Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ կարելի է դարձնել «կրոն»

Մայիս 14,2024 10:00

«Երբ կրոնը միանում է քաղաքականության հետ, ծնվում է հավատաքննությունը», – գրում էր Ալբեր Կամյուն: Ընդհանուր առմամբ, համաձայն եմ: Միայն թե պետք է պարզել, թե ինչ ենք հասկանում «կրոն» ասելով եւ ինչ է նշանակում «հավատաքննություն»:

Սկսենք երկրորդից: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ կաթոլիկ հավատաքննության մասին պատմությունները, որոնք տարածված էին 17-18-րդ դարերում, խիստ ուռճացված են, խեղաթյուրված եւ, ինչպես հիմա կասեին՝ մանիպուլյատիվ:

Ինձ մեկ այլ հարց է հետաքրքրում. արդյո՞ք «մութ միջնադարից» հետո տարբեր պետություններում իշխանությունները չէին քննում մարդկանց հավատը: Արդյո՞ք հիմա չեն քննում:

Ինչ խոսք, ժամանակներն ավելի «հումանիստական» են, այլախոհներին այժմ, որքան գիտեմ, չեն այրում կրակի վրա: Հիմա նրանց վրա քսի են տալիս «ֆեյքերի ֆաբրիկաները» կամ նրանց դեմ աշխատեցնում են ալգորիթմերը: Մահացու չէ, քիչ թե շատ ամուր համոզմունքներով եւ նյարդերով մարդը դրան կդիմանա: Բայց ասել, որ հիմա չկա հավատաքննության երեւույթը, խիստ չափազանցություն կլիներ:

Հիմա կրոնը եւ «կրոնը»: Ենթադրենք, այս կամ այն երկրում տեղի է ունեցել հեղափոխություն, որից հետո մարդկանց բաժանում են երկու կատեգորիաների՝ նրանց, ովքեր հավատարիմ են «հեղափոխական գաղափարներին» (սպիտակների) եւ նրանց, ովքեր այդ գաղափարներին հավատարիմ չեն (սեւերի): Արդյո՞ք հեղափոխությունն այդ դեպքում «կրոն» չի դառնում:

Երբ մարդը չէր ցանկանում երկրպագել Լենին-Ստալինին եւ չէր ցանկանում «սոցիալիզմ կառուցել» ու դրա համար ուղարկվում էր «Գուլագ», արդյո՞ք դա չէր նշանակում, որ կոմունիզմը «կրոն» է:

Երբ մարդը կասկածվում էր «ձախ» հայացքների մեջ եւ նրան այդ հիմքով ազատում էին աշխատանքից, արդյոք հակակոմունիզմը «կրոն» չէր:

Եթե մարդը «հատուկ ռազմական օպերացիան» անվանում է պատերազմ եւ ագրեսիա, որի համար ազատազրկվում է 10 տարով, դա չի՞ նշանակում, որ «СВО»-ն «կրոն» է:

Խնդիրը, կրկնեմ, պատիժների դաժանության մեջ չէ, դրանց աստիճանը համեմատելի չէ. խոսքը «կրոնական» մոտեցման մասին է:

Հիմա Հայաստանում ոստիկանները թավալում են մարդկանց գետնով ու ջարդում նրանց գլուխները: Բայց Փաշինյանի երկրպագուներն այստեղ եւ արտասահմանում ասում են. «Քանի որ այս իշխանությունը ժողովրդավար է եւ առաջադեմ, իսկ բողոքողները կղերական են, հետամնաց եւ «թեոկրատ», ուրեմն մարդկանց գլուխները կարելի ջարդել»: Ստացվում է, որ ժողովրդավարությունը եւ առաջադիմությունը նույնպես «կրոն» են:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Հ. Գ. Այս ֆոտոշոփն արվել է 2018 թվականի հեղափոխության ժամանակ: Նկարը ցույց է տալիս, որ հեղափոխությունը նույնպես կարող է կրոն լինել

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ says:

    Երբեք չի կարելի ջարդել ինչ որ մեկի գլուխը,որն արտահայտում է մտքեր առանց որևէ գիտական հիմքի`
    աշխարհը տափակ է,Գորբաչովը արեց երկրաշարժ Լենինականում, Նապոլեոնի տատիկը հայ էր, Աստված 6 օրում ստեղծեց մեր երկիրը,Մուհամեդը ձիով թռավ լուսին,բայց երբ այդ ոչ գիտական թեզերը սկսում են պարտադրել քեզ,դա արդեն չեղավ։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031