Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան

Մայիս 13,2024 19:07

Yerkir.am-ի խմբագիր, պատմաբան Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«- Գիտությունների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս մեծարգո Աշոտ Սաղյա՛ն, Դուք ծնվել եք ԱՐՑԱԽԻ Չափար գյուղում,

– ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ մեծարգո Յուրի Սուվարյա՛ն, Դուք ծնվել եք ԱՐՑԱԽԻ Սղնախ գյուղում,

– ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ մեծարգո Լենսեր Աղալովյա՛ն, Դուք ծնվել եք ԱՐՑԱԽԻ Քոլատակ գյուղում,

– ԳԱԱ ակադեմիկոս մեծարգո Էդուարդ Խաչիյա՛ն, Դուք ծնվել եք ԱՐՑԱԽԻ Առաքյալ գյուղում,

– ԳԱԱ ակադեմիկոս մեծարգո Ալբերտ Ղուլյա՛ն, Դուք ծնվել եք ԱՐՑԱԽԻ Ղարաչինար գյուղում,

– ԳԱԱ ակադեմիկոս մեծարգո Ռադիկ Մարտիրոսյա՛ն, Դուք ծնվել եք ԱՐՑԱԽԻ Մատաղիս գյուղում,

– ԳԱԱ ակադեմիկոս մեծարգո Սերգեյ Մովսեսյա՛ն, Դուք ծնվել եք ԱՐՑԱԽԻ Մեծ Շեն գյուղում,

– ԳԱԱ ակադեմիկոս – քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ մեծարգո Արթուր Իշխանյա՛ն, Դուք ծնվել եք ԱՐՑԱԽԻ  Շոշ գյուղում,

– ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ Արսեն Հախումյա՛ն, Դուք ծնվել եք ԱՐՑԱԽԻ Ստեփանակերտ քաղաքում:

Հարգարժա՛ն գիտնականներ,

2022 թ. հոկտեմբերի 12-ին, երբ դեռ ապրում էր Արցախի վերջին կտորը, և հայրենի շեներում գոյության պայքար էր մղում 120,000 արցախահայությունը, ես ահազանգել էի, որ  Գերագույն դավաճանը թշնամուն է վաճառում, հանձնում, փոխանակում, սակարկում, զիջում (անվանեք՝ ինչպես կուզեք) ձեր սրբության սրբոց  Հայրենի Արցախը՝ ձեր ծննդավայրը, ձեր մանկության հուզաշխարը, ձեր հայրերի ու պապերի գերեզմանները, ձեր հպարտությունը, ոսկե հիշողությունը, պատմությունը, էությունը…

Ասել էի՝ , որ սա քաղաքական, կուսակցական, ընդդիմություն – իշխանություն առճակատման խնդիր չէ. հայրենիք ու պետություն, պատիվ ու դիմագիծ ունենալ-չունենալու ընտրանքի առջև ենք ազգովի:

Հույս էի հայտնել, որ ձեր բարձր ղեկավարությամբ գործող այդ հեղինակավոր կաճառը՝ ՀՀ ԳԱԱ-ն, այդ ճակատագրական օրերին ազդարարելու է Արցախի, դրանով իսկ՝ ՀՀ-ի փրկության  իր տեսլականի, ծրագրի ու գործողությունների մասին:

Ցավոք, մեր վատագույն սպասելիքները իրականություն դարձան. այսօր չկա՛ ձեր ու բոլորիս պաշտելի Արցախը:

Հարգարժա՛ն գիտնականներ,

Հայաստանում սկիզբ առած Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն այսօր թակում էր ձեր ղեկավարած կաճառի՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության դուռը: Նա եկել էր ձեր դուռն ու թակում էր այն ո՛չ միայն հանուն Տավուշի, այլև ձեր ծննդավայր-հայրենիքի՝ հանուն մեր Արցախի ու բովանդակ հայրենիքի, հանուն նաև ձե՛ր պատվի ու արժանապատվության:

Դուք չբացեցիք այն. կա՛մ լքեցիք շենքը, կա՛մ չեկաք շենք:

Ի դեմս Սրբազանի, դուք փակեցիք դուռը Արցախ ու Տավուշ, պետականություն ու երկիր, հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև:

Դուք ընտրեցիք այդ ուղին, իրավունքը ձերն է, դատողը՝ պատմությունն ու սերունդները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել