Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի փոխնախագահ Լուբոշ Բլահայի հրավերով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Բրատիսլավայում: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հասմիկ Հակոբյանն ու Թագուհի Ղազարյանը:
Մայիսի 13-ին պատվիրակությունը հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի փոխնախագահ Լուբոշ Բլահային: ԱԺ փոխխոսնակը երախտագիտություն է հայտնել հրավերի եւ հյուրընկալության համար, ընդգծել երկու ժողովուրդների միջեւ բարեկամական կապերը, իրար կապող մշակութային եւ հոգեւոր արժեքները:
Կարեւորվել է պետությունների շահագրգռվածությունը՝ ընդլայնելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում: Հատկապես կարեւորվել է խորհրդարանականների դերը երկխոսության զարգացման հարցում:
Հանդիպմանը ներկայացվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը եւ տարածաշրջանային զարգացումները, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա իրականացվող սահմանազատման եւ սահմանագծման մասին ձեռք բերված պայմանավորվածությունները:
Կարդացեք նաև
Կողմերը քննարկել են խաղաղության խաչմերուկ նախագիծը որպես տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման կարեւոր բաղադրիչ:
«Մեր տարածաշրջանին անհրաժեշտ է երկարաժամկետ խաղաղություն: Խաղաղության օրակարգը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի. մենք որդեգրել ենք խաղաղության եւ ժողովրդավարության ուղին, հաստատակամ ենք մեր ընտրության մեջ եւ ակնկալում ենք միջազգային գործընկերների աջակցությունը:
Միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության սկզբունքների հարգումը կարեւոր հիմք են տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման համար»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:
Խոսելով տարածաշրջանում երկարատեւ խաղաղության մասին` Հակոբ Արշակյանը նշել է, որ ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանային խաղաղության կարեւորագույն բաղադրիչներից է:
Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահի տեղակալը եւս կարեւորել է երկու երկրների բարեկամական հարաբերությունները:
Խոսելով մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին` Լուբոշ Բլահան նշել է, որ Սլովակիան հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Նա կարեւորել է Սլովակիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացումը` նշելով, որ հավելյալ ջանքեր կգործադրվեն առկա հարաբերությունների էլ ավելի զարգացման համար:
ԱԺ