«Մարտական եղբայրության» անդամ, հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր տարեդարձ է, որը ոչ ոք չի հիշի, ու ոչ ոք չի կարևորի:
Ուղիղ 30 տարի առաջ Հաղթանակով ավարտվեց Արցախյան պատերազմը:
Եվ քանի որ ոչ մեկի համար այսօր դա կարևոր չի լինելու, նույնիսկ այդ Հաղթանակը կերտողներից շատերի, առավել կարևոր է, որ մենք, թեկուզ այսօր որպես փոքրամասնություն կարևորենք ու հիշենք` դարերի մեջ ամենամեծ հայկական Հաղթանակի տարեդարձը:
Եվ հարցն այստեղ անցյալը չէ, այլ ներկան ու ապագան:
Կարդացեք նաև
Այսօր պետք է հիշենք, որ մեր օրերից մի քանի անգամ ավելի դժվարին, դժոխային պայմաններում հնարավոր եղավ հաղթանակ տանել մեզ մի քանի անգամ գերազանցող թշնամու դեմ:
Պատերազմում, որի ընթացքում մի քանի անգամ պարտության և կործանման եզրին ենք կանգնած եղել, բայց ի վերջո հաղթել ենք շնորվիվ մտքի և կամքի առկայության:
Մենք այդ պատերազմում չենք ունեցել ոչ մի իրական դաշնակից, բացի մեր ուժից` մտքից, կազմակերպվածությունից, կամքից: Սուտ է, որ դաշնակիցներ ենք ունեցել:
Այսօր պետք է վերապրենք, ոչ միայն վերհիշենք:
Որովհետև ով այդ օրերին իսկապես ապրել է տեղի ունեցողը` դարերի ընթացքում խեղճ, միայն կորուստներ ունեցող, դրսի ուժերից մի կտոր հայրենիք մուրացող ազգի վերածումը հաղթողի, թշնամու տարածք պատերազմը տեղափոխողի, նա երբեք չի մոռանա այդ ապրումը, այդ հեղափոխությունը և երբեք չի հաշտվի խեղճ ու կրակ, թախծոտ աչուկներով, դիլխոր հայի այսօրվա վերադարձի հետ:
Հաղթողի հոգեբանությունը պետք է այսօր հակադրվի պարտության պարազիտների աշխարհայացքին:
Պարտության հոգեբանության հիմքով երբեք չես կարող կառուցել իրապես անկախ ու ինքնիշխան երկիր:
Եվ հարցը միայն հոգեբանությունը չէ: Հարցը նաև ռացիոնալությունն է: Ռացիոնալ հայացքի վերադարձի հարցն է:
Միայն նորից ուժային գործոնի վերածվելով, ուժին ուժով պատասխանելու կարողությունը վերադարձնելով հայ ժողովուրդը կարող է ունենալ անկախ պետություն:
Չկա աշխարհի երեսին այլ տարբերակ:
Մնացած ամենը` իրականությունից փախուստի փորձեր են, որոնք հիմնված են իռացիոնալ քաղաքական միֆոլոգիայի վրա և իրենց հերթին ծնում են իռացիոնալ միֆոլոգիա:
Սրա համար Հաղթանակը հիշողներով, գնահատողներով պետք է միավորվենք:
Որովհետև միայն այդ հուշը կարող է հիմք դառնալ իրավճակից իրական, ռացիոնալ ելք կառուցելու համար:
«Մարտական Եղբայրություն»-ը ամսի 15 -ին հրավիրում է ձեզ այս թեմային նվիրված միջոցառմանը, որի մանրամասները կգտնեք մեր էջում:
Թեմայի մասին առանձին ծավալուն հոդվածով կանդրադառնամ ավելի ուշ:
Շնորհավոր բոլոր արժանապատիվ, բանականությունը չկորցրած մարդկանց Հաղթանակի օրը:
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր կերտեցին այդ Հաղթանակը մեզ համար ու մեր սերունդին հնարավորություն տվեցին ապրել այդ անմոռանալի զգացմունքը` հաղթող ազգ լինելու զգացմունքը: