Լրահոս
Օրվա լրահոսը

Բանաստեղծություն-ուղերձով ողջունում և միանում եմ «Տավուշն Հանուն Հայրենիքի» շարժման պայքարի բազմահազարանոց անպարտելի բանակին. Անահիտ Քնարյան

Մայիս 13,2024 09:56

Եթե 1988-ին մեկն ինձ ասեր, որ «Ղարաբաղյան շարժումը» երեսունհինգ տարի հետո դառնալու է Արցախի գերեզմանափոսը, ես նրան կասեի՝ դու ենիչերի ես, դու դավաճան ես, դու մոլագար ես։

Բայց դա եղավ։

Եթե մեկն ինձ ասեր, որ հակահայերը իշխանության են բերելու իրենց հպատակին, ով բաց ձեռքերը վեր պարզած գերևարվելու է ուղղորդելու հայ հավատավոր ժողովրդին՝ Արցախի հետ միասին Եռաբլուրում թաղելով սերմացու մի ողջ սերնդի՝ ես բառեր չէի գտնի ասելու…

Բայց դա եղավ։

Եվ դա շարունակվում է։

Իրեն Հայաստանի ընտրյալ ղեկավար համարողը Հայաստանի պատկերով բարալիկ մի թիթեղիկ՝ մատների արանքում կամ գրպանը գցած, տրորելով սգավոր մարդկանց հոգիներն ու արժանապատվությունը, շրջում է վայրից վայր համոզելով նրանց (ահաբեկելով նաև Ալիևի բռունցքով ու նոր հարձակումով), որ հանձնեն թշնամուն իրենց տունը, բնակավայրերը, Հայաստանի նորանոր տարածքներ։

Ահաբեկում է պետության ու ժողովրդի «անվտանգության երաշխավորը», միաժամանակ քարոզելով, որ պատմական Հայաստանը Հայրենիք չէ, որ իրական Հայաստանը պատմական չէ, որ Հայոց Ցեղասպանություն չի, Եղեռն է (Եղեռն ասվում էր Խորհրդային Միության օրոք), որ՝ թիվն էլ դեռ պետք է արխիվներով ճշտել, այդքան հայեր եղել են, թե ոչ… որ գերբից պետք է հանել Արարատը, Սահմանադրությունը պետք է փոխել… և մտախեղումները թվում է ափ ու ավարտ չունեն, իսկ Հայ ժողովուրդը վերածվել է թաղման թափորի։

Եվ արյուն, ավերից աչք չբացող խեղճ ու կրակ մարդկանց քաոսի, մղձավանջի մեջ պահող հակահայը շարունակում է ամենօրյա բազմաշերտ ու բազմաբնույթ, մեկից մյուսին անցնող հոգեբանական գրոհը՝ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՈՒ ԷԹՆԻԿ. ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՄԱՆԸ միտված քարոզչությամբ ու գործողություներով, երկիրը թուլացնող պետական ինստիտուտների, բանակի, կրթական համակարգի, տնտեսության կազմաքանդմամբ, ազգայինի, ավանդականի արժեզրկմամբ՝ իր բոլոր ազգակործան հետևանքներով։

Եթե ժամանակի խորխորատներում անթիվ, անհամար կողոպտիչներ կորչել, փոշիացել են անհետ, անանուն, ապա՝ Հայրենիքի դավաճաններն ու Հայրենիքը օտարին կամ թշնամուն հանձնողները նզովքով ու անեծքով հիշվել, անարգվել են դարեդար… Եվ հիշվելու, և անարգվելու են դարեդար։

Հազարամյակների խորքից եկել, և հիմա, մեր տոհմական կաղնու՝ անդունդին կախված կենտ ճյուղին փաթաթված՝ պարտավոր ենք կրկին բազուկ բազկի ամբողջանալ՝ անհետացումից փրկելու մեր Հայրենիքը, Ինքնությունը, Մշակույթը, Պատմությունն ու Պատմական Հիշողությունը։

Հայոց թագավորության անկումից հետո, չունենալով պետականություն, ունեինք Հայրենիք՝ Արևմտյան Հայաստան, որը շուրջ վեց դար պահպանվեց Հայոց Եկեղեցու առաջնորդությամբ։

…Այսօր նույնպես ապավինելով Հայոց Եկեղեցու ուժին ու զորությանը, հայ ժողովուրդը համայն աշխարհում ոտքի ելած միավորվում է զորակցելու Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ «Տավուշն հանուն Հայրենիքի» համահայկական շարժմանը՝ անսասան վստահությամբ, հավատով՝ Հայաստանի Անկախության, Պետականության զորացման ու անպարտ ապագայի հանդեպ։

…Այն օրից, երբ ասպատակիչը յաթաղանով մտավ Հայկական Լեռնաշխարհ՝ ՀԱՅԸ դարձավ Մահապարտ։ Արցախյան պանծալի Ազատամարտին գրված «ՄԱՀԱՊԱՐՏԻ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆԸ» բանաստեղծություն-ուղերձով ողջունում և միանում եմ «Տավուշն Հանուն Հայրենիքի» շարժման պայքարի բազմահազարանոց անպարտելի բանակին։

Շնորհակալություն Հայոց Եկեղեցուն և Բագրատ Սրբազանին մասնավորապես, ով իր լուսավոր կերպարով կարողացավ հայրենիքի կորստի սարսափից մահացու հուսահատվածներիս կենդանություն պարգևել։

Մի ձեռքում գրիչ,

Մեկում՝ թուր-կեծակ,-

Այսպես է կռվել

Հայը

Շարունակ։-

 

Մի ձեռքում գրիչ,

Մյուս ձեռքում խաչ,-

Այսպես է սիրել

Հայը

Շարունակ։-

 

Մի ձեռքում գրիչ,

Մեկում ցորեն-հասկ,-

Այսպես է երկնել

Հայը

Շարունակ։-

 

Մի ձեռքում գրիչ,

Մեկում՝ աղ ու հաց,-

Այսպես է ապրել

Հայը

Շարունակ։

 

 

 

 Անահիտ ՔՆԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031