ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Հայելի» ակումբում խոսելով Տավուշում իրականացվող սահմանազատման եւ սահմանագծման մասին, զարմանք հայտնեց 4-րդ դարում հիմնված եւ տարածաշրջանում Մուսա Լեռան դեր կատարած Կիրանցի գյուղապետի հայտարարության վերաբերյալ, իբր մենք 2,5 հեկտար շահել ենք։
Նա անուններով հիշեց նաեւ իշխանական ու իշխանամերձ լրատվամիջոցների եւ որոշ քարոզիչների, որոնք ոչ միայն ողջունում են Հայաստանից տարածքներ հանձնելը թշնամուն, այլ հանրությանը նաեւ փորձում են համոզել, որ դեռ էլի պետք է տալ. «Բոլոր այս մարդիկ հանցագործներ են եւ պետք է քրեական պատասխանատվություն կրեն»:
Տավուշում Ադրբեջանը ուզում է չորս գյուղ եւ երկու անկլավ։ Եթե այդ անկլավները տանք, Կիրանց գյուղը ընդհանրապես չի լինի, որովհետեւ այդ անկլավները գտնվում են Կիրանցի հետեւում»,-ասաց պարոն Բագրատյանը եւ տեղեկացրեց, որ ադրբեջանցիների ծավալապաշտության մեջ կարեւոր դեր է խաղում այն, որ նրանք նոր տարածքներ գալով՝ անմիջապես ադրբեջանական անուններ են տալիս դրանց։
«Գոյություն ունի 1988 թվականի հունվարի 12-ի ստորագրած պաշտոնական արձանագրություն Վլադիմիր Մովսիսյանի եւ Ադրբեջանի այն ժամանակվա նախագահի ստորագրությամբ։ Բոլոր այս պրոտոկոլները տրամադրվել են եւ Նիկոլ Փաշինյանին եւ Մհեր Գրիգորյանին։ Փաշինյանի ռեակցիան եղել է այն, որ նայել եւ ասել է, թե վերեւում գրված է «գաղտնի»։ Այսինքն` բացատրել է, թե դրանից չենք կարող օգտվել, որովհետեւ դա գաղտնի է։ Գուցե, նկատի է ունեցել, որ եթե դա հրապարակ հանենք, Ադրբեջանը կասի՝ ինչու ենք գաղտնի թղթերը հրապարակում»։
Կարդացեք նաև
Հրանտ Բագրատյանի մյուս փաստարկն էր. «Ադրբեջանը նույնիսկ քարտեզ չունի, որ ներկայացնի մեզ։ Մի պահ Փաշինյանն ասաց, որ դա ռուսական քարտեզ է, բայց մինչեւ այս պահն էլ այդ քարտեզը չի հրապարակվել ու ոչ ոք չգիտի, թե դա ինչ քարտեզ է։
Այս վիճակում, երբ խորհրդային հայ-ադրբեջանական սահմանը, ի տարբերություն հայ-վրացական սահմանի, ամբողջությամբ սահմանազատված էր եւ այդ փաստաթուղթը մեր տրամադրության տակ կա, մենք այդ փաստաթուղթը տաշում ենք։ Իսկ դրանով Հայաստանի Հանրապետության տարածքը պետք է լինի շուրջ 31 հազար 900 քկմ՝ մի ամբողջ Արցախ։
Սա է մեր իշխանության արածը։
Վլադիմիր Մովսիսյանի ջանքերով հետ էր բերվել 140 քկմ եւ ունեինք ստանալիք եւս 170 քկմ։ Իսկ հիմա Ադրբեջանը ստանում է շուրջ 5000 հեկտար, որը մոտավորապես հավասար է Երեւան քաղաքի 30 տոկոս տարածքին»,-ասաց նախկին վարչապետը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ