Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպիսի՞ն պիտի լինի անցումային կառավարությունը. Բագրատ սրբազանը հրապարակում է ծրագիրը

Մայիս 12,2024 21:26

«Հերոսական այս մի բուռ ժողովրդի պայքարով մենք հռչակեցինք, որ ոգին հաղթել է դուխին եւ նաեւ դուխովին, մեկ-մեկ էլ դուխովկաներին»,-այսօր Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ սրբազանը:

Նա ներկայացրեց, թե ինչպիսին պետք է լինի անցումային կառավարությունը.

«1. Այն պետք է դառնա հաշտության կառավարություն՝ ձեւավորվելով բոլոր ունակ եւ ընդունակ բարձր մասնագիտությամբ մարդկանցով՝ հնարավորություն տալով անկախ կուսակցական պատկանելիության մարդկանց ներգրավելու:

2.Երկրում պետք է գերիշխի ներքին հաշտեցման մթնոլորտը` հիմնված արդարության սկզբունքի վրա:

3․ Պետական կառավարման քաղծառայողների համակարգը պետք է լինի կայուն եւ ապահով, ոչ թե սրա-նրա քմահաճույքով պայմանավորված, բարեկամների, հարազատների լցոնումներով պայմանավորված:

4․ Պետք է երաշխավորվի ազատ եւ արդար ընտրությունները գալիք կառավարության, մնայո՛ւն կառավարության համար:

5․ Մինչեւ նոր ընտրությունները չպետք է լինեն որեւէ կերպով սահմանադրության ամբողջական փոփոխությունների մասին խոսակցություններ:

6․ Պետք է հանձնառու լինի շարունակել խաղաղ բանակցությունները:

7․ Պետք է մերժի հակա-ներով արտաքին քաղաքականությունը հրաժարվելով գործիք դառնալուց, զարգացնելով իր սեփական հայկական օրակարգը, բարեկամների փնտրտուքով, բայց ոչ երբեք հույսը միայն բարեկամների վրա դնելով, այլ ապավինելով սեփական ժողովրդի ուժականությանն ու կամքին:

8․ Չճանաչել որեւէ ուժով ձեւավորված որեւէ իրողություն, չվավարեցնելով ուժի կիրառված իրողությունները: Բոլոր կարգավորումները պետք է տեղի ունենա բանակցություններով՝ միջազգային իրավունքի եւ արդարության սկզբունքի հիման վրա: Ոչ ոք չի կարող պարտադրել մեզ փոխել մեր հայկական օրակարգը:

9․ Մեր տարածաշրջանի ու հարեւանների ստեղծած թշնամական իրադրությունը մեզ ստիպում է լինել ոչ սովորական, այլ դառնալ հատուկ պետություն, որից պիտի բխեն բոլոր հայեցակարգային դրույթները՝ տարածված ողջ համակարգերի վրա:

10․ Կառավարման համակարգ պետք է վերադառնան բոլոր փորձառու մասնագետները, կլինեն դիվանագետներ, զինվորականներ, պետծառայության մեջ գտնվող անձինք, ովքեր ինքնակամ հեռացել են, կամ անարդարացիորեն հեռացվել են՝ նույնիսկ մեկ լայք դնելու պատճառով:

11․ Պետք է նոր հայեցակարգ մշակել՝ սփյուռքի հետ հարաբերության համար՝ ներգրավելով սփյուռքյան բոլոր կարող ուժերը:

12․ Հայաստանը պետք է մուտք գործի հետպատերազմյան ապաքինման ուղղակի անհրաժեշտություն է մեր անհրաժեշտությունը: Զարգացման փուլ, որը ենթադրում է նոր բարքեր, նոր վարքագիծ,նոր ժամանակակից պետության կազմավորմամբ, հայեցակարգով ու ռազմավարությամբ:

13. Պետք է կասեցվի մի շարք վիճահարույց ծրագրերի իրականացումը, անհեթեթ Ակադեմիական քաղաք կոչվածը, հայոց լեզուն գիտության ոլորտից դուրս մղելու կառավարության որոշումը, «Բանկային գաղտնիքը վերացնելու մասին» կառավարության որոշումը, բազմաթիվ անհասկանալի ծրագրերը՝ սկսած տրանսպորտի գներից, մինչեւ հրեշավոր այլ թանկացումներ:

14․ Պետք է բանտերից ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները, ինչպես նաև ջանք ներդրվի վերադարձնելու Արցախի հանրապետության մեր ռազմաքաղաքական ղեկավարությանն ու մեր բոլոր գերեվարված տղաներին:

15․ Զարգացնել եւ մշակել նոր ռազմական դոկտրինը: Կանխարգելման եւ որեւէ սպառնալիքի դեպքում անհամաչափ հարվածների սկզբունքով: Իմիջիայլոց այս մարդիկ 2020-ի պատերազմից առաջ ինձ խնդրում էին ներգրավվել հայեցակարգի մշակման հոգեւոր բաղադրիչի մեջ, նաեւ առաջարկում էին պատգամավոր դառնալ: Երբ հարցրել եմ՝ ի՞նչ Հայաստան եք դուք ուզում, ասում էին՝ դե, լավ Հայաստան:

16. Ժողովրդագրության զարգացում ներգաղթի պայմաների ներդրումով, ընտանիքի սրբության զարգացման, բնական աճի խթանումով:

Սրբազան ասաց, որ իր պսակած զույգերին ասում է, որ նվազագույնը 4 երեխա պիտի ունենանու ոչ միայն իրենց համար, այլ նաեւ այն տղաների համար, որոնք չունեցան իրենց պսակադրությունը:

17․ Պարենային անվտանգությունը: Գիտելիքի զարգացումը որպես տնտեսության եւ բոլոր ճյուղերի մեջ առաջնորդող ծրագիր

18․ Մարդու իրավունքները, ազատությունները, ժողովրդավարական արժեքների հաստատումը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ազգային փոքրամասնություններին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031