«Ամբողջ պետության կառուցվածքի կարգավիճակը դրվել է մի քանի գյուղացու պատասխանատվության տակ, ասելով, որ մնացածները գործ չունեն, սա Կիրանցի, Ոսկեպարի, Բաղանիսի խնդիրն է։ Բայց, ըստ էության, սա ամբողջ պետության վերաձեւման խնդիրն է, եւ դա չի վերջանում այսքանով, շարունակվելու է մինչեւ Սյունիք, Վարդենիս, Վայոց ձոր եւ մենք գիտենք մեր թշնամու ախորժակն ու գիտենք՝ իշխանությունը ինչպես է դրան վերաբերում»,-այսօր գրողների միությունում հայտարարեց Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժումն այսօր վաղ առավոտից անհնազանդության ցույցեր է անում։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը մինչ գրողների միություն այցելելը, նկարիչների միություն էր այցելել, նա կոչ է անում բոլորին միանալ շարժմանը։
Գրողների միությունում սրբազանը հայտարարեց․«Այսօր քրիստոնյա Եվրոպան ամբողջությամբ հետեւում է այս շարժմանը, պատգամավորներ, հասարակական, կրոնական գործիչներ տեսնելով, թե ինչ արժեքներ ենք քարոզում, մարդիկ, որոնք ապրում են այն ցավով, որ իրենք արժեքներ են կորցնում իրենց երկրում, այնտեղ էլ հույսի զգացում է առաջանում, որ առաջին քրիստոնյա պետություն եղած Հայաստան աշխարհը նորից միգուցե ստանձնի այդ արժեքների փոխանցումը վերստին՝ անկում ապրած այն միջավայրում, որը քրիստոնյա Եվրոպան է»։
Նա ասաց, որ սա մասնավոր անձանց անձնական կարծիքներն են․ «Քաղաքական գործիչներ, կրոնական, հասարակական գործիչներ են, հարյուրավոր չեն, երեք, չորս, հինգ հոգի, բայց կարծիք է, մտածում են։ Մեր քարոզը մեր երկրում ատելության, թշնամության վերացման մասին է, ինքնամաքրվելու մասին է»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ