Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել «Սյունիքի ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքի շնորհանդեսը

Մայիս 12,2024 23:07

2001 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն հարցում է անցկացրել պետությունների և ոչ կառավարական կազմակերպությունների շրջանում՝ ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին որոշում մշակելու նպատակով։ Իսկ 2003 թ․ ընդունվել է ոչ նյութական մշակութային ժառանգության (ՈՆՄԺ) պաշտպանության կոնվենցիան: Մեր երկրում «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքն ընդունվել է 2009 թվականին: 2022 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի հիմնադրամից միջազգային աջակցություն անվանակարգով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է դրամաշնորհ «ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» վերնագրով հայտի շրջանակում երկու տարի ժամկետով ծրագիր իրականացնելու համար: Հայտը պատրաստվել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության խորհրդատվական աջակցությամբ:

Օրերս ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում (ՀԱԻ) տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իրականացվող «ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» ծրագրի շրջանակներում պատրաստված «Սյունիքի ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքի շնորհանդեսը: Ներկա էին ծրագրով հետաքրքրվածները, հյուրեր։ Բացման խոսքով հանդես եկավ ՀԱԻ տնօրեն Արսեն Բոբոխյանը՝ ողջունելով կատարված աշխատանքը։ Ծրագրի մասին ներկայացրեց համակարգող բ․գ․թ․, դոցենտ, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ բանահյուսության տեքստաբանության բաժնի ավագ գիտաշխատող Գոհար Մելիքյանը։ Տեղեկացրեց՝  ծրագրի նպատակն է գույքագրել, փաստաթղթավորել և պահպանել ՀՀ Սյունիքի մարզի ոչ նյութական մշակութային ժառանգությունը: Նշեց նաև՝ ծրագիրն իրականացրել են՝ աշխատելով Սյունիքի 8 համայնքներում: Ներկայացնելով բուն Սյունիքի ՈՄՆԺ-ն՝ տեղեկացվեց՝ այս մարզում անհապաղ պաշտպանության կարիք ունեն Կարճևանի բարբառը, Մեղրու համայնքի չաթանագործության արհեստը, Գորիս և Սիսիան համայնքների բրուտագործությունը և «Կաթնավով մատաղ» ծեսը:

Շնորհանդեսի ընթացքում նաև ցուցադրվեցին տարբեր հոլովակներ կատարված աշխատանքի վերաբերյալ: Կայքն ստեղծողների կողմից ՀՀ ՈՆՄԺ արժեքների ցանկում Սյունիքում գրանցել են հետևյալ տարրերը՝ «Կորկոտ» ծիսական ուտեստի ավանդույթը, որը առանձնակի տարածում ունի Կապանի տարածաշրջանում, արքայանարնջի և թզի չրի պատրաստումը և Կաճապով կորկոտի պատրաստումն ու կիրառումը Շիկահող համայնքում: Ցուցադրվող տեսահոլովակում տեղեկացվեց՝  Սյունիքում «կաճապը» շիկահողցիների ճաշատեսակն է: Կաճապը (նվիկ արևելյան, ճերմակաբանջար), ավելուկանման, բայց կլոր տերևներով բույս է: Թարմ վիճակում արմատները դառն են, մշակած և չորացրած վիճակում՝ համեղ: Ունի սննդային և բուժական նշանակություն: Առատորեն աճում է սահմանամերձ գոտում՝ Ներքին Հանդում, «Սոճիների պուրակում», որտեղ նրա գոյությունը վտանգի տակ է: Շիկահողում կաճապն օգտագործում են հավի կամ ճագարի մսով եփած հաճարի փլավի մեջ:

Եթե Արցախի Հադրութի շրջանում կաճապով ապուր են եփում, ապա Կապանի Շիկահող գյուղում՝ հաճարով կորկոտ, որը մատուցվում է ավանդական սոխառածով: Կաճապի բաղադրատոմսը ծրագրի աշխատակիցներին տրամադրել է Շիկահողի բուժքույր Զարինե Պողոսյանը: Ծրագիր աշխատանքներին ու կայացմանը անդրադարձավ նաև ղեկավարը՝ ՀԱԻ բանահյուսության տեքստաբանության բաժնի վարիչ, բ.գ. դ.  Թամար Հայրապետյանը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային փորձագետ, Թեհրանի Շահիդ Բեհեշտի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Ժանետ Բլեյքը բարձր գնահատեց ծրագրի իրականացումը և այն ցուցանիշները, որոնք արտացոլում են ծրագրի արդյունավետությունը: Ընթացքում եղան այլ ելույթներ, հարցադրումներ, առաջարկներ։

Հ. Գ. ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նույն օրն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային փորձագետ, Թեհրանի Շահիդ Բեհեշտի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Ժանետ Բլեյքին, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանին, ինստիտուտի բանահյուսության տեքստաբանության բաժնի վարիչ Թամար Հայրապետյանին, նույն բաժնի գիտաշխատող Գոհար Մելիքյանին: Հանդիպումը նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ իրականացված «ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» վերնագրով հայտի ամփոփմանը:

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031