Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամի դեմ քրեական գործի հիմքում կաշառակերության, փողերի լվացման եւ օտար երկրի շահերին ծառայելու մեղադրանքներ են, իսկ օտար պետությունն Ադրբեջանն է․ «Հրապարակ»

Մայիս 11,2024 22:22

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Հենրի Քուեյեհի (Henry Cuellar) դեմ Տեքսաս նահանգի դաշնային դատարանում սպասվող դատավարության մասին վերջին մեկ շաբաթում տեղեկացան երեւի ամենքն ԱՄՆ-ում, Եվրոպայում, նաեւ՝ Հայաստանում եւ Ադրբեջանում։ Խնդիրն այն է որ Քուեյեհի դեմ քրեական գործի հիմքում կաշառակերության, փողերի լվացման եւ օտար երկրի շահերին ծառայելու մեղադրանքներ են, իսկ օտար պետությունը, որը տվել է կաշառքները, եւ որի շահերն ԱՄՆ Կոնգրեսում սպասարկել է Քուեյեհը, Ադրբեջանն է։

Ըստ էության, կարելի է ասել՝ միջնորդավորված կաշառատուն եւ Հենրի Քուեյեհի ծառայությունների վերջնական սպառողն անձամբ Իլհամ Ալիեւն է, քանի որ կաշառատվությունն իրականացվել է Ադրբեջանի խոշորագույն նավթագազային ընկերության՝ SOCAR-ի հաշվեհամարներից։ Իսկ SOCAR-ը ոչ միայն 100% բաժնեմասով պետական ընկերություն է, այլեւ SOCAR-ի նախագահը եւ փոխնախագահը պաշտոնի նշանակվում կամ աշխատանքից ազատվում են Իլհամ Ալիեւի հրամանագրերով։ Ի դեպ, Իլհամ Ալիեւն անձամբ այնքան է ներգրավված եղել SOCAR-ի խողովակներով Քուեյեհին կաշառելու սխեմաներում, որ 2022-ին FBI-ի (ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրո) կողմից Քուեյեհի տանն իրականացրած խուզարկությունից մեկ ամիս չանցած՝ աշխատանքից ազատել է SOCAR-ի նախագահին, հավանաբար՝ դեպի իրեն ձգվող կապերն ու թելերը թաքցնելու համար։ Կորեկով սնվող հավն էլ՝ խաշված վիճակում, թե դեռ չխաշված, չի հավատա, թե Ալիեւի հրամանագրով պաշտոնի նշանակվող եւ ազատվող SOCAR-ի նախագահը կհամարձակվեր ինքնագլուխ ԱՄՆ կոնգրեսականին կաշառք առաջարկել եւ ամբողջ մի տասնամյակ պարբերաբար կաշառքներ փոխանցել (ընդսմին, SOCAR-ի գործունեության հետ ոչ մի տեղ, ոչ մի կերպ չհատվող ծառայությունների համար)՝ առանց Ալիեւի ցուցումների եւ տնօրինության։

Հենրի Քուեյեհի ծառայությունների վերջնական սպառողն էլ անձամբ Իլհամ Ալիեւն է, քանի որ SOCAR-ի մասնակցությունը հանցագործության սխեմային սկսվել եւ ավարտվել է Հենրի Քուեյեհի կնոջ՝ Իմելդա Քուեյեհի (Imelda Cuellar) անվամբ բացված կեղծ ընկերությունների հաշվեհամարներին անհասկանալի խորհրդատվությունների դիմաց գումարներ փոխանցելով։ Կնոջ միջոցով Քուեյեհների ընտանեկան բյուջե ներհոսած գումարների դիմաց ծառայությունները մատուցել է արդեն ամուսինը՝ ԱՄՆ Կոնգրեսում ծավալած իր գործունեությամբ։ Ադրբեջանի շահերը սպասարկող այդ գործունեությունը համակարգվել է ոչ թե SOCAR-ի, այլ արդեն ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանի հետ։ Հասկանալի է, չլինեին անձամբ Իլհամ Ալիեւի ցուցումը եւ ներգրավվածությունը, Ադրբեջանի ԱԳՆ-ում ո՞վ կամ ի՞նչ հիմքով կհամարձակվեր Քուեյեհին մոտենալ՝ տարբեր բանաձեւերում պրոադրբեջանական, հակահայկական ձեւակերպումներ ներառել-հանելու առաջարկներով, այդ դաշտում Քուեյեհի գործունեությունը համակարգելու հավակնությամբ, այլեւս չասած՝ այդ գործունեության համար էլ Ադրբեջանի ԱԳՆ-ից դուրս խողովակով կաշառքներ վճարելու հանձնառությամբ։

Տեքսասի դաշնային դատարան հասած` դատախազներ JENNIFER KENNEDY GELLIE-ի եւ COREY R. AMUNDSON-ի (մասնակցությամբ դատախազներ Marco A. Palmieri-ի, Rosaleen O’Gara-ի, Celia Choy-ի եւ Garrett Coyle) կազմած մեղադրական եզրակացությունում հստակ բացահայտված եւ ապացուցված է մի կողմից SOCAR ընկերությունից Իմելդա Քուեյեհի ՍՊԸ-ներին կաշառքի գումարների փոխանցման մեխանիզմը, մյուս կողմից՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանի եւ Հենրի Քուեյեհի միջեւ համակարգման մեխանիզմը, որի շրջանակում Քուեյեհն ԱՄՆ Կոնգրեսում եւ մասնավորապես Հատկացումների հանձնաժողովում քաղաքական միջամտություններ ու քայլեր է կատարել հօգուտ Ադրբեջանի։

Ստորեւ մեկ-երկու ծաղկաքաղ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանի (խոսքն Էլին Սուլեյմանովի մասին է՝ 2011-21թթ․ Ադրբեջանի դեսպան ԱՄՆ-ում, 2021-ից՝ Մեծ Բրիտանիայում) եւ կոնգրեսական Հենրի Քուեյեհի միջեւ գործողությունների համակարգման գրագրությունից, որ ներառված է վերոնշյալ մեղադրական եզրակացությունում։

Դուք լավագույն El Jefe-ն եք 

e. 2015թ․ մայիսի 29-ին Հենրի Քուեյեհն էլեկտրոնային փոստով ադրբեջանցի Դիվանագետ 1-ին եւ Անհատ 1-ին է ուղարկում իր ելույթի տեքստը, որով պատրաստվում է հանդես գալ Ներկայացուցիչների պալատում՝ Ադրբեջանի օրվա առիթով։ Ելույթում գովաբանվում էր Ադրբեջանի պատմությունը եւ ընդգծվում էր Ադրբեջանի ռազմավարական նշանակությունն ԱՄՆ-ի համար, ի մասնավորի ասվում էր. «Իր անկախությունից ի վեր Ադրբեջանի Հանրապետությունը եղել է դաշնակից եւ առաջիններից մեկը, ով անվերապահորեն աջակցել է ԱՄՆ-ին ահաբեկչության դեմ միջազգային պայքարում՝ տրամադրելով իր օդային տարածքը եւ իր օդանավակայանները Աֆղանստանում իրականացվող «Մնայուն ազատություն» գործողության համար: Այսօր Ադրբեջանը շարունակում է մնալ ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերը»։

(e. On May 29, 2015, HENRY CUELLAR emailed Azerbaijani Diplomat-1 and Individual-1 the text of a speech that he intended to give on the floor of the House of Representatives in honor of Azerbaijani Republic Day. The proposed speech praised Azerbaijan’s  history and emphasized Azerbaijan’s strategic importance to the United States, including: “Since its independence, the Republic of Azerbaijan has been an ally and is among the first nations who offered unconditional support to the United States in the global War on Terrorism, providing its airspace and the use of its airports for Operation Enduring Freedom in Afghanistan. Today, Azerbaijan continues to be a strategic partner with the US.”)

Քուեյեհի դեմ գործը զինչ կցուցանե

Հենրի Քուեյեհի դեմ դատախազների կազմած մեղադրական եզրակացությունը, ընդհանուր առմամբ, 54 էջ ծավալ ունի եւ հանցագործությունների երկու խմբի է առնչվում։ Մեկն այն է, ինչ արդեն նկարագրվեց՝ Քուեյեհն առանց FARA (Foreign Agents Registration Act 1938) համաձայն Ադրբեջանի Հանրապետության գործակալ գրանցվելու, խաբեությամբ եւ կաշառակերությամբ ԱՄՆ Կոնգրեսում սպասարկել է այդ երկրի շահերը՝ վերջնահաշվում ստանալով 360 հազար դոլարի կարգի կաշառք։ Հանցագործությունների երկրորդ խումբը, որ Քուեյեհին մի փոքր ավելի քիչ եկամուտ է բերել, հանգել է մեքսիկական Azteca Bank-ից կաշառքներ վերցնելուն եւ բանկի համար շահավետ նախաձեռնություններով հանդես գալուն։

Հ. Գ. Հենրի Քուեյեհի դեմ մեղադրական եզրակացությունը հասանելի է հետեւյալ հղումով։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031