Լրահոս
Օրվա լրահոսը

«Կասեցնել օկուպացված Արցախի բնակեցումը թուրքերով, ապահովել արցախցիների վերադարձը»․ պահանջ՝ ԵԱՀԿ գործող նախագահին

Մայիս 13,2024 12:24

Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ այսօր բողոքի ցույց են արել արցախցիները, նաեւ իրավապաշտպաններ ու հանրային գործիչներ՝ իրենց ձայնն ուղղելով Հայաստան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջեին։

Ցույցի մասնակիցները պարզել են «Պահանջում ենք արցախցիների վերադարձ հայրենիք» գրությամբ պաստառներ։ Նրանք պահանջում են Արցախից բռնի տեղահանված փախստականների վերադարձի ապահովում։

«ԵԱՀԿ-ն նայում, տեսնում է՝ հայությունը մղում, ցանկություն ունի՞ վերապրելու։ Եթե այո, ապա ինչո՞ւ է նրա քաղաքական վերնախավն ամբողջ 30 տարիներ դավադիր քաղաքականություն վարել։ Այսինքն՝ ԵԱՀԿ-ին հարց տալուց առաջ հարցը պետք է նախ տանք մեր քաղաքական վերնախավին, քանի որ քաղաքական վերնախավն է դիվանագիտական դաշտում խոսակցություն վարելու ԵԱՀԿ-ի հետ։ Այո, սա մի փոքրիկ ակցիա է՝ մեր ձայնը հասցնելու ԵԱՀԿ-ին, բայց սա առաջին հերթին ակցիա է՝ ընդդեմ մեր քաղաքական վերնախավի։ Չորս գլխանի հրեշը նստած մեր երկրի մեջ, երկիրն ավերում է, պետք է կասեցնել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը։

Նա հավելեց․ «Իլհամը բնակեցնում է Շուշին, եւ որեւէ ընդվզում նույնիսկ Հայաստանի ընդդիմադիր դաշտից չկա։ Տպավորություն է, որ Հայաստանի քաղաքական վերնախավը վաղուց կոնսենսուսի մեջ է Իլհամի հետ, որ օկուպացված Արցախում պետք է թուրքեր ապրեն։ Եվ որեւէ խոսք անգամ չկա Արցախից հայ փախստականների վերադարձի մասին»։

Նա նշեց, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում կար մի կետ, որը գոնե մի փոքր պետք է կանխեր ցեղասպանությունը հայության դեմ, դա փախստականների վերադարձն էր։ «Բայց եկեք ու տեսեք, որ այդ կետը հանգիստ իրացնում է Իլհամը, իսկ հայկական կողմը լուռ է, ոչինչ չի տեսնում։ Մենք ստիպված դիմում ենք դրսի ուժերին՝ ԵԱՀԿ գործող նախագահին՝ այն ակնկալիքով, որ իրենք տիրություն կանեն միջազգային իրավունքին, միջազգային նորմերին, գոնե ձեւական եւ կոչ կանեն կասեցնել օկուպացված Արցախի բնակեցումը թուրքերով, քանի դեռ չկա այդ հարցի շուրջ փոխադարձ պայմանավորվածություն, որով առաջին հերթին պետք է այնտեղից բռնի տեղահանված հայ մարդը վերադառնա»։

Ցույցի մասնակիցները նաեւ նամակ փոխանցեցին ԵԱՀԿ գործող նախագային։ Ըստ Մարիամ Ավագյանի՝ այդ նամակում փախստականների վերադարձի իրավունքի իրացման հարցն է առանցքային։

«Քանի որ ես ցանկացած գործողության մեջ տեսնում եմ ցեղասպանություն, ապա մենք պետք է կանխենք այդ ցեղասպանությունը։ Իսկ դա կանխելու հայտնի մեկ մեթոդ կա՝ անջատում հանուն փրկության։ Եթե մեր քաղաքական վերնախավը բանակցային ողջ գործընթացում տարել է մի բան, որ Արցախը պետք է այսպես կոչված ինքնավար կարգավիճակ ունենա միգուցե Ադրբեջանի տարածքային ամբողջականության այդ կեղծ թեզի շրջանակներում, ապա անջատում հանուն փրկությանը ենթադրում է, որ Արցախը եւ նրա հայությունը պետք է ապրեն Ադրբեջանի ցանկացած տիպի վերահսկողությունից դուրս։ Պետք է ապրեն միջազգային ուժերի ուղիղ պաշտպանությամբ ու աջակցությամբ, որովհետև թուրքի հետ անհնար է»,- նշեց Ավագյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031