Դերասանուհի Անաիս Սարդարյանի ինստագրամյան գրառումը
Սիրելի´ հայրենակիցներ,
պայքարի հարթակից հնչեցրած որոշ ձևակերպումներիս հետ կապված պարզաբանման անհրաժեշտությունն ակներև է:
Իհարկե, իմ հնարավոր բացթողումից փորձում է օգտվել իշխանական քարոզչամեքենան՝ ինձ վերագրելով ինչ-որ «ռասիստական ձևակերպումներ» և մեղադրելով ինձ իբր ատելության խոսք հնչեցնելու կամ հասարակության մաս կազմող տարբեր խմբերի ու նույնիսկ ազգերի վերաբերյալ խտրական վերաբերմունք արտահայտելու կոչեր: Ցավում եմ, որ քարոզչական այս հնարքն ազդել է մի շարք ազնիվ քաղաքացիների վրա:
Կարդացեք նաև
Ես երբեք ներհասարակական բաժանարար որևէ գիծ ընդունելի չեմ համարել, միշտ եղել և մնում եմ համերաշխության, համախմբման կողմնակից: Հենց ա´յս մոտեցումն է ինձ մղել միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարին, որը քարոզում է հաշտություն և համերաշխություն:
Երբ էկոնոմիկայի նախարարի կինն իրեն թույլ է տալիս մարդկանց կոչել «անասուն», պատահաբար ԱԺ պատգամավոր դարձած մարդիկ փորձում են մարդկանց համոզել, թե հրապարակում «նարկոբարոններ» են հավաքվել, և դու այդ ամենը լսում ես հենց հրապարակում, դժվար է չարձագանքելը: Հենց այս կետից պետք է դիտարկել «հայ և ո´չ հայ» ձևակերպումը, որովհետև ես հարթակից հայտարարեցի, որ հրապարակում հավաքված չեն նարկոբարոններ ու հանցագործներ, ժողովրդին հարց ուղղեցի, թե ովքե՞ր են հրապարակում ու հնչեց պատասխան. «Հայե´րը»: Անմիջապես հետո և միայն այդ կոնտեքստում ես հնչեցրի, բոլորիդ հայտնի միտքը, որը բացարձակապես Հայաստանում ապրող մարդկանց ազգության հետ կապ չուներ:
Ես մեծագույն ակնածանք ունեմ մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների հանդեպ, որևէ կերպ չեմ առանձնացնում մեզնից ու համարում եմ նրանց իմը նույնքան, որքան հայերին: