Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է խորհուրդ տրվում խուսափել «ուլտրավերամշակված» մթերքներից

Մայիս 13,2024 09:30

Առողջ սննդակարգի մասին պատմող նյութերում մենք հաճախ ենք խոսում վերամշակված մթերքներից խուսափելու անհրաժեշտության մասին, և կարող է տպավորություն ստեղծվել, որ վերամշակված բոլոր մթերքներն օգտակար չեն, ինչն ամենևին էլ այդպես չէ։

Ըստ էության, վերամշակված է համարվում ցանկացած մթերք, որը փոփոխության է ենթարկվել իր նախնական վիճակի համեմատ, և կան վերամշակման տարբեր աստիճաններ ու մեթոդներ՝ որոնք էլ ազդում են մթերքների սննդային արժեքի և որակի վրա։

Միավորված ազգերի կազմակերպության կողմից մշակվել է սննդամթերքների դասակարգման NOVA համակարգը, որով սննդամթերքները 4 խմբի են բաժանվում։

Առաջին խմբում չվերամշակված կամ նվազագույն վերամշակման ենթարկված մթերքներն են, որոնք լվացվել են, սառեցվել, մաքրվել, ֆերմենտացվել կամ վակուումային փաթեթավորման ենթարկվել՝ դրանց անվտանգությունն ու թարմությունն ապահովելու և ավելի հասանելի դարձնելու համար։

Երկրորդ խմբում խոհարարական բաղադրամասերն են, օրինակ՝ յուղերը, կարագը, շաքարը, աղը, որոնք օգտագործվում են կերակուր կամ ըմպելիքներ պատրաստելիս։

Երրորդ խմբում վերամշակված սննդամթերքներն են՝ ձկան պահածոները, մուրաբաները, պանիրը, թարմ հացը և այլն, որոնք պատրաստելիս ավելացվել են երկրորդ խմբի մթերքները։ Վերամշակված սննդամթերքները մեծամասամբ մի քանի բաղադրամասերից են կազմված և ունեն պահպանման ավելի երկար ժամկետ։

Չորրորդ խմբում այն սննդամթերքներն ու ըմպելիքներն են, որոնք ենթարկվում են «ուլտրավերամշակման» և համարվում են արտադրական գործընթացների արդյունք։ Ինչպես և այլ խմբերի մթերքները, սրանք ևս պարունակում են ճարպեր, աղ ու շաքար, սակայն դրանց հետ մեկտեղ նաև այլ բաղադրամասեր՝ կազեին, լակտոզ, գլյուտեն, շիճուկներ, հիդրոգենիզացված յուղեր, սպիտակուցի մեկուսիչ, մալթոդեքստրին, եգիպտացորենի օշարակ և այլն։

«Ուլտրավերամշակված» մթերքները պարունակում են նաև պահածոյացնող նյութեր, ներկանյութեր, համային հավելումներ, հոտավորիչներ, քաղցրացուցիչներ և այլ բաղադրամասեր, որոնք փոխում են սննդի կազմությունն ու արտաքին տեսքը։

Հենց այս խմբի մթերքների մշտական օգտագործումն էլ ավելի վտանգավոր է առողջության համար, քանի որ դրանք հիմնականում թաքցնում են վերոհիշյալ հավելումները, աղը, շաքարն ու ճարպերը, և մարդն անգամ կարող է չկասկածել, թե այդ սննդատեսակները ճաշակելիս իրականում որքան աղ, շաքար կամ առհասարակ՝ կալորիաներ ընդունեց։ Օրինակ՝ մեկ փոքրիկ թխվածքաբլիթը կարող է 50 կկալ պարունակել, ինչը համարժեք է մեկ բաժակ կանաչ ոլոռի կալորիականությանը։

Մի հետազոտություն ցույց է տվել, որ «ուլտրավերամշակված» սննդամթերքի չարաշահումը մեծացնում է քաղցկեղի զարգացման վտանգը։ Այս մթերքների օգտագործումը կապվում է նաև սիրտ-անոթային հիվանդությունների, դիաբետի, ճարպակալման և այլ խնդիրների զարացման հետ։

«Ուլտրավերամշակված» սննդամթերքները, ենթարկվելով խորը մշակման, նաև զրկվում են հիմնական սննդանյութերից։ Ինչպես նաև դրանք ավելի արագ են մարսվում, և օրգանիզմն ավելի քիչ կալորիաներ է ծախսում դրանք յուրացնելու համար, ինչը ևս մեծացնում է ավելորդ քաշի առաջացման վտանգը։

Ահա թե ինչու է խորհուրդ տրվում մի լավ մտածել երշիկեղենի, «ֆասթ ֆուդի» ու շատ երկար ժամկետով թարմություն խոստացող խմորեղենի հերթական չափաբաժինը ճաշակելուց առաջ, իհարկե՝ չմոռանալով, որ երբեմն կարելի է և բացառություններ անել․ չէ՞ որ ամեն ինչ, անգամ միմիայն առողջ սննդատեսակներով սնվելու ցանկությունը չափավորություն է սիրում։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ WebMD

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031