Այսօր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ Դիվանագետների խորհրդի հրապարակած փաստաթղթին, ասել էր. «Ձեր նշած փորձառու դիվանագետները հավանաբար այն դասալիքներն էին, որ լքեցին իրենց խրամատները, իրենց բաժին հասած պաշտոնները, այն օրերին, երբ ՀՀ ինքնիշխան տարածքի վրա տեղի էր ունենում կամ ունեցել ռազմական ագրեսիա։ Որեւէ կաթիլ լրջություն այս փաստի հիշատակումից հետո, այդ մարդկանց նկատմամբ եւ իրենց դիրքորոշումների նկատմամբ, չեմ կարող ունենալ»:
ԱԳ նախկին փոխնախարար Արտակ Ապիտոնյանը լրագրողների հետ զրույցում արձագանքեց Միրզոյանին. «Հարցը բովանդակային դաշտից փորձում են տեղափոխել անձնական վիրավորանքների դաշտ, մենք այդ սադրանքին չենք տրվելու: Եթե խնդիրներ ունեն բովանդակային պատասխանելու, խնդրեմ, կարող են պատասխանել»:
Ապիտոնյանն ասաց, որ իրենք՝ դիվանագետները մասնակցում են հանրահավաքին՝ մտահոգվելով, որովհետեւ երկիրը սխալ ճանապարհով է գնում,որոնք կարող են անդառնալի հետեւանքներ թողնել»: Նա ասաց, որ սահմանազատման, սահմանագծման հարցով վատ են բանակցում. «Սա վատ դիվանագիտություն է, եթե ընդհանրապես կարող են համարել դիվանագիտություն: Առանց միջնորդների էլ կարող են բանակցել, ուղղակի իմանան ինչ են բանակցում եւ ոնց»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև
Հ. Գ. ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Ավետ Ադոնցը պարզունակ և գավառական է համարել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մեղադրանքները «Տավուշը հանուն հայրենիքի» բողոքի շարժման մասնակից նախկին բարձրաստիճան դիվանագետների վերաբերյալ։
«Ինձ մոտ լուրջ հարցեր են առաջանում` ինչպես կարող է նման պրիմիտիվ մտածելակերպով մարդն աշխատանքային հարաբերություններ հաստատել օտարերկրյա գործընկերների հետ։ Ես չեմ էլ խոսում բանակցելու նրա ունակության մասին։ Դա պրիմիտիվիզմի վերին աստիճանի դրսևորում է»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ադոնցը։
Խոսելով այդ որոշման մասին` Ադոնցը պնդում է, որ 2021 թվականին երկիրը շատ ծանր ժամանակաշրջան էր ապրում` պատերազմում պարտություն էր գրանցվել, հետպատերազմյան շրջանն էլ շատ բարդ էր։ Նա վստահեցրեց` պահը պահանջում էր բոլոր ռեսուրսների համախմբում` անվտանգության համակարգը, անվտանգությունն ապահովող կառույցները վերականգնելու համար։ ԱԳ նախկին փոխնախարարը շեշտեց, որ իրենք այդ ժամանակ կառավարությանն ու նրա ղեկավարին են ներկայացրել անվտանգության համակարգի վերականգնման, ինչպես նաև սահմանազատման վերաբերյալ իրենց հայեցակարգային մոտեցումները, սակայն դրանք չեն ընդունվել։
«Մենք ազնիվ գտնվեցինք։ Անհամաձայն լինելով քաղաքական ղեկավարության հետ` մենք հեռացանք։ Կարող էինք մնալ ու աշխատել` իշխանությանը մեջքի հետևում հայհոյելով։ Բայց ոչ։ Մենք հրաժարականի դիմումներ ներկայացրինք։ Ավելին` պետք է ասեմ, որ այն ժամանակ, այնուամենայնիվ, Արցախ ունեինք, այսօր այն չկա։ Ավելին` Արցախը հայաթափված է»,– հավելեց Ադոնցը։
Նրա խոսքով` Միրզոյանը 2021 թվականին տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ չի եղել ԱԳՆ-ում (նա այն ժամանակ դեռ զբաղեցնում էր խորհրդարանի խոսնակի պաշտոնը – խմբ.), չգիտի, թե ինչ բանակցություններ են ընթացել, ինչ է քննարկվել։ Ադոնցի խոսքով` չտիրապետելով ներքին դիվանագիտական խոհանոցի մասին տեղեկատվությանը` Միրզոյանն օգտագործում է այնպիսի բառեր, որոնք կրում են ցածր քաղաքական մշակույթ և հարիր չեն նման կարգի պաշտոնյային։