Մայիսի 12-ին Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանը ներկայացրեց անցումային կառավարության քսան կետանոց ծրագիրը: Հնչեց նաև թերևս շատերին հուզող կարևորագույն հայտարարություններից մեկը՝ վարչապետի թեկնածուն չի կարող լինել որևէ կուսակցության կամ խմբի անդամ:
«Այս ամենը շատ տրամաբանական էր: Ի սկզբանե «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ձևավորվեց, որպեսզի կասեցվի հակաօրինական, հակասահմանադրական գործընթացը: Բազմաթիվ մասնագետներ, հեղինակավոր մարդիկ ամեն ինչ ասացին, ապացուցեցին, հիմնավորեցին, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում, ապօրինի ու հակասահմանադրական է, տեղի է ունենում պատերազմի սպառնալիքի ներքո: Տեսանք, որ ոչինչ չի աշխատում: Այս իշխանություններն անհաղորդ են: Ով գիտի, թե էլ ինչ պայմանավորվածություններ ու հանձնառություններ ունեն թշնամու նկատմամբ: Հանրայնորեն ավելի հասկանալի դարձավ, որ խնդիրը հենց այս իշխանություններն են, մինչև նրանք չհեռացվեն, միակողմանի զիջումներին վերջ չի լինելու: Այս զիջումներին հետևելու է Վերին Ոսկեպարը, այսպես կոչված, Սոֆուլու-Բարխուդարլուն, Տիգրանաշենը և այլն, սրանց հետևելու է Սահմանադրության փոփոխությունը, որի մասին վերջին ամիսներին շատ ակտիվ խոսվում է, այնուհետև լինելու է ադրբեջանցի, այսպես կոչված, «փախստականների վերադարձը» և այլն:
Հստակ տարվում է պետության կործանմանը: Իսկ պետության կործանումը կանխելու համար առաջին կարևոր քայլը պետք է լինի իշխանափոխությունը: Սա ամենաառաջին և կարևոր քայլն է: Դրանից հետո երկարատև ու տքնաջան աշխատանք պետք է տարվի, որ երկիրը ռելսերի վրա դրվի, սկսի դիվանագիտությունը գործել, կարգաբերվի ռազմական ոլորտը, տնտեսությունը, սոցիալական ու մյուս ոլորտները: Հրապարակում հնչած ուղերձները շատ կարևոր ու հստակ էին, պետք է արժանին մատուցել Սրբազան հորը, որ, ի վերջո, այն խոսքն ասաց, որը շատ-շատերի համար կարևոր էր: Անձամբ ինձ համար ամենակարևորը Նիկոլ Փաշինյան անձի հեռացումն է, դրանից ելնելով եմ միշտ իմ քաղաքական ու քաղաքացիական մասնակցությունն ապահովել: Բայց մեր հազարավոր հայրենակիցների համար շատ կարևոր է նաև այն, թե ինչպիսին պետք է լինի ապագա վարչապետի չափանիշը, ինչպես ձևակերպեց Սրբազանը: Սպասենք իրադարձությունների զարգացմանը»,-եզրափակում է «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում