«Ամբողջ Հայաստանը սարքել են ոստիկանական պետություն, բանակում մարդ չկա ծառայող, ոստիկանն ամենավերջին մակնիշի մեքենան քշում է, ամենաբարձր աշխատավարձը ստանում է, պրեմիան էլ ստանում է, որ սեփական ժողովրդին խոշտանգի։ Վաղը-մյուս օրը մանաթով են աշխատավարձ ստանալու»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր վաղ առավոտվանից Երեւանում սկսել են խաղաղ անհնազանդության միջոցառումներ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած քաղաքացիները Երեւանում եւ մարզերում փողոցներ են փակում։
Կարդացեք նաև
Ոստիկանները թույլ չեն տալիս ճանապարհները փակել, Երեւանի կենտրոնի փողոցներից կարմիր բերետավորները բերման ենթարկեցին փողոցը փակած քաղաքացիներին։
Քիչ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին նաեւ Աբովյան փողոցը փակած անձանց։ Ոստիկանները փորձում էին բերման ենթարկել 44-օրյա պատերազմի հերոս Արայիկ Բաղդասարյանի մորը` Գոհար Դավթյանին։ «Հերոսի մայր է, թողեք»,- ոստիկաններին զսպեց ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Գառնիկ Դանիելյանը հայտարարեց․ «Սրանց ապօրինություններին թիվ ու սահման չկա, ես չգիտեմ՝ սրանք քանի հոդվածով են դատվելու։ Արժանապատվությունի, թասիբից ու նամուսից զրկված են։ Թող բերման ենթարկեն, ոչինչ, մի քանի ժամ կպահեն, մենք էլ կգնանք իրենց կտեսնենք, ոչ մեկի մազը չի ծռվելու։ Իշխանությունները ջղաձգումների մեջ են, պարալիչ են ընկել, ինչքան բերետավորներ կան, դուրս են բերել փողոց, բայց մենք նահանջելու տեղ չունենք, մեր պայքարը մեր տների, մեր եկեղեցիների ու գերեզմանների վրա է, որը հանձնում են Ադրբեջանին»։
Այս պահի դրությամբ բերման է ենթարկվել 88 անձ, բոլորը վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով՝ օրինական պահանջ չկատարելը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ