Մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը «Հայաստանի շուրջ ստեղծված խնդիրները եւ դրանց հնարավոր լուծումները» թեմայով այսօր կայացած հանրային քննարկմանը խոսեց այն մասին, թե այդ գործընթացից ինչպես կարելի է դուրս գալ։ «Հայտնի արտահայտություն կա. եթե քեզ արդեն կուլ են տվել, դուրս գալու երկու ելք ունես։ Ցանկացած իրավիճակից կարելի է դուրս գալ։ Հարցն այն է, թե որ եղանակով դուրս կգաս։
Իհարկե, ինչ կատարվում է Հայաստանում, մի փոքր այլ է։ Իշխանությունը մեծ խնդիր ունի։ Նրա դիմաց կանգնած է ոչ թե դասական քաղաքական գործիչ, ում կարելի է ճնշել, գնել, ծեծել, առեվանգել։ Իշխանության առջեւ կանգնած է Հայ առաքելական եկեղեցու սպասավոր, որի հանդեպ այդպիսի միջոցներ կիրառելը չի աշխատում։ Եվ այն տեխնոլոգիաները, որոնք իշխանությունը բանեցրեց, չաշխատեցին։ Ավելին, խնդիր դարձավ այն, որ բոլոր հնարավոր հերյուրանքները, չարախոսությունները Բագրատ սրբազանի հանդեպ հակառակ էֆեկտ ունեցան, մասնավորապես, երկու որդիների եւ նրանց ծառայությունից ազատելու տխրահռչակ պատմությունը։
Բագրատ սրբազանին անընդհատ փորձում են կապել քաղաքական գործիչների հետ, սակայն դա էլ նվազագույն էֆեկտ է տալիս, որովհետեւ այդ քաղաքական գործիչները ասպարեզում չեն երեւում։ Այդ տեխնոլոգիաները այսօր չեն աշխատում։
Ավելին, այն խնդիրները, ինչ Փաշինյաննն ունի Սրբազանի հետ, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դրանց լավ տիրապետում է, տիրապետում է այն գործիքներին, որով ժամանակին Փաշինյանն է հաջողության հասել։ Բագրատ սրբազանը շատ լավ գիտի՝ ինչպես աշխատել սոցցանցերի հետ եւ ի տարբերություն բավականին շատ դասական եւ այլ գործիչների, շատ լավ հասկանում է այն կոդերը, հիմնական բառերը, որով պետք է շփվել ժողովրդի հետ։
Կարդացեք նաև
Եկեղեցականները առօրյայում անընդհատ շփվում են պարզ քաղաքացիների, գյուղացիների հետ եւ կարող են խոսել նրանց հասկանալի լեզվով, ինչը չեն կարողանում պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները։ Օրինակ, երբ Տավուշի մարզպետը գնացել էր Կիրանց եւ գյուղացիներին գրեթե համոզել, որ պետք է բացել ճանապարհը՝ նույնպես օգտագործելով կոդ բառեր, թե ինքն էլ գյուղացի է, չարչարվում, տանջվում է, սիրտը ցավում է եւ այլն, բայց Բագրատ սրբազանը մեկ-երկու խոսք ասաց, եւ մարզպետի ամբողջ չարչարանքը ջուրը գնաց, որովհետեւ ինքը գտավ ավելի ճիշտ բառեր։ Այսինքն, իշխանության համար խնդիր է, որ ի հայտ է եկել մի մարդ, որը ժողովրդի հետ խոսում է ժողովրդի լեզվով»,-ասաց մեդիա փորձագետը։
Անդրադառնալով Հանրապետության հրապարակում վերջին մեկ-երկու օրվա պրոցեսներին՝ Տիգրան Քոչարյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանին ցույց տրվեց, որ նա գուցե լեգալ է, բայց լեգիտիմ չէ։ Մի անգամ ինքն ասել էր, որ եթե հրապարակը լցվի, հրաժարական կտա։ Հրապարակը լցվեց ու իրեն ասացին, որ հրապարակ լցնողը միայն ինքը չէ, որ կարողացել է 2018 թվականից այս գործիքակազմով ժողովրդի անունից խոսել։ Սա, իրոք, խնդիր է իրենց համար։
Ինչու ոստիկանությունը հանրահավաքների երկու օրերին ժողովրդին չի ցրում։ Որովհետեւ եթե այդ ժամանակ հանկարծ վնասվի որեւէ հոգեւորական, դա շատ ավելի մեծ պրոբլեմ կդառնա իշխանության համար։ Ոչ ոք հաշվարկ չունի, որ Աստված չանի, եթե ինչ-որ բան պատահի Բագրատ սրբազանի հետ, ինչ կկատարվի այդ ժամանակ, ինչքան մարդ դուրս կգա հրապարակ այդ պահին կամ դրանից հետո։
Եթե ի հայտ է եկել մի մարդ, որը սիրով եւ համերաշխությամբ հրապարակներ է լցնում, իմ կարծիքով դա ապացուցում է Փաշինյանի զրո լեգիտիմությունը»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ