Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պատերազմ լինելո՞ւ է, թե՞ ոչ». Վահագն Մելիքյանը հրապարակեց դիվանագետների պատրաստած փաստաթուղթը

Մայիս 12,2024 19:56

Այսօր Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ Դիվանագետների համահայկական խորհրդի անդամ, ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանն ասաց, որ Բագրատ սրբազանը հանձնարարել է պատրաստել մի հակիրճ փաստաթուղթ՝ կապված այն զարգացումների հետ, ինչ կա այսօր ՀՀ սահմաններին ու խաղաղության օրակարգի, մարտահրավերների ու ձեռնարկվելիք քայլերի մասին. «Մարդկանց անհանգստացնում է առաջին հերթին մեկ հարց՝ պատերազմ լինելո՞ւ է, թե՞ ոչ: Մեզ սպառնում են պատերազմով՝ ասելով, որ այն անօրինական քայլերը, որ իրենք անում են այլընտրանքը պատերազմն է: Ես այստեղ եմ հայտարարելու, որ մեր այլընտրանքը խաղաղությունն է»:

Նա ներկայացրեց փաստաթուղթը, որը երկու բաժնով է՝ սահմանազատման եւ սահմանագծման մասին, ինչպես նաեւ խաղաղության մասին, որտեղ մասնավորապես նշված է. «ՀՀ ինքնիշխան տարածքում Տավուշի մարզում սկսած գործընթացը առանց վերապահումների պետք է որակել որպես սահմանազատման եւ սահմանագծման անօրինական գործընթաց՝ ուժի սպառնալիքնի ներքո կամ կապիտուլյացիայի շարունակություն թվացյալ խաղաղության պայմաններում: Դրա լավագույն ապացույցը Ալիեւի ձեւակերպումն է, որ առանց մեկ կրակոցի իրենց թելադրած պայմաններով ադրբեջանական կողմը ստանում է տարածքներ: Միեւնույն ժամանակ անվտանգության որեւէ երաշխիք չկա նոր պատերազմը կանխելու եւ հերթական ռազմական վտանգը շարունակում է կախված մնալ մեր ժողովրդի գլխին:

Այլեւս հստակ է, որ չկան իրական բանակցություններ եւ գործընթացը տեղի է ունենում Հայաստանի կողմից միակողմանի զիջումների ճանապարհով: Ավելին՝ երկու երկրերի միջեւ խաղաղության համապարփակ պայմանագրի, ինչպես նաեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաներում սահմանազատում եւ սահմանագծում անցկացնելն աննախադեպ երեւույթ է դիվանագիտական պրակտիկայում, ինչն ուղղակի կասկածի տակ է դնում դրա օրինականությունը: Նման մոտեցումը անընդունելի է, հակաիրավական եւ հակասահմանադրական: Սահմանազատման համար իրավական հիմք է ծառայում կողմերի համատեղ ընդունված մեթոդաբանությունը՝ հիմնվելով վավերական ուժ ունեցող ԽՍՀՄ ներպետական ակտերի վրա, հետեւաբար Ալմա Աթայի հռչակագիրը որեւէ կերպ չի կարող նման հիմք հանդիսանալ, քանի որ չի պարունակում սահմանային որեւէ նկարագիր: Հռչակագիրը ենթադրում է միմյանց նկատմամբ տարածքային հավակնություն չներկայացնելու պահանջներ:

Հռչակագրին կցված չէ որեւէ քարտեզ: ՀՀ-ի եւ Ադրբեջանի խորհրդային հանրապետությունների միջեւ սահմանների որոշման վերաբերյալ տեղի է ունեցել ընդամենը երկու օրինական գործընթաց, առաջինը՝ 1928-29թթ երկու հանրապետությունների ԳԽ որոշումներով վավերացված քարտեզն է, երկրորդը՝ 1984-87 թթ հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողովի կողմից երկուստեք ստորագրված որոշումները: Մյուս բոլոր փաստաթղթերը չունեն իրավական հիմք, իսկ ներքին օպերացիոն օգտագործման համար ստեղծված ԽՍՀՄ քարտեզները՝ առավել եւս: Ալմա Աթայի հռչակագիրը որպես հիմք ընդունելը հակաօրինական է եւ քրեորեն  պատժելի»:

Վահագն Մելիքյանն ընդգծեց, որ հանձնելով մեր պաշտպանական դիրքերը՝ է՛լ ավելի է թուլանալու մեր պաշտպանունակությունը, հետեւաբար պետք է բացառել հայկական ԶՈՒ-ի ցանկացած նահանջ կամ դիրքային փոփոխում, մինչեւ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջական սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի ավարտը: Նա ասաց, որ նախ Ադրբեջանի ու ՀՀ-ի միջեւ պետք է միջպետական համաձայնություն լինի, որը վավերացվի երկու երկրների ԱԺ-ում: Եթե որեւէ տարածք որոշվի հանձնել, հարցը պետք է դրվի հանրաքվեի, հակառակ դեպքում գործընթացը հակասահմանադրական է:

Ինչ վերաբերում է խաղաղության օրակարգին, Վահագն Մելիքյան ասաց. «Ունենք սպառնալիքի տակ սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց, որի արդյունքում Ադրբեջանը ստանալու է ամեն ինչ եւ չի տալու ոչինչ: Ադրբեջանն անընդհատ առաջ է քաշելու նոր պահանջներ, վկան՝ միջանցքի տրամադրում, սահմանադրության փոփոխություն, Ադրբեջանի դեմ հայցերի չեղարկում եւ այլն: Ադրբեջանը հրահրելու է տեղային նոր սադրանքներ հայկական բնակավայրերի վրա՝ հոգեբանական ճնշումներով, լոկալ ընդհարումների միջոցով վախի մթնոլորտ ստեղծելով»:

Նա ասաց, որ չպետք է թուլացնել մեր պետականության հիմքերը. «Մենք պետք է հնարավորինս արագ վերականգնենք մեր ռազմավարական հարաբերությունները դաշնակիցների, ինչպես նաեւ խորացնենք մեր համագործակցությունը ուժային այ կենտրոնների հետ: Համազգային ճգնաժամը հաղթահարելու համար կենսական անհրաժեշտություն է համահայկական նոր բանաձեւումը, պետք է դիտարկել համահայկական ներուժի համախմբումը, համերաշխություն, այս գործում անժխտելի է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու համահայկական կառույցների ու Արցախի Հանրապետության օրինական իշխանությունների ակտիվ դերակատարությունը: Հայ ժողովուրդը բացառիկ հնարավորություն ունի հասնելու ներքին հաշտության, ինչը էապես կնպաստի արտաքին քաղաքականության արդյունավետ իրականացմանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031