Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսում մի շարք հանդիպումներ է ունեցել

Մայիս 11,2024 23:49

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) կենտրոնական վարչության անդամներին՝ ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել կուսակցության ներկայացուցիչներին համազգային նշանակություն ունեցող գործընթացներում նրանց կատարած աշխատանքի և ներդրած ջանքերի համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ընդհանուր իրողություններին և զարգացումներին, ինչպես նաև Հայաստանյան ներքաղաքական և հասարակական կյանքում տեղի ունեցող գործընթացներին:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը, պատասխանելով հանդիպման մասնակիցների հարցերին, մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ, ընդգծելով, որ սահմանազատումն իրականացվում է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության հասնելու, ինչպես նաև տարածքային ամբողջականության անխաթարության սկզբունքների շրջանակում:

Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ հայաստանյան իշխանությունն անհրաժեշտ քաղաքական կամք ունի հստակորեն շարժվել հարևանների հետ բարիդրացիական և կարգավորված հարաբերություններ հաստատելու ուղիով:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության օրակարգային հարցերին, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և առկա խնդիրների չեզոքացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի խթանման կարևորությանը:

Անմիջական մթնոլորտում Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի տնտեսության, ռազմարդյունաբերության, երկրի պաշտպանական կարողությունների ընդլայնման, տնտեսության դիվերսիֆիկացիայի և այլ ուղղություններով իրականացվող միջոցառումների մասին:

Մտքեր են փոխանակվել ներհայաստանյան հասարակական-քաղաքական զարգացումների պատճառահետևանքային կապերի, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական իրողությունների փոխազդեցությունների վերաբերյալ:

Հանդիպման ավարտին ՍԴՀԿ ներկայացուցիչները կրկին վստահեցրել են, որ կուսակցությունն իր կարողություններով պատրաստ է աջակցել Հայաստանի պետականության ամրապնդմանն ու երկրի օրակարգային հարցերի սպասարկմանը:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել իրանահայերի և իրաքահայերի միության ներկայացուցիչների հետ:

Հանդիպման մասնակիցներն անմիջական մթնոլորտում հետաքրքրվել են Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում և ռազմարդյունաբերության ոլորտում վերջին տարիներին իրականացվող բարեփոխումների և նախաձեռնությունների վերաբերյալ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի և դրա շուրջ տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև քարոզչական ապատեղեկատվության տարածման խնդիրներին: Այս համատեքստում Հանրապետության նախագահը Միության ներկայացուցիչներին մանրամասներ է հայտնել Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին դիմագրավելու, երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու, ինչպես նաև պետության անվտանգային համակարգն ամրապնդելու և դիվերսիֆիկացնելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Սփյուռք օրակարգային հարցերի, առկա խնդիրների լուծման հնարավորությունների և համատեղ օրակարգերի մշակման անհրաժեշտության վերաբերյալ:

Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների առաջնային և համալիր խնդիրները հոգալու ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող ծրագրերն ու հրատապ լուծում պահանջող հիմնահարցերը, այս ուղղությամբ անհրաժեշտ քայլերի կյանքի կոչման հեռանկարները:

Հանդիպմանը Հանրապետության նախագահը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին, անդրադառնալով ինչպես տարածաշրջանային, այնպես էլ Հայաստանի ներքաղաքական, հասարակական, տնտեսական, ռազմական և այլ բնագավառներում առկա անցուդարձերին:

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոյին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Փասադենայի և Հայաստանի քաղաքների միջև քույր քաղաքների սկզբունքով համագործակցության խթանման հնարավորությունները: Այս կապակցությամբ Հանրապետության նախագահը նշել է, որ ներկայումս այդ սկզբունքի կիրառման բացն անհրաժեշտ է լրացնել երկկողմ ջանքերի համատեղմամբ և այս տեսանկյունից լավ առիթ է ամռանն ԱՄՆ Պետդեպարտամենտի նախաձեռնության շրջանակներում քաղաքապետ Վիկտոր Գորդոյի նախատեսվող այցելությունը Հայաստան:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել քաղաքային կառավարման համակարգում օրինակելի փորձի փոխանակման ծրագրերի մեկնարկի հնարավորություններին և աշխատակազմերի վերապատրաստման ծրագրերի նախաձեռնմանը:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել քաղաքային ենթակառուցվածքների զարգացման շուրջ հնարավոր համագործակցությանը: Փասադենայի քաղաքապետը Հանրապետության նախագահին է ներկայացրել քաղաքային միջավայրում փոքր ու միջին բիզնեսի համակարգային կազմակերպման վերաբերյալ իրենց հաջողված փորձի սկզբունքների վերաբերյալ մանրամասներ:

Քաղաքապետն անդրադարձ է կատարել ճարտարապետական ու մշակութային արժեքների, անտառների և կանաչապատ տարածքների պահպանման և բնապահպանական խնդիրների լուծման գործում քաղաքային իշխանությունների փորձին և հաջողությանը:

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին:

Հանդիպման ընթացքում Գլենդելի քաղաքապետը Հանրապետության նախագահին է ներկայացրել քաղաքի մեծաթիվ հայկական համայնքի նախաձեռնությունների, ինչպես նաև տեղի կազմակերպությունների և հայաստանյան պաշտոնական դիվանագիտական օղակների համագործակցության խթանման, առկա խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկման վերաբերյալ տեղեկատվություն:

Քննարկվել են քաղաքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում, որպես քույր քաղաքներ, Գլենդելի և Երևանի քաղաքապետարանների աշխատակազմերի միջև լավագույն փորձի փոխանակման և վերապատրաստման համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների վերաբերյալ հարցեր:

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ Պետդեպարտամենտի նախաձեռնությամբ առաջիկայում նախատեսվող Գլենդելի և Լոս Անջելեսի հարակից քաղաքների քաղաքապետերի այցելությունը Հայաստան, ինչը նոր խթան կհանդիսանա Հայաստանի և Միացյալ Նահանգների և մասնավորապես Կալիֆորնիա նահանգի հետ փոխգործակցության ընդլայնմանը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական դարձնել աշխատանքային շփումները:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031