Այսօր Բագրատ սրբազանին կիրակնօրյա պատարագից հետո ուղեկցում էր Արմեն Բաղդասարյանը՝ այն երիտասարդը, որը երեկ անհնազանդության գործողությունների ժամանակ ոստիկանների բռնի գործողությունների հետեւանքով վնասվածք էր ստացել ու հայտնվել հիվանդանոցում:
Մարդիկ մոտենում էին սրբազանին ու ասում՝ մեր հույսն ու հավատը դուք եք, սրբազանն ուղղում էր. «Ձեր հույսն ու հավատը Աստված է»:
Կարդացեք նաև
Լրագրողների հետ զրույցում Բագրատ սրբազանն ասաց. «Բոլորին հրավիրում եմ հրապարակ՝ կարեւոր հանրահավաքի, կարեւոր ուղերձների»: Հարցին՝ Վեհափառ հայրապետի հետ այս օրերին եղե՞լ է հանդիպում՝ նա պատասխանեց. «Վեհափառի հետ միշտ էլ լինում է հանդիպում, ի՞նչ խնդիր կա, տարօրինա՞կ է: Վեհափառը որ վայրկյանին ցանկանում է՝ հանդիպում ենք, մենք ենք խնդրում, հանդիպում ենք, նորմա՞լ չի»:
Հիշեցնենք, որ «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքում գրառում էր արել, որ «Նախօրեին տեղի է ունեցել Գարեգին Բ վեհափառ հայրապետի հանդիպումը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ, մասնակցել են այլ երկու եպիսկոպոսներ: Հուսամ, սրբազան հայրը ականջալուր կլինի Վեհափառի եւ սրբազան հայրերի հորդորներին, կգտնվի իր եկեղեցական բարձրության վրա,թույլ չի տա սասանել Ամենայն հայոց կաթողիկոսական գահը եւ հայ եկեղեցու հեղինակությունն ու վարկը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ