Այսօր Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ Բագրատ սրբազանը տեղեկացրեց, թե ինչ են պատրաստվում անել առաջիկայում. «Անցած անգամ Ձեր մասնակցությամբ և աջակցությամբ ես հայտարարեցի, որ Ընդդիմադիր երկու խմբակցությունները պատրաստակամություն են հայտնել քվեարկելու ժողովրդի կողմից ընդունված թեկնածուին, նրանց ձայները 35-ն են։ Ես նաև հանդիպել եմ անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ՝ իր կարծիքն իմանալու համար, և վերջինս, ժողովուրդ, որոշակի մտածումներով, չի մերժել միանալու այս գործընթացին։ Ենթադրում եմ, որ առաջին անգամ կարող ենք ասել, որ ընդդիմադիր խմբակցությունները հաղթահարել են առաջին փուլը, որը կարևոր է արձանագրել, սակայն մնացել է չափազանց կարևոր երկու հարցերի լուծումը՝ վարչապետի թեկնածուի և պակասող 18 պատգամավորի աջակցության հարցը։ Առաջիկա օրերին մենք միասին պետք է լուծենք այս հարցերը»:
Հետո սրբազանը հայտարարեց. «Ես պատրաստ եմ ցանկացած պատասխանատվություն ստանձնել՝ Հայոց հայրապետի օրհնությամբ, Աստծո կամքով եւ բնականաբար մեր ժողովրդի ցանկությամբ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ