«Եթե նույնիսկ 5-10 հոգի էլ մնա, այս ծրագիրը պիտի իրականանա, բայց հազարավորներ են ավելանալու: Դեռ չգիտեն իրենց խոփը ինչ տեսակ քարի է դեմ առել»,- այսօր Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ սրբազանը՝ ներկայացնելով անցումային կառավարության ծրագիրը:
Դիմելով ԱԱԾ-ին՝ նա ասաց. «Պարո՛ն Աբազյան, ձեր գլխավորությամբ եմ ասում, դադարեցրե՛ք այս հեռախոսային այլանդակ հարձակումները: Կարող եմ ցույց տալ ձեզ, իմ հեռախոսը ուղղակի հարձակման թիրախ է, 2 րոպեն մեկ, 5 րոպեն մեկ տարբեր հեռախոսահամարներով հեռաձայնում են, տարբեր խոսքերով, չգիտեմ ինչ գործիքներ են ուզում ներդնել, օրվա մեծ մասը դրանով է անցնում, տելեգրամյան ալիքներով հայհոյանքի տարափ ու տեղանք ամեն աստիճանի: Ես ծիծաղով ու ժպիտով եմ ասում՝ ձեր համակարգը կարգի հրավիրեք, խախտվում են քաղաքացու պարզագույն իրավունքները, բռնություն է սա հոգեբանական, բարոյական, բայց ինձ չի ազդելու, մարդու որդիներ, վահան կա վրաս, ձեր «բրոնե» ժիլետներից ավելի: Ձեր զրահաբաճկոնները ոչինչ են էն մեծ վահանի դիմաց, որով հռչակել ենք ու ասել ենք, որ Տերն է իմ կյանքի ապավենը, ումի՞ց եմ դողալու: Որպեսզի թաքուն չնկարեք, հեռախոսները չլսեք, ավելորդ մարդկանց չչարչարեք, բայց ասեմ՝ շատ լավ բաներ են սովորում, Շամշադինում թրեյնինգ են ասում, վստահ եմ՝ ահագին մարդու կյանք փոխվել է այս ընթացքում: Որպեսզի չլինեն, ես բաց ու ինտենսիվ կերպով հանդիպումներ եմ ունենալու քաղաքական, հանրային շրջանակների հետ, ՀԿ-ների հետ, անհատների հետ: Օրվա ամեն կես ժամն ու մեկ ժամը ինչքան մարդիկ են հանդիպում, անհավատալի: Մենք մեր խնդիրը դրել ենք,նպատակը սահմանել ենք, մեզ պետք է նոր կառավարություն, ժողովրդի կառավարություն, ցավող, տառապող կառավարություն, հաշտության կառավարություն»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ