Լրահոս
Օրվա լրահոսը

Նա պետք է հեռանա. Բագրատ սրբազանը թվարկում է լեգիտիմ հռչակված Փաշինյանի ձախողումները

Մայիս 12,2024 20:40

«Ով կբաժանի արցախցի-հայաստանցի, նա ուրացող է»,- այսօր Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ սրբազանը:

Նա ասաց, որ իր կյանքի ճանապարհը սաղմոսով է սկսել ու բոլոր հանգամանքներում ասել է. «Տերն է իմ լույսը ու իմ կյանքը, ումի՞ց եմ դողալու, Տերն է իմ կյանքի ապավենը, ես ումի՞ց եմ վախենալու: Սա թող լինի յուրաքանչյուրիդ սրտում եւ շրթունքներդ վրա, այդպես սկսեք ձեր կյանքը բոլոր հանգամանքներում: Այսօր ես դուրս եմ եկել պայքարի, որովհետեւ մենք ապրում ենք գողացված ուրախության եւ անպատվության ժամանակներում, երբ կորսված է մեր հայրենիքի չքնաղ, խտացված ազատությամբ լեցուն հատվածը՝ իմ եւ ձեր բոլորի սիրելի Արցախ աշխարհը, եւ բոլոր ուղղություններով վտանգված են մեր հայրենիքի սահմանները: Մինչեւ այսօր ունենք չճշտված տվյալներով հազարավոր զոհեր, վիրավորներ, վտանգված է մեր ինքնությունը եւ գոյության իրավունքը: Ապրում ենք ստի, թշնամության եւ ատելության միջավայրում: Այս պայմաններում եմ ես արձագանքել իմ Տիրոջ հորդորին, երբ հարցնում էր, թե ո՞ւմ ուղարկեմ այս ժողովրդի մոտ: Ես արձագանքել եմ մարգարեի խոսքերով՝ ահավասիկ ես, ով տեր, ուղարկիր ինձ: Ես վստահ եմ, որ դուք եւս այդ ձայնը լսել եք ու ասում եք ահավասիկ ես, ո՜վ Տեր, ուղարկիր ինձ: Թող յուրաքանչյուրիդ առաջնորդը դառնա  այս երկնային խոսքը՝ որպես կյանք ու վարքագիծ: Ես պարծենալու այլ բան չունեմ առաքյալի խոսքով, քան իմ Տեր Հիսուս Քրիստոսի խաչը, որով աշխարհը խաչված է ինձ համար եւ ես՝ աշխարհի համար: Սա պիտի լինի այս ամբողջ շարժման առաջնորդողը: Այս շարժումը ստի եւ ճշմարտության պայքարի մասին է, ատելության եւ սիրո պայքարի մասին է, կեղծիքի եւ արդարության հաստատման պայքարի մասին է, թշնամության եւ հաշտության պայքարի մասին է, որում անկասկած ճշմարտությունը, սերը, արդարությունը եւ հաշտությունը պիտի հաղթեն»:

Բագրատ սրբազանն ասաց, որ Փաշինյանը մոլորեցնող վարքագծով ամբողջ պետականության եւ պետության ոչ միայն ներկայի, այլեւ հետագայի կարգավիճակի պատասխանատվությունը բարդեց մեր գյուղերի ժողովրդի ուսերին. «Ավելի ահավորն այն է, որ այդ սահմանապահ ժողովուրդը նաեւ ենթարկվեց ներքին պառակտման: Մի մասը մյուսին կոչում է հողատու, մի մասն էլ մյուսին կոչում է թալանչի կոռուպցիոներ: Սա այն գաղափարի աղճատումն է, որ սահմանը բոլորինս է»:

Բագրատ սրբազանը թվարկեց Փաշինյանի ձախողումները՝ անվտանգային համակարգի փլուզում, դաշնակիցներին թշնամացնել, անվստահելիության համբավ վաստակել, բանակցային գործընթացին առանց օրակարգի գնալ եւ այլն. «Կրթական համակարգի տապալմամբ, անհասկանալի ծրագրերով՝ Ակադեմիական քաղաք, Հայոց լեզվի մասին օրենք եւ այլն, բանտերը լցնելով քաղկալանավորներով, սեւ ու սպիտակի բաժանմամբ, ատելության, թշնամանքի, քաոսի մշակույթով, տեւական պատերազմի սպառնալիքով, ահա այն ամբողջ աղետը, որ բերել է այս մարդը ու այդ ամենը համեմելով ստով: Դեռ չեմ խոսում կեղծ թեզերի մասին՝ իրական եւ պատմական Հայաստանի եւ Հայոց պատմության, Արարատի եւ արագածի հակադրման, ցեղասպանության ուղղակի ժխտման, Հայ եկեղեցու դեմ հալածանքի, թքելու արվեստի, ոստիկանական զորքի բարոյազրկման, բանակի բառիս բուն իմաստով ստորացման եւ այլն, շարքը շատ է: Այս ամենով հանդերձ իրենք իրենց կոչում են լեգիտիմ վարչապետ, ստով եւ խաբեբայությամբ ընտրված եւ փաստացի բարոյապես եւ քաղաքականապես չլինելով ժողովրդի իշխանությունը: Այս պատճառով նա պետք է հեռանա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031