Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան (այսուհետ՝ Կոալիցիա) իր մտահոգությունն է արտահայտում երկրում կոռուպցիայի սողացող վարքի շարունակական դրսևորումների վրա, ինչն արտահայտվում է օրենսդրական և վարչական կոռուպցիայի դրսևորումներով: Այդ մասին Կոալիցիան բազմիցս ահազանգել է և նշել, որ այդ գործողությունները բացասաբար անդրադառնում կոռուպցիայի ընկալման համաթվի վրա:
Վերջերս ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունվել և գործողության մեջ են մտել մի շարք օրենսդրական փոփոխություններ և լրացումներ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (Կ-761-15.01.2024-ՊԻ-011)` կից օրենսդրական փաթեթով (ինչը ներառում է «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» (Կ-7611-15.01.2024-ՊԻ-011), «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» (Կ-7612-15.01.2024-ՊԻ-011) և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքները) (3-րդ քննարկված հարց), որոնց բուն նպատակ է հայտարարված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման արդյունքում նշանակված տուգանքների նվազեցումը, վարչարարության պարզեցումը, վարչական դատարանների ծանրաբեռնվածության նվազեցումը:
Ըստ այդմ.
- եթե քաղաքացին ծանուցվելու օրվան հաջորդող օրվանից 15 օրվա ընթացքում նշանակված տուգանքի առնվազն 70 տոկոսը վճարի, ապա տուգանքի վճարման պարտականությունը կհամարվի ամբողջությամբ կատարված՝ բացառությամբ վարչական տույժ նշանակելու որոշումը բողոքարկելու դեպքի (այսինքն՝ սահմանված տուգանքի նկատմամբ կգործի 30 տոկոս զեղչ) (այս փոփոխությունը ուժի մեջ է մտել 2024 թ. ապրիլի 5-ից),
- եթե քաղաքացիները Roadpolice.am հավելվածի միջոցով ներկայացնեն էլեկտրոնային փոստի ընդունելի հասցե, այդ դեպքում վարչական պատասխանատվության միջոց կիրառելու մասին ծանուցումը կուղարկվի այդ հասցեին, ինչի արդյունքում ի սկզբանե նախատեսված տուգանքի չափը կզեղչվի 20 տոկոսով (այս փոփոխությունը նախատեսվում է ուժի մեջ մտցնել հուլիսի 1-ից),
- նախատեսված են նաեւ այլ փոփոխություններ՝ ուղղված տուգանքների հետ կապված բողոքարկմանը, ըստ որոնց իրավախախտման բողոքարկումները և դրանցից հետո դատաքննություններն իրականացվում են միայն ու միայն գրավոր ընթացակարգով,
- «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում՝ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքով՝ մինչև 2024 թվականի ապրիլի 5-ը Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն կատարման ներկայացված, դեռևս չկատարված և վերոնշյալ օրենքում նշված վարչական իրավախախտումների համար նախատեսված տուգանքի 50 տոկոսը և դրան համապատասխան կատարողական ծախսը վճարելու դեպքում պարտավորությունը համարվում է ամբողջությամբ կատարված։
Կոալիցիան գտնում է, որ վերոհիշյալ փոփոխությունները հակասում են ՀՀ սահմանադրության առնվազն հետևյալ հոդվածների իմպերատիվ պահանջներին.
Կարդացեք նաև
- Հոդված 50. Պատշաճ վարչարարության իրավունքը
- Յուրաքանչյուր ոք ունի վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
- Վարչական վարույթի ընթացքում յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին ծանոթանալու իրավունք,
- Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են մինչև անձի համար միջամտող անհատական ակտն ընդունելը լսել նրան, …:
- Հոդված 63. Արդար դատաքննության իրավունքը
- Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոալիցիան այս փոփոխությունները որակում է ՀՀ պետական մարմինների կողմից պատշաճ վարչարարության իրականացումից հրաժարում, ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների ոտնահարում, որոնց արդյունքում.
- խրախուսվում է ճանապարհային երթևեկության կանոնների իրավախախտումների աճը,
- չեն նպաստում «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի գլխավոր խնդրի լուծմանը՝ այն է. ճանապարհային երթևեկության անվտանգության սպառնալիքների, մասնավորապես ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման, դրանց ծանրության և հետևանքների նվազեցման միջոցով քաղաքացիների կյանքի, առողջության և գույքի, նրանց իրավունքների և օրինական շահերի, հասարակության և պետության շահերի պահպանումը,
- չեն պահպանվում «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 5-րդ մասով սահմանված կարևորագույն սկզբունքները,
- օրենքով ի սկզբանե նախատեսված պատասխանատվությունից մասամբ ազատվում են իրավախախտ ՀՀ քաղաքացիները,
- ոտնահարվում են օրինապահ և արդարամիտ ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները:
Եվ վերջապես Կոալիցիան գտնում է, որ այս փոփոխությունների հիմնական նպատակը ՀՀ պետական բյուջե եկամուտների արագ և անարդար կերպով գեներացումն է, այնպես, ինչպես տեղի ունեցավ այս տարեսկզբին՝ Երևան համայնքում վճարովի ավտոկայանատեղիների տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերի փոփոխությամբ:
Ելնելով վերահիշյալից Կոալիցիան առաջարկում է.
- Հայաստանի Հանրապետության նախագահին՝ սառեցնել վերոհիշյալ օրենսդրական փոփոխությունների գործողությունը և դիմել ՀՀ սահմանադրական դատարանին՝ դրանց ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցը քննարկելու համար,
- Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին քննարկել վերոհիշյալ օրենսդրական փոփոխությունները՝ ՄԱԿ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի իրավակարգավորումներին և ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցով և ըստ այդմ դիմել ՀՀ սահմանադրական դատարանին:
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդ