարդացեք նաև
– Նորից եմ ասում՝ ինձ տանում եք դրվագներին։ Ես չեմ ուզում քննարկել այդ դրվագները, այդպես սխալ է, ես առաջարկում եմ ռազմավարական թեման։ Ո՞ր բեւեռում ենք մենք, ո՞ւր ենք գնում։ Ինչպես Հայաստանի վարչապետն է ասում՝ մենք պետք է տնտեսապես, լոգիստիկ երկիր դառնանք։ Դա Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Կենտրոնական Ասիան կապող ճանապարհներն են։ Ռուսաստանին հանում ենք` ազատ ապրում ենք։ Իրանը դրան դեմ է, դուք ասում եք՝ դեմ չէ։ Սպասենք՝ իրավիճակը հասնի այդ կետին, կտեսնեք։ Հետո ասելու եք՝ խաղաղություն էինք ուզում ունենալ՝ չունեցանք։ Պետք է հասկանանք, թե ռազմավարությունն ուր է տանում, մնում ենք Պարսկաստան, Ռուսաստան, Հայաստան, Վրաստան պոստի՞ն, թե՞ Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, Կենտրոնական Ասիա ենք գնում, Արեւմուտքը դա է ուզում մեզնից։ Դուք դա չեք ասում, ժողովրդին խաբում եք, երեւույթներից եք խոսում, ասում եք՝ էս գյուղը, էն բլուրը, էն ծառը տնկենք։
– Բայց արդյո՞ք համակեցություն հնարավոր է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։
– Ես դրա համար ասում եմ՝ պիտի գնանք նոր ընտրությունների։ Արեւմտամետ ուժերը կներկայացնեն իրենց տարբերակը, մյուս թեւն էլ առաջարկի՝ Իրան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան տարբերակը, թող հասարակությունն էլ ընտրություն անի։ Ես ասում եմ՝ ժողովրդին խաբել ա․ Նիկոլ Փաշինյանը չի ասել՝ ինչ ծրագիր ա անում։ Իրենք կարողանում են տանել իրենց օրակարգով, ասում են՝ էս գյուղից խոսեք, էն ծառից խոսեք։
Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում