Այսօր Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր ելույթում նախ շնորհակալություն հայտնեց ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, որոնք այս օրերին զորակցել են շարժմանը:
Հետո նա շնորհակալություն հայտնեց քաղբանտարկյալներին՝ ասերով. «Տղե՛րք ջան, շուտով ձեր ազատության ժամը գալու է»:
Ըստ Գառնիկ Դանիելյանի, իշխանությունները խառնվել են իրար, որովհետեւ շարժումը միավորել է տարբեր քաղաքական հոսանքների, մարդկանց մի նպատակի շուրջ՝ հայրենիք ու պատիվ ունենալու. «Մեր նպատակն է ունենալ խաղաղ, արժանապատիվ ու ճշմարիտ Հայաստան, միավորելու ենք ներկաներին, նախկիններին, բոլորին մեկ նպատակի շուրջ: Մենք մեր տունը կարգի բերելու խնդիր ունենք, երբ որ մեր տունը կարգի բերենք, այդ ժամանակ ե՛ւ խաղաղություն, ե՛ւ արժանապատվություն, ե՛ւ հարեւանների հետ համակեցություն կարող ենք ունենալ:
Այսօր մեր առջեւ խնդիր է դրված՝ լինել Արեւմտյան Ադրբեջա՞ն, թե՞ Հայաստան: Մենք ընտրում ենք Հայաստանը: Մեր առջեւ խնդիր է դրված նվաստացած, անընդհատ զիջումների, կռացած ապրելու, բայց մենք ընտրում ենք արժանապատվությունը, հայ լինելը, մեր հող ու ջրին տեր լինելը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ