Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանները մարդկանց խոշտանգում են, երեւի պրեմիաներ են ստացել»․ փողոցներ փակող քաղաքացիները բերման են ենթարկվում

Մայիս 13,2024 09:23

Վաղ առավոտից Երեւանում սկսել են խաղաղ անհնազանդության միջոցառումներ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած քաղաքացիները Երեւանում եւ մարզերում փողոցներ են փակում։

Ոստիկանությունը թույլ չի տալիս ճանապարհները փակել, Երեւանի կենտրոնի փողոցներից կարմիր բերետավորները բերման ենթարկեցին փողոցը փակած քաղաքացիներին։ Մասնավորապես, բերման ենթարկվեցին Ագրարային համալսարանին հարակից փողոցը փակած քաղաքացիները։

Լրագրողներն ահազանգեցին, որ ոստիկանները խոչընդոտել են նաեւ իրենց աշխատանքը։ Օպերատորներից մեկին ոստիկանները հրել եւ գցել են, ինչի հետեւանքով վնասվել է տեխնիկան։ Կարմիր բերետավորներից մեկը լրագրողներին հորդորեց չսադրել։ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարեց, որ ոստիկաններն իրավունք չունեն լրագրողներին «սադրիչ» համարել, նա ոստիկաններին հորդորեց պարկեշտ պահել իրենց եւ որակումներ չտալ լրատվամիջոցների աշխատանքին։

Գառնիկ Դանիելյանը հայտարարեց․ «Ոստիկանները դա դիտավորյալ են անում, մարդկանց այնպես են խոշտանգում, ոնց որ աշխարհի վերջն է։ Խոշտանգիչ են էս մարդիկ։ Սա մեր երկրի, մեր հայրենիքի համար խաղաղ անհնազանդության ակցիա է։ 2018 թվին ի՞նչ էին անում, ո՞ւժ էին կիրառում իրենց վրա, իհարկե, ոչ։ Հիմա մարդիկ հանձնարարություն են ստացել, փողոցով քայլող մարդկանց, լրագրողներին վախեցնելու ակցիաներ են անում, չի կարելի, երեւի պրեմիաներ բան են խոստացել, գումարի համար պետք չէ իրենց կոտորեն, որ տեսախցիկների առաջ իրենց շեֆը տեսնի, թե ինչպես են իրենք վառվում։ Ոչ ողջամիտ ժամանակ են տալիս մարդկանց, ճանապարհ են փակել, ոստիկանությունը պարտավոր է ողջամիտ ժամանակ տա, մի քիչ բարեկրթություն դրսեւորի, խոսելու ձեւ ունենա։ Արցախը հանձնեցին, հիմա էլ հերթը հասել է Հայաստանին, հիմա Հայաստանն էլ հանձնեն, դառնան Ադրբեջանի ոստիկանությո՞ւն, դրա ժամանակն է գալիս։ Դուք տեսաք՝ Կիրանցում ոնց վերաբերվեցին մարդկանց, սահմանն ու իր հողն ու ջուրը պահող մարդկանց ինչպես խոշտանգեցին, երեխաներին, ծերերին, կանանց, վերջը դուք կարմիր գծեր չունե՞ք»։

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Ոստիկաններից ակնկալիք չպետք է ունենալ, նրանք Վահե Ղազարյանին են ենթարկվում, Վահե Ղազարյանն էլ Նիկոլ Փաշինյանի մանկության ընկերն է, դասընկերն է, չգիտեմ՝ կուրսի, թե սեղանի ընկեր է, Նիկոլին ենթակա է։ Շատ հաճախ ոստիկանները նեղանում են, երեկ ասում են՝ բա գիտեք, մեզ հայհոյել են։ Ասում եմ՝ ձեզ բոլորիդ այլեւս պետք է հայհոյել, որովհետեւ մեկ օր առաջ Էջմիածնում 7 հոգի բերման են ենթարկել՝ զենք-զինամթերք կրելու կեղծ մեղադրանքով, կասկածանքով։ Իշխանական լրատվամիջոցները տարածում են, բայց տարել են ոստիկանություն, ասել են՝ մինչեւ Նիկոլն Էջմիածին չգնա, ձեզ պահելու ենք, սա է ոստիկանությունը»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031