Լյարդի հիվանդությունների զարգացման պատճառները շատ տարբեր են՝ սկսած վարակներից մինչև գենետիկ հիվանդություններ։ Լյարդի ախտահարումը կարող է հանգեցնել այս կենսական օրգանի գործառույթների այնպիսի խանգարումների, որոնք կարող են անգամ մարդու համար վատագույն ելքի պատճառ դառնալ, ուստի կարևոր է լյարդի հիվանդությունների մասին հուշող ախտանշանների նկատմամբ ուշադիր լինելն ու բժշկին ժամանակին դիմելը՝ լյարդի հետ կապված խնդիրները հնարավորինս վաղ հայտնաբերելու համար։
Այս հոդվածում մենք դիտարկում ենք լյարդի տարբեր հիվանդություններին բնորոշ ախտանշանները, բուժման հնարավորությունները։
Լյարդի հիվանդությունները կարող են լինել սուր կամ քրոնիկական։ Սուր հիվանդությունն առաջանում է, երբ ինչ-որ մի բան հանկարծակի ախտահարում է լյարդը։ Հիվանդությունը քրոնիկ է համարվում այն դեպքում, երբ ախտահարում է լյարդը 6 և ավելի ամիսներ շարունակ։
Ընդհանուր ախտանշաններ
Լյարդի սուր հիվանդության մասին հուշող ընդհանուր ախտանշաններն են՝
Կարդացեք նաև
- Բարձր ջերմություն,
- հոգնածություն կամ թուլություն,
- մաշկի և աչքերի դեղնություն,
- մեզի մուգ գույն,
- գունատ կղանք,
- սրտխառնոց ու փսխում,
- ցավ աջ կողոսկրի տակ։
Որոշ դեպքերում այս ախտանշանները հայտնվում են հանկարծակի, սակայն երբեմն լյարդի սուր հիվանդությունները կարող են և չառաջացնել որևէ ախտանշան։
Քրոնիկ հիվանդություն ունեցող մարդկանց մոտ այդ ախտանշանները կարող են բացակայել մի քանի տարի շարունակ՝ մինչ հիվանդության խորացումը։
Հեպատիտի ախտանշանները
Հեպատիտ է կոչվում լյարդի հյուսվածքների բորբոքումը։ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ վիրուսային հեպատիտի առավել տարածված տեսակներն են A, B և C հեպատիտները։
Հեպատիտ կարող է զարգանալ նաև դեղորայքի, թունավոր նյութերի ազդեցության և ալկոհոլի չարաշահման հետևանքով։
Սուր հիվանդության ախտանշանները կարող են հայտնվել վարակվելուց հետո 2 շաբաթից 6 ամսվա ընթացքում։ Քրոնիկ հեպատիտի ախտանշանները կարող են չդրսևորվել տասնամյակներով։
Հեպատիտի ընդհանուր ախտանշաններ են համարվում՝
- հոգնածությունը,
- ախորժակի կորուստը,
- կղանքի բաց գույնը,
- բարձր ջերմությունը,
- սրտխառնոցը,
- փսխումը,
- դեղնությունը,
- որովայնի ցավերը,
- մեզի մուգ գույնը,
- հոդացավերը։
Ինչպես նշվեց, այս ախտանշանները կարող են երկար տարիներ չդրսևորվել անգամ այն մարդկանց մոտ, որոնք երկար տարիներ հեպատիտ ունեն։
Լյարդի ճարպային հիվանդության ախտանշանները
Այս հիվանդությունը բնորոշվում է լյարդային բջիջներում ավելցուկային ճարպի կուտակմամբ։ Ճարպը ժամանակի ընթացքում կարող է վնասել լյարդը՝ խաթարելով վերջինիս գործառույթը։
Ճարպոտ լյարդը ևս երկար ժամանակ ախտանշաններ չի առաջացնում, իսկ երբ դրանք հայտնվում են, ապա հիվանդությունն արդեն բավականին խորացած է լինում։ Բնորոշ ախտանշաններ են համարվում՝
- թուլությունը,
- երկարատև քորը,
- ուժեղ հոգնածությունը,
- դեղնությունը,
- քաշի անվերահսկելի կորուստը,
- մաշկի վրա արտահայտված արյունատար անոթները, որոնց տեսքը սարդոստայն է հիշեցնում։
Լյարդի գենետիկ հիվանդությունների ախտանշանները
Լյարդի մի շարք գենետիկ հիվանդություններ կան, որոնցից շատերն այնքան էլ հայտնի չեն։ Լյարդի ամերիկյան ֆոնդի տվյալներով՝ լյարդի գենետիկ հիվանդություններից ավելի տարածված են Ալֆա-1-հակատրիպսինի դեֆիցիտն ու Ալագիլի համախտանիշը։
Այս վիճակների ախտանշանները տարբեր են լինում, ընդհանուր են համարվում՝
- հոգնածությունը,
- որովայնի փքվածությունը,
- վատ ախորժակը,
- դեղնությունը,
- ոտքերի այտուցները,
- գունատ, ջրիկ կղանքը,
- քորը,
- կյանքի առաջին տարիներին աճի վատ տեմպը։
Աուտոիմունային խնդիրների ախտանշանները
Լյարդի աուտոիմունային հիվանդությունների մի քանի տեսակներ կան, որոնցից ավելի տարածված է աուտոիմուն հեպատիտը։
Բնորոշ ախտանշաններ են՝
- սրտխառնոցը,
- հոգնածությունը,
- փորլուծությունը,
- ախորժակի կորուստը,
- դեղնությունը։
Հիվանդությունը խորանալով կարող է ավելի լուրջ ախտանշաններ առաջացնել, ինչպիսիք են ոտքերի այտուցը, որովայնում հեղուկի առկայությունը, գլխուղեղի գործառույթի կորուստը։
Լյարդի քաղցկեղի ախտանշանները
Այս ախտանշանները բնորոշ են նաև լյարդի այլ հիվանդություններին՝
- ախորժակի կորուստ,
- քաշի չպլանավորված կորուստ,
- լյարդի մեծացում,
- փայծաղի մեծացում,
- փոքր քանակով սնունդ ընդունելուց հետո հագեցածության զգացում,
- սրտխառնոց,
- փսխում,
- որովայնի ցավ,
- քոր,
- որովայնում ավելորդ հեղուկ,
- դեղնություն։
Լյարդի ցիռոզի ախտանշանները
Ցիռոզն առաջանում է, երբ լյարդի հյուսվածքն այն աստիճանով է վնասվում, որ վերածվում է սպիականի։ Այս հիվանդության պատճառը հաճախ այնպիսի հիվանդություններն են, ինչպիսիք են հեպատիտը, լյարդի ալկոհոլային հիվանդությունը։ Վաղ փուլում կարող են առաջանալ այս ախտանշանները՝
- որովայնի վերին աջ հատվածում ցավ կամ անհարմարություն,
- ախորժակի կորուստ,
- հոգնածություն և թուլություն,
- սրտխառնոց, փսխում,
- քաշի չպլանավորված կորուստ։
Ժամանակի ընթացքում ախտանշանները կարող են սրվել՝ առաջացնելով՝
- դեղնություն,
- արյունահոսության ու կապտուկների՝ հեշտությամբ առաջացում,
- ճանաչողական խանգարումներ,
- մաշկի ուժեղ քոր,
- սրունքների, կոճերի ու ոտնաթաթերի այտուց,
- որովայնի փքվածություն,
- մեզի մուգ գույն։
Լյարդի անբավարարության ախտանշանները
Լյարդի անբավարարություն է զարգանում, երբ դանդաղում կամ վերանում է լյարդի նորմալ գործառույթի իրականացումը։ Սա կյանքի համար վտանգավոր վիճակ է և բժշկական անհապաղ օգնություն է պահանջում։
Վաղ և ընդհանուր ախտանշաններ են համարվում՝
- հոգնածությունը,
- սրտխառնոցը,
- ախորժակի կորուստը,
- փորլուծությունը
Հիվանդությունը զարգանալով նաև դրսևորվում է ՝
- շփոթությամբ կամ կողմնորոշվելու հետ կապված դժվարություններով,
- ծայրահեղ քնկոտությամբ,
- կոմայով։
Ռիսկի գործոններ
Լյարդի հիվանդությունների զարգացման հիմնական ռիսկի գործոններ են համարվում՝
- ալկոհոլի չարաշահումը,
- դիաբետը,
- ճարպակալումը,
- անամնեզում B, C հեպատիտների առկայությունը,
- խոլեսթերինի բարձր մակարդակը,
- շրջակա միջավայրի վնասակար նյութերի ազդեցությունը և այլն։
Լյարդի հիվանդությունների բուժումը կախված է մի շարք գործոններից, այդ թվում՝ հիվանդության տեսակից, մարդու տարիքից, այլ հիվանդությունների առկայությունից։
Որոշ դեպքերում իրականացվում է դեղորայքային բուժում, լյարդի քաղցկեղի բուժման ժամանակ կարող են կիրառվել քաղցկեղի բուժման տարբեր մեթոդներ, իսկ լյարդի անբավարարության որոշ դեպքերում հնարավեր է լինում պահպանել լյարդի մի մասի, իսկ երբ դա հնարավոր չէ, բուժման տարբերակ է մնում լյարդի փոխպատվաստումը։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Աղբյուր՝ Medical News Today