Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ամրակուռ շղթաները սահմանին են պետք

Մայիս 13,2024 12:00

Ամեն անգամ, երբ Ծիծեռնակաբերդի հարակից անտառոտ հատված ես բարձրանում զբոսնելու, քայլելու, մտորելու, առաջինը, ինչը կարող է զայրույթ առաջացնել՝ Կիեւյան կամրջի տարածքին մոտ գտնվող ճեմուղու սկզբնամասի շղթայակապն է։ Նման արգելապատնեշը ստեղծվել է զուտ մեկ նպատակով, որպեսզի տարածքի վերգետնյա հատվածում կայանող ավտոմեքենաները վճարեն կայանելու համար, այն էլ հետաքրքիր թվաբանական հաշվարկներով, որոնք կախված են կայանատեղի հորինողի քմահաճույքից…

Ծիծեռնակաբերդ տանող ճեմուղին շղթայած դրամամոլների մտքով հազիվ թե անցներ մտածել՝ ինչպե՞ս պիտի հաշմանդամի սայլակը կարողանա հաղթահարել նման բիրտ «սահմանազատումը», ինչպես ասենք շտապօգնության մեքենան մոտենա վերեւում ինքնազգացողությունը վատացած որեւէ քաղաքացու…

Հոգեբանական տհաճ ու ճնշող զգացումն ու տեսարանի զզվելիությունը մեկ այլ խնդիր են, երբ հասկանում ես «էս ծառն իմն է, էս սարն իմն է» մտայնությամբ օդից փող կրակող ավտոկայանատիրոջ հեռատես չտեսության դրդապատճառներից մեկը եւս: Ճեմուղին, որից օգտվում են բազմաթիվ մարդիկ, հետիոտն, հաշմանդամ, հեծանվորդ, մանկասայլակով զբոսանքի դուրս եկած մարդիկ, բավականին վտանգավոր է դառնում հատկապես գիշերային ժամերին, երբ կապած կարկատած շղթան տեսանելի չէ։

Մի՞թե տարածքը, չգիտես ինչու, սահմանազատող այդ հանգամանքին չի կարող այլընտրանքային, ժամանակակից միջոց փոխարինել, ավելի բարեկիրթ մոտեցում կիրառել քաղաքացու հանդեպ, ավելի աչքին հաճո, ավելի ցիվիլ ու անվտանգ, քան այդ շղթան, որը զնդանի ու բռնության խորհրդանիշ ասես լինի համազգային ցավի խորան տանող ճանապարհասկզբին։ Չի կարելի նման վերաբերմունք ունենալ հատկապես եւ մասնավորապես մի հուշարձանամերձ տարածքի նկատմամբ, որտեղ քո ազգի ճակատագրի ու պատմության ամենաարյունալի հիշողությունն է անթեղված, ապրիլքսանչորսյան երթի ընթացքում անհնար էր չնկատել ողջ ճանապարհի աջ եւ ձախ կողմերում ծառերի, բուսականության անխնամ վիճակը, լվիճի մեջ կորած, չորացած ճյուղերով իրար խճճված մի զանգված, որի առաջին շարքերն էին միայն կոսմետիկ տեսքի փորձել բերվել եւ վերջ: Սա վերաբերմունք է երկրի, հայրենիքի նկատմամբ, սա անգործություն է եւ ամենաթողություն, սա հայեցի չէ, պարոնայք:

Սա մանրուք չէ, որը չնկատելու տաս, սա տեսնում է նաեւ քո երկիր այցելած օտարը ու կազմում իր կարծիքն ու վերաբերմունքը թանկարժեք կոստյումների մեջ շուլալված ու մի քանի անգլերեն բառով, սխալ առոգանությամբ թիթիզացող չինովնիկի ով ու ինչ լինելու մասին, որից հաստատապես տուժում է մի ողջ ազգ… Բարեկարգման իր ձայնեղ աշխատանքներում մի՞թե Երեւանի քաղաքապետարանի հանրային տարածքների բարեկարգման ամենատես աչքը վրիպել ու սայթաքել է այս աստիճանի, որ ունենք այն, ինչ ունենք՝ տարին մեկ օր արձակվող շղթան, ապրիլի 24-ին: Եվ սա ամենը չէ, գլոբալ խնդիրներ կան քաղաքային տնտեսության մեջ, որոնք աշխատանքային հարայհրոցների մեջ կորում գնում են, որպես չլուծվող, բայց առկա խնդիրներ ու պետքություններ, որոնք բոլոր քաղաքակիրթ երկրներում վաղուց լուծված են։

Օդից փող կրակող կայանատեղիի ֆունկցիաների ու վաստակած դրամների պարտականությունների մեջ ասենք ինչո՞ւ չի մտնում տարածքում մեկ-երկու հասարակական զուգարանի տեղադրումը։ Երկրի քաղաքացու ամենատարրական իրավունքները չհարգող քաղաքականությունը սկսվում է նման թվացյալ մանրուքներից, որոնք ամենեւին էլ մանրուք չեն, այլ հերթական ամենաթողության շղթայական օղակ։

Միջոցառումների վայր հանդիսացող Մարզահամերգային hամալիրի ու Ծիծեռնակաբերդի այդ հարակից տարածքն ունի նման սանհանգույցային անհրաժեշտություն, որից դարձյալ իրենց գումարն ու շահույթը կհետապնդեն օդից փող կրակողները, նմանների համար մեկ է, թե ինչից փող կսարքեն, գոնե հասարկությունը մի փոքր ավելի հարգված դուրս կգա իրավիճակից, որի ինքնազսպումը մի օր հաստատ կսպառվի ու մարդիկ պարզապես էլ չեն սպասի, որ ասեն ու չանեք…

Արմինե ՄԵԼԻՔ-ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

արվեստաբան

«Առավոտ» օրաթերթ
11.05.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031