Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես ինձ քաղաքերգակ նկարիչ եմ համարում». Լեւոն Լաճիկյան

Մայիս 13,2024 12:30

Թեքեյան մշակութային կենտրոնում ապրիլի 26-ից բացվել էր արվեստաբան-գծանկարիչ, ԵՊՀ դոցենտ, Հայաստանի լրագրողների եւ նկարիչների միության անդամ Լեւոն Լաճիկյանի «Գյումրի եւ ավելի» գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը:

Այն 18-րդն էր, ներկայացված էին Գյումրիի 7 տասնյակ գծանկարները, հայկական եկեղեցիները, աշխարհի գեղեցկագույն քաղաքները:

Լեւոնն ասում է, որ մինչ այս երեւանյանը, չորս ցուցահանդես է ունեցել Երեւանում՝ «Նարեկացի» արվեստի կենտրոնում, «Ուրբաթ» մամուլի կենտրոնում, Հայ-ֆրանսիական կենտրոնում, Եվրասիա կենտրոնում՝ Պոլսին նվիրված…

«Կան ուրբանիստ գրողներ, նկարիչներ: Իմ մեջ քաղաքային նկարիչն է նստած, անուղղակիորեն Էրզրում, Կարս, Գյումրի մշակույթն եմ կրում: Բախտս բերել է, որ ծնվել եմ Գյումրիում, այդ սերն է ստիպել ինձ նկարել: Ինքս ապրելով Գյումրիում, չեմ էլ նկատել, որ քաղաքս այդքան գեղեցիկ է: Երբ հեռացա, եկա բնակվելու Երեւանում, եղա աշխարհի տարբեր երկրներում, ու Գյումրի վերադարձա, այդ ժամանակ կողքի հայացքով նայեցի. չնաշխարհիկ քաղաք է Գյումրին…»,-ասում է զրուցակիցս:

Ես շրջում եւ զրուցում եմ Լեւոնի հետ, նա ասում է, որ Երեւանի պետական համալսարանի բանասիրականում սովորելիս, սիրել է նկարել, ճարտարապետության պատմությունն էր հետաքրքիր, իսկ հետո, երբ «ապրելու խնդիր» կար, սկսեց նկարել ու ցույց չտալ որեւէ մեկին. «Երբ «Խաչվող ճանապարհներ» գիրքն էի պատրաստում, Վարպետին՝ Հակոբ Հակոբյանին ցույց տվեցի, նա ասաց. «Լեւոն, դու կնկարես: Գրելդ գիտեմ, բայց գծիդ կուլտուրան շատ լավն է, խորհուրդ կտամ՝ շարունակես»:

Լեւոնը շարունակում է՝ «Այդ գիրքը Փարիզին, Մոսկվային, Պրահային, Վենետիկին էր նվիրված, հետո սկսեցի բացառապես նկարել Գյումրի»:

Գյումրիի նկարները նայելիս զգում ես նկարչի ուղերձը Երեւանին. պատմականը որքան գեղեցիկ է, որքան ճիշտ է, որ Հայաստանի այս անկյունում պահպանվել են շենքերը, պատմամշակութային կոթողները, մեր իմացած Գյումրիի փլված շենքերը մտովի «վերականգնել» է Լեւոնը, կատարելով յուրահատուկ աշխատանք:

Ցուցասրահում օրերս լույս տեսած «Պոլիսը՝ հին եւ նոր» պատկերագիրքն է, որը եզակի է հարյուր եւ ավելի պատկերանկարներով: Այն հրատարակվել է Պոլսո պատրիարքարանի նախաձեռնությամբ եւ մի տեղ նախանձով պատկերացնում ես Գյումրիի ապագա պատկերագիրքը ճիշտ նույն եռալեզու մատուցմամբ:

Լեւոնի նկարներին հաճախ ուզում ես հպվել, համոզվելու համար, որ այն լուսանկար չէ:

Նրա նկարների համար հարիր է օգտագործել «վայելչապատկերներ» բառը, որն այդժամ մտքումս էր: Ահավասիկ, Ս. Փրկիչ ազգային հիվանդանոցը, այն Պոլսո հայկական հաստատությունների ցանկում երկրորդն է համարվում Հայոց պատրիարքարանից հետո, առաջին անգամ ցուցադրված Ոսկեպարի Սբ. Ատվածածին եկեղեցու (VII դար) գծանկարը, «Վենետիկի Հառաչանքի կամուրջը»…

Այն, եւ ոչ միայն այն, տեսնել ցանկացողները դեռ ունեին հնարավորություն մինչեւ մայիսի 8-ն այցելելու Երեւան, Խանջյան-50 հասցեում գտնվող մշակութային կենտրոն, ցուցադրման ժամկետները երկարացվել էին:

Լեւոնը ցույց տալով Գյումրու պատմական շենքերը, միաժամանակ ցույց է տալիս նաեւ գյումրեցիների տները, որոնք իրենց նրբագեղությամբ նույնպես տեղ են գտել իրական պատկերների շարքում:

Այնտեղ կարող ենք տեսնել Հայաստանի եւ եվրոպական այլ քաղաքների նշանավոր հուշարձանների գծանկարներ՝ նույնպիսի վարպետ ներկայացմամբ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.05.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031