«Օգնություն եւ իրավունք» ՀԿ-ի նախագահ, փաստաբան Սերգեյ Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ Հաղարծինի վանահայր Հայր Սամվել վարդապետ Մխիթարյանը, որը մեկն էր Էրեբունու բաժին անհիմն բերման ենթարկված 17 անձանցից, արդեն ազատ է արձակվել:
«Շատերին են անհիմն, ապօրինի կերպով բերման ենթարկել, մարդիկ ուղղակի մայթին կանգնած են եղել, եւ վանահորն էին բերել, եւ անչափահաս երեխայի, բազմաթիվ են այդպիսի դեպքերը»,-ասաց Սերգեյ Հարությունյանը:
Կարդացեք նաև
«Գիտեք, որ մենք 5 իրավապաշտպաններով իրականացնում ենք իրավապաշտպան գործունեություն, տարբեր տեղեր տարված ավելի քան 100 մարդկանց վերաբերյալ տեղեկատվություն ունենք: Մեծամասնության դեպքում մայթին կանգնած մարդկանց բերման են ենթարկել: Տղաներից մեկը ինձ պատմեց, որ բռնություն են գործադրել մի տղայի նկատմամբ, որի կոշիկը դուրս էր եկել այդ պահին, անցորդներից մեկը մոտեցել է, կոշիկը տվել է ոստիկանին, ասել է՝ էս տղայի կոշիկն է, որ մտցրիք մեքենա: Պտտվել է, որ գնա, այդ մարդուն, որ իր երեխային էր բերել դպրոց, դիմացի մայթից վերցրել, տարել են: Ոչ ադեկվատ պահվածք եւ չափազանց բիրտ վերաբերմունք է քաղաքացիների նկատմամբ:
Բարեբախտաբար ոստիկանության բաժիններում նորմալ վերաբերմունք է, ողջամիտ մարդիկ են այդտեղ, համենայն դեպս ես որտեղ եղել եմ, տեսել եմ նորմալ պահվածք, բայց ինչ վերաբերվում է կարմիր եւ սեւ բերետավորներին, անմարդկային, դաժան, բիրտ արարքներ են կատարում՝ մարդկանց բերման ենթարկելիս»,-ասաց «Օգնություն եւ իրավունք» ՀԿ-ի նախագահը:
Սերգեյ Հարությունյանին խնդրեցինք պարզել, թե ինչ վիճակում է «Ազատէնի» հիմնադիրներից Իշխան Գևորգյանը, որին նույնպես բերման էին ենթարկել: Մեր զրուցակիցը ճշտելուց հետո տեղեկացրեց, որ նա եւս ազատ է արձակվել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ