Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս գերդոզավորումը դուրս է գալիս, մարդիկ կազատվեն ստի մեղքի տակ ապրելուց»․ Բագրատ սրբազանին ջերմ ընդունեցին պատմության ինստիտուտում

Մայիս 13,2024 15:23

Գիտությունների ազգային ակադեմիայի գլխավոր մուտքի դռներն այսօր փակեցին Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առջեւ։ Նա այսօր այցեր է կատարում տարբեր կառույցներ եւ միություններ։

ԳԱԱ անվտանգության աշխատակիցն ասաց, որ սա հատուկ պահպանվող տարածք է, եւ եթե ղեկավարությունը թույլտվություն տա, ներս կթողնեն։

Բագրատ սրբազանն ասաց, որ դրա կարիքը չկա, չփորձեց թույլտվություն ստանալ։ Սրբազանը գնաց Պատմության ինստիտուտ, որտեղ նրան ծափողջյուններով դիմավորեցին։

«Դուք պատմության ինստիտուտն եք, թե՞ իրականության»,-իրեն դիմավորողներին այսպես դիմեց Բագրատ սրբազանը։

«Ես պատմությանը նայում եմ ապագայից, ինձ, մեզ տեսնում եմ քսան, երեսուն տարի հետոյի աչքով՝ ի՞նչ են գրելու մեր մասին։ Մենք ի՞նչ ենք գրում հարյուր տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մասին, ինչպե՞ս ենք տեսնում, ուսումնասիրում, անդրադառնում։ Այս օրերը մեր անպատվության, մեզանից գողացված ուրախության օրերն են, դժբախտաբար մենք ենք ապրում այս օրերը, միգուցե բարեբախտաբար, մեր պատասխանատվությունն է»,-պատմության ինստիտուտում հանդիպման ժամանակ ասաց Բագրատ սրբազանը։

Նա ասաց, որ ահռելի քանակի սուտ, թշնամություն կա երկրում․ «Ինչ լավ է, որ այս գերդոզավորումը դուրս է գալիս, առաջինն իմ հաշվին, բայց լավ է, որ դուրս է գալիս, գոնե մարդիկ կազատվեն այդ ստի մեղքի տակ ապրելուց։ Ամեն ինչի մեջ սուտ է, մշակույթ դարձել։ Այս շարժումը դրա մասին է։ Մեր երկիրը պետք է դառնա ճշմարտության երկիր, մենք շատ մեղքեր ունենք, դրա համար էլ այս օրին ենք»։

Հետո սրբազանը հանդիպեց ԳԱԱ փոխտնօրենի ե աշխատակիցների հետ, այս հանդիպումը թույլ չտվեցին լուսաբանել։ Բագրատ սրբազանը հանդիպումից դուրս գալուց հետո լրագրողների հարցին՝ ինչո՞ւ չէին ուզում նկարահանել հանդիպումը, ինչ փոխանցեցին ձեզ, պատասխանեց․ «Եթե պետք լիներ իմանայիք՝ կթողնեին մուտք գործեիք»։

ԳԱԱ գլխավոր շենքի մոտ դիմեց իր հետեւորդներին ու շարժմանը միացած քաղաքացիներին․ «Ժողովուրդ, ասում են՝ ձեզ փող ենք տվել, որ եկել եք։ Ճի՞շտ են ասում»։

«Ո՛չ, ո՛չ։ Մեզ եկեղեցին է կանչել»,-բացականչեցին քաղաքացիները։

«Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժումն այսօր վաղ առավոտից անհնազանդության ցույցեր է անում։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն այցելել է գրողների միություն, նկարիչների միություն, նա կոչ է անում բոլորին միանալ շարժմանը։

Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել ցույցի մասնակիցների եւ ցույցը լուսաբանող լրագրողների նկատմամբ, կային բազմաթիվ բերման ենթարկվածներ։

 

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031