«Առավոտի» զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանը։
– Պարոն Պապյան, դուք միացաք Բագրատ Սրբազանի ղեկավարած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Հանրապետության հրապարակում մարդաշատ հանրահավաքներ են անցկացվում, ի՞նչ են ցույց տալիս այս զարգացումները, փոփոխություն անելու հնարավորություն կա՞։
– Մարդաշատ քայլերթն ու հանրահավաքը ցույց են տալիս, ժողովրդի մեջ զգալի խավ, մի մեծ թիվ դժգոհ է Նիկոլի քաղաքականությունից, փոփոխությունների կարիք ու պահանջ ունի։ Հրապարակում հավաքված թիվը հաստատ քիչ չէ, քան Նիկոլի ժամանակ հավաքվածների թիվը։ Ոմանք հիմա ասում են, որ տարբեր ռեսուրսներ են օգտագործվել այդ մարդկանց բերելու համար, բայց եկեք հասկանանք, որ մարդիկ ուզել են գալ, անկախ այդ ռեսուրսների կիրառումից։ Երկրորդ, իսկ Նիկոլի ժամանակ ռեսուրսներ չէին օգտագործվո՞ւմ, ռուսական ռեսուրսները չէին օգտագործվո՞ւմ՝ Նիկոլին իշխանության բերելու համար։
Ի՞նչ ունենք այսօր։ Այսօր ունենք հստակ ուղերձ Նիկոլին եւ աշխարհին, որ ժողովրդի մի զգալի մաս չի կիսում նրա քաղաքականությունը։ Երկրորդ, մենք ունենք իրավիճակ, որ ակնհայտ է, որ փոփոխություններն անհրաժեշտ են։ Եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ, նա չի գնալու դեպի Արեւմուտք, ոչինչ չի անելու։ Նրա մայիսի 8-ի այցը եւ հանդիպումը Պուտինի հետ, ցույց տվեց, որ ամբողջովին «պառկած է Պուտինի տակ» եւ իր այս երկակի խաղով վնասում է Հայաստանին։ Բացատրեմ՝ ինչո՞ւ։ Շատերն ասում են՝ կարող է նախկինները գան։ Ես ասում եմ՝ չի լինելու նման բան, նախկինները նախկին տեսքով երբեք չեն կարող վերականգնվել։ Այո, կարող են ուժեր լինել, որոնք կլինեն ավելի պրոռուսական, բայց հարց է առաջանում՝ ավելի պրոռուսականը ո՞րն է, Նիկոլի այդ ո՞ր քայլը պրոռուսական չէ։ Այս ամբողջը նորից ուզում են տանել նախկին-ներկա այդ թակարդի մեջ, ժողովրդին էլ ներշնչեն, որպեսզի այս հենքի վրա Նիկոլը շարունակի մնալ։ Եթե հաջորդ իշխանությունը լինի ավելի պրոռուսական, առանց այս քայլերի, Հայաստանում պրոարեւմտյան տրամադրություններն ու ուժերը շատ ավելի մեծ շանս են ստանալու, որովհետեւ այդ պարագային Արեւմուտքը հստակ քաղաքականություն է տանելու Հայաստանի ընդդիմության հետ, որպեսզի Հայաստանին տանի Արեւմուտք։ Իսկ այսպես ի՞նչ է տեղի ունենում՝ Նիկոլը հույսով է անում Արեւմուտքին, նրանք, իշխանության հետ համագործակցելով, իրենց կողմից որեւէ լուրջ նախաձեռնություն չեն ցուցաբերում։ Արդյունքում՝ մենք տեսնում ենք, որ 6 տարի է, Նիկոլը մի բան է խոստանում եւ հակառակն է անում։ Եթե նախկիններն այդքան վատն են, բա ինչո՞ւ Նիկոլը որեւէ մեկին չի նստացրել, թող նստացներ, ինքն այդ խոստումների ալիքի վրա է եկել իշխանության, ոչ թե այն քաղաքականության, որն իրականացնում է։
Կարդացեք նաև
– Շատ է հնչում հարց, թե այս շարժման հիմքում ի՞նչ ծրագիր կա։
– Ծրագիրն իշխանափոխությունն է։ Իշխանափոխությունը որեւէ երկրում հնարավոր է երեք տարբերակով՝ զինված ապստամբություն, ժողովրդական խաղաղ բազմամարդ ընդվզում եւ հրաժարականի պարտադրանք, երրորդը՝ ընտրություններ։ Ընտրությունները շատ հեռու են՝ 2026 թվականին, այդ երկու տարվա ընթացքում Նիկոլն այս երկրից ոչ մի բան չի թողնի կամ այն վիճակի կհասցնի, որ ամեն ինչ տասնապատիկ ավելի դժվար կլինի։ Զինված ապստամբությունն առայժմ ընդունելի տարբերակ չէ, որովհետեւ կա այդ խաղաղ ընդվզման ճանապարհը։ Այսինքն՝ նույն այն ճանապարհը, որով Նիկոլն է եկել։ Երբ Նիկոլն ու իր կողմնակիցներն անում էին այդ քայլերը, դա լրիվ ընդունելի էր, հիմա դատապարտում են փողոց փակելն ու նույն քայլերը, որոնք իրենք են արել։
Կարող է տեղի ունենալ հետեւյալը՝ խաղաղ ընդվզման ճանապարհով այս ամբողջը շարունակվում է, եւ ժողովուրդը Նիկոլին հարկադրում է հրաժարական տալ։ Ստեղծվում է անցումային զուտ տեխնիկական կառավարություն այն առումով, որ նրանց խնդիրն է կարճ ժամանակում, իմ կարծիքով, ոչ ավելի, քան 120 օրվա ընթացքում, պատրաստել նոր արտահերթ ընտրություններ՝ իսկապես արդար։ Եթե Նիկոլը մնա եւ անգամ արտահերթ ընտրություններ անցկացնի, մեզ մոտ իշխանությունը միշտ հաղթել է, չի եղել մի դեպք, երբ իշխանությունն ընտրություններում պարտվել է։ Այսինքն՝ դա պետք է անի չեզոք անցումային կառավարությունը՝ պայմանով, որ այդ մարդիկ, որոնք ներգրավված կլինեն այդ ժամանակավոր անցումային կառավարության մեջ, իրենք ու իրենց քաղաքական ուժը չպետք է մասնակցեն հետագա ընտրություններին։ Սա է ճանապարհը, հակառակ դեպքում՝ Նիկոլը Արեւմուտք-Ռուսաստան խաղերը շարունակելու է, ոչ այս կողմից ենք օգուտ ստանալու, ոչ այն, ինքն էլ մարմանդ հանձնելով՝ առաջ է գնալու։ Հաջորդն արդեն գիտենք՝ «անկլավների» հարցն է։
– Իշխանությունները Եկեղեցու դեմ Արշավ են իրականացնում, ասում են՝ Եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականությանը։ Սա ինչպե՞ս եք գնահատում։
– Նախ ես ուզում եմ ասել, որ Եկեղեցին միշտ է խառնված եղել քաղաքականությանը, այդպես եղել է դեռ Գրիգոր Լուսավորչի ժամանակներից։ Երբեմն այդ խառնվելը լավ է եղել, երբեմն՝ վատ։ Եվ չխառնվել չի կարող։ Ո՞նց կարող է անտարբեր լինել նման ազգային հաստատությունը, որը միակ հայկական կառույցն է, որը չընդմիջվող գոյություն է պահպանել 1700 եւ ավելի տարիների ընթացքում։ Երկրորդ, այդ մարդիկ ՀՀ քաղաքացի են, նաեւ իրենք ունեն իրենց սահմանադրական իրավունքները։ Եվ երրորդ՝ Բագրատ սրբազանը քաղաքական գործիչ դառնալու հավակնություն չունի, ինքն ազգային գործիչ է։ Ես իր դերը տեսնում եմ նրանով, որ ինքն իր կարգավիճակով օգնում է։ Ժողովուրդը մեր հետեւից չի գալիս, որովհետեւ մեր նկատմամբ ուրիշ պատկերացում ունի, բայց արքեպիսկոպոս, սրբազան բառերն ու այդ համազգեստը գրավիչ են, գնում են իրենց հետեւից։ Այսինքն՝ իր խնդիրը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է, ժամանակավոր անցումային մի փուլի ստեղծումը եւ արդար ընտրություններ կազմակերպելը։ Իսկ հետո ժողովուրդն իր արդար ընտրություններով կձեւավորի իշխանություն։
Այդ ինչո՞ւ Նիկոլին կարելի էր 2018 թվականին այդ նույն ժողովրդի ճնշման տակ իշխանափոխություն իրականացնել, հետո ընտրություններով ձեւակերպել, իսկ հիմա չի կարելի՞։ Այ, եթե Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն 2017 թվականի ընտրություններով գային իշխանության, այդ ժամանակ կարող էինք ասել՝ ընտրյալ իշխանություն։
– Հիմա ՔՊ-ականներն ասում են՝ «Երբ 2018-ին հեղափոխություն էր իրականացվում, ՀՀ քաղաքացին իշխանություն ընտրելու խնդիր ուներ, հիմա այդպես չէ»։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։
– Այդ իրենք են այդպես մտածում, այն մարդիկ, որոնք փողոցում են, այդպես չեն մտածում։ Ընդհակառակը, ես կարծում եմ, որ հենց հիմա հրատապ իշխանափոխության կարիք կա, որովհետեւ այս իշխանությունը խաբեբաներ են, ինչ խոստացել են, հակառակն են արել՝ կոռուպցիայի դեմ չեն պայքարել, Արցախի ու տարածքային մյուս կորուստների մասին դեռ չեմ խոսում։ 2021 թվականին իրենք եկել են իշխանության՝ խոստանալով վերադարձնել Շուշին եւ Հադրութը։ Հետեւաբար, այսօր արտահերթ ընտրությունները, առանց քաղաքական իշխանությունը ՔՊ-ի ձեռքին պահելու, միակ ելքն են՝ այս ճգնաժամից երկիրը դուրս բերելու համար։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.05.2024
Լսեք Արա Պապյան։
Հարցազրույցների հրավիրեք Բևեռին։
Բեեռի գաղափարները լսեն ժողովուրդը, որը միակ փրկությունն է Հայաստանի։
Առաջին հանրապետության իրավահաջորդ։ Ւջազգայնորեն ճանաչված զահ բաներով, Վյուդրո Վիլսոնի իրավարար վճռով։ Ճշմարտության մասին հայ ազգը պիտի տեղեկանա որ ունենք իրական կադաստր