«Դավիթ Գյուրջինյանը բուհի ռեկտո՞ր է, թե՞ ահաբեկիչ, ուսանողներին ահաբեկելու համար պատասխան է տալու»,- այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա ասաց, որ տեղեկություններ ունի, որ Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը ռեկտորատի նիստ է անցկացրել ու հայտարարել՝ այն ուսանողները, ովքեր մայիսի 10-ին Գառնիկ Դանիելյանի հետ ներս են մտել համալսարան՝ կարգապահական նկատողություն են ստանալու, ապա հեռացվելու են համալսարանից։
«Եթե այդ լուրը հաստատվի, ուրեմն ես շարժվելու եմ․․․ ինքն անձամբ պատասխանատվության է ենթարկվելու, ինքը բուհի ռեկտո՞ր է, թե՞ ահաբեկիչ, ուսանողներին ահաբեկելու համար պատասխան է տալու հենց ուսանողների առաջ»,-հայտարարեց Դանիելյանը։
Նա դիմեց ռեկտորին, ասելով՝ դուք ճակատագրական սխալ եք գործում, ամբողջ պատասխանատվությունը ձեր վրա է․ «Ուսանողների ճակատագրի հետ եք խաղում, ուրեմն այդ ուսանողներն են ու ամբողջ ազգն է ձեր ճակատագրի հետ խաղալու։ Ի՞նչ է նշանակում բուհից հեռացնել։ Հլա փորձիր, մի ուսանող մազը եթե ծռվեց, պատասխանը կստանաս շատ արագ, աշխարհով մեկ խայտառակ կլինես, բոլոր դիվանագիտական կորպուսը, միջազգային կառույցները կգան ձեր հետեւից եւ ձեր տեղը ցույց կտան»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, մայիսի 10-ին «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժումը բողոքի ցույցերի ժամանակ փորձում էր մուտք գործել Բրյուսովի անվան համալսարան, շարժմանը դիմավորել էին բազմաթիվ ուսանողներ, սակայն համալսարանի դռները փակել էին, որպեսզի ուսանողները չկարողանան դուրս գալ եւ միանալ ցույցին
Շարժումն այսօր վաղ առավոտից անհնազանդության ցույցեր է անում, ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել ցույցի մասնակիցների եւ լրագրողների նկատմամբ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ