«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը
Ուզում եմ ես էլ իմ համեստ կարծիքը գրել հայրենասիրության մասին: Այսօր բոլորը հայրենիքից ու հայրենասիրությունից են չէ՞ խոսում: ) Ես էլ համարձակվեմ, առանց ավելորդ պաթոսի, առանց ստանդարտ կենացների կամ էստեղից-էնտեղից քոփի արած խելացի մտքերի՝ շատ պարզ շարադրեմ իմ պատկերացումները:
Բնականաբար, ամենևին պարտադրված չեք կարդալ և կարող եք ժամանակն անցկացնել ավելի հաճելի ձևով՝ գիրք կարդալ կամ ֆիլմ նայել (սա գլխանց գրեմ, որ չդժգոհեն երկար տեքստից))
Ինձ համար իրական հայրենասիրությունը սկսվում է կոնկրետ ու շատ պարզ ձևակերպվող, երբեմն՝ ամենամանր թվացող բաներից: Օրինակ՝ ծխախոտի մնացուկը գետնին չնետելուց, ձախ կամ աջ թեքվելիս թարթիչը միացնելուց, անծանոթ մարդու հետ Դուք-ով խոսելուց, գիշերը ժամը 1-ին սալյուտ չխփելուց, մատուցողի ու հավաքարարի աշխատանքը հարգելուց: Հայրենասիրության արդյունք է այն, որ ճամփի «լյուկը» 10 սմ վերև կամ ներքև չլինի, փողոցները լուսավորված լինեն, շենքերն ունենան նորմալ թեքահարթակներ, մանկապարտեզների ու դպրոցների շենքերը լինեն թարմ ու տեխնիկապես հագեցած, որ վերելակը նորմալ աշխատի, որ շտապօգնությունը ժամանակին գա, որ Գեղամ Նազարյանի ասած, խանութում ձեզ չխաբեն, պանիրը պանիր լինի, 20 լիտր բենզինն էլ լինի 20 լիտր, դպրոցն ու բուհն էլ միայն ատեստատ ու դիպլոմ տվող հիմնարկներ չլինեն:
Կարդացեք նաև
Հայրենասիրությունը գիտելիք ստանալն ու այդ գիտելիքը փոխանցելն է, գիտելիքը հարստացնելն ու պրակտիկ կյանքում կիրառելն է: Հայրենասիրությունը մայրենի լեզվին տիրապետելն է: Հայրենասիրությունը գրագետ ու ազնիվ քաղաքացի դաստիարակելն է, որ երեխան դպրոցական տարիքից չմտածի, թե էս երկրում որևէ բանի հասնելու համար պիտի խաբեբա ու զոռբա լինել:
Հայրենասիրությունը «շուստրիություն » չանելն է, նորմալ հերթ կանգնելն է, հասարակական վայրերը մաքուր պահելն է, փողոցը ճիշտ տեղից անցնելն է: Կարգապահ ու ճշտապահ լինելն է:
Հայրենասիրությունը աշխատելն ու արարելն է, արժեք ստեղծելը, աշխատատեղ ապահովելն ու հարկերը նորմալ վճարելը: Հայրենասիրությունն այն է, որ «փինաչիություն» չլինի, որ ամեն մարդ զբաղվի իր գործով և դա անի բարեխիղճ:
Հայրենասիրությունն էնպես անելն է, որ մեր երկրի անունը լսելով մարդիկ պատկերացնեն վստահություն, պրոֆեսիոնալիզմ, որակ: Որ Հայաստանում արտադրված ապրանքներն ու ծառայությունները պահանջարկ վայելեն աշխարհում՝ եկամուտներ ապահովելով ու բարձրացնելով երկրի ճանաչելիությունը:
Քեզնից կախվածն անելն է, որ թոշակառուն նորմալ ապրի, գիտնականն իրեն արհամարհված չզգա, որ արվեստագետը ստիպված չլինի իշխանությանը հաճոյանալ, որ երիտասարդ զույգերը չվախենան երեխա ունենալ, որ հիվանդանալը դատավճիռ չլինի:
Հայրենիքը սիրել, նշանակում է այնպես անել, որ մեր գյուղական համայնքների (այդ թվում՝ նույն Կիրանցի, Բերքաբերի, Ոսկեպարի) ճանապարհները նորմալ լինեն, էդ բոլոր տեղերում լինեն նորմալ դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, ժամանցի վայրեր: Որ էդ վայրերի բնակիչը հարմար ապրի, իրեն անվտանգ զգա, աշխատանք ունենա… Չմտածի Երևան տեղափոխվելու մասին կամ իր երեխային տեղափոխելու մասին: Իսկ Երևանում կամ այլ քաղաքները լինեն կանաչ, ունենան խնամված այգիներ ու պուրակներ:
Հայրենասիրությունը միմյանց հարգանքով վերաբերվելն է, միմյանց տակ չփորելը, չվարկաբեկելն ու չվնասելը, ֆեյսբուքներում մի բան գրելուց առաջ մտածելը:
Հայրենասիրությունն էնպես անելն է, որ մարդիկ խաղաղ ապրեն, որ բանակը հզոր լինի, բայց պատերազմելու առիթ չլինի, Հայրենասիրությունը հայրենիքիդ համար խաղաղություն ապահովելն է: Այնպես անելը, որ զինվորի ծնողը հանգիստ քնի, տղա երեխա ունեցողները ծննդական հանելուց հետո ահուսարսափով չսպասեն բանակի օրվան, որ Հայաստանում մարդը իրեն պաշտպանված զգա, կարևորված զգա, որ մարդիկ իրար հարգեն, որ էս ներվն ու ատելությունը, էս գաղջը դուրս գա: Որ ինչ-որ երկրի վիզա ստանալը երջանկություն չհամարվի, որ հայերն ու ոչ միայն հայերը Հայաստանը համարեն ամենահարմար ու լավ տեղը ապրելու համար՝ բոլոր առումներով:
Որովհետև հայրենիքը առաջին հերթին մարդիկ են: Ոչ թե քարը, սարը, շենքը, թուփը, այլ մարդիկ: Ու հայրենիքը սիրել, նշանակում է սիրել էդ երկրի մարդկանց ու ամեն ինչ անել, որ մարդիկ երջանիկ ապրեն:
Հայրենասիրությունը ինձ համար հայրենասիրության մասին քիչ խոսելն է: Եվ գլուխը կախ, իր գործը լավ անող շինարարը, բժիշկը կամ փականագործը ինձ համար հազար անգամ ավելի հայրենասեր են, քան ոչ մի օգտակար բանով չզբաղվող պրոֆեսիոնալ ճառասացները:
Ցանկը կարելի էր շարունակել, բայց չչարաշահեմ ձեր համբերությունը:
Էս է իմ, իմ ընկերների, իմ գործընկերների պատկերացրած հայրենասիրությունը: Մենք դրան ենք ուզում հասնել, ու հասնելու ենք: Հնարավորը անելով: Թեկուզ ցավոտ թվացող լուծումներով, ճշմարտության հետ առերեսվելով, սեփական վարկանիշի հաշվին, ատամներս կրճտացնելով մեզ հանիրավի քննադատելու կամ մեր նկատմամբ ատելություն գեներացնելու ժամանակ:
Որքան էլ ոմանց սրտով չլինի, որքան էլ գիտակցելով կամ չգիտակցելով խանգարեն, մեր ժողովուրդը արժանի է վերջապես նորմալ ապրելուն, ու մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ օրը շուտ գա: