Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողների գործառույթն ուրիշ է

Մայիս 11,2024 10:00

«Ընկեր Աբրահամյան, բա դուք չե՞ք միանում շարժմանը»,- երեկ ավտոբուսի կանգառում ինձ են հարցնում մոտավորապես իմ տարիքի տղամարդիկ: «Ոչ, – ասում եմ, – լրագրողը ոչ մի շարժման չպիտի միանա եւ ոչ մի շարժմանը դեմ չպիտի լինի»: «Վատ է, շատ վատ է, – հանդիմանեցին զրուցակիցներս, բայց որոշեցին զրույցը շարունակել, – իսկ ի՞նչ եք այս ամենի մասին մտածում»: Ես շատ բան եմ մտածում, բայց ոտքի վրա չեմ կարող իմ մտքերը շարադրել: Համ էլ 45 համարս արդեն եկավ:

Հպարտությունը (superbia իմաստով) մահացու մեղքերից ամենահիմնականն է, եւ ես, բնականաբար, չեմ պատրաստվում որեւէ ձեւով նսեմացնել իմ համաքաղաքացիների տեսակետների նշանակությունը: Պարզապես անկախության տարիներին լրագրության մասին ձեւավորվել է սխալ պատկերացում, մասնավորապես՝ որ մենք պետք է որեւէ կողմից մասնակցենք քաղաքական պայքարին: Եվ լրագրողներն, իհարկե, մեծապես նպաստել են այդ սխալ պատկերացման ձեւավորմանը: Այդ թվում՝ նրանք, ովքեր պատգամավոր եւ վարչապետ դարձան:

Իսկ այսօր Հայաստանում հազարավոր մարդիկ կան, որոնք ներկայանում են որպես լրագրող, քաղաքագետ, մեկնաբան, վերլուծաբան եւ ոչ միայն ներգրավված են պայքարի մեջ, այլեւ վերջին բառերով հայհոյում են իրենց դուր չեկած քաղաքական գործիչներին: Եվ այդ «լաչառ» տոնայնության մեջ են մնում նաեւ այն ժամանակ, երբ թողնում են լրագրությունը եւ դառնում են պատգամավոր կամ վարչապետ:

Անձամբ ես իմ գործը տեսնում եմ փաստեր ներկայացնելու, համադրելու եւ մեկնաբանելու մեջ: Բայց ոչ միայն: Այդ ամենը փորձում եմ անել որոշակի արժեքային համակարգից ելնելով, եւ այդ առումով, ի դեպ, որոշակի առողջ հոգեւոր միջուկ եմ տեսնում այսօրվա շարժման մեջ՝ անկախ բոլոր ուղեկցող հանգամանքներից: Բացի այդ, հաշվի առնելով մեր հասարակության վիճակը, լրագրողը պետք է որոշակի լուսավորչական աշխատանք կատարի:

…2018 թվականի ապրիլին ինձ մոտեցան բարձր դպրոցական տարիքի երեխաներ եւ միանգամայն բարյացակամորեն, ուրախ, զրնգուն ձայներով հարցրեցին՝ «իսկ դուք մերժո՞ւմ եք Սերժին»: Իմ պատասխանը նույնն էր՝ «ես ոչ մի անձի չեմ մերժում եւ չեմ աստվածացնում»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ճիշդ, սկզբունքային ըմբռնողութիւն է:

    Միայն թէ, լրագրողներուն նիւթը մէկդի դնելով, երանի թէ քաղաքական գործիչներն ալ իրենց գործը կատարել գիտնային, որպէսզի Կղերականութիւնը չստիպուէր իրենց գործը, իրենց տեղ անելու: Հարկադրաբար առկախելով իրենց հոգեւորական, առաջնահերթ առաքելութիւնը:

    Հայդուկ Շամլեան

  2. Լավատես says:

    Պահանջել է պետք ոչ միայն իշխանությունից, եկեք սովորենք պահանջել նաեւ մեր իսկական ընդդիմությունից, որ երբ այդ ընդդիմությունը գա իշխանության, ժողովրդին սիրել հարգել իմանա, այլ ոչ թե մանիպուլացնել: Ինչո՞վ է տարբերվում իսկական իշխանություն ընդդիմությունը ոչ իսկականից. ոչ իսկականին ընտրել, ֆինանսավորել եւ պատրաստել ու վասալ է կարգել ինչ որ մեկը դրսից եւ ընտրող ժողովրդին էլ մանիպուլացրել, որ ընտրությունը լեգիտիմ կոչվի ՝՝դե ժողովուրդն է ընտրել՝՝: Ժողովրդին մանիպուլյացնելով ընտրությունը լեգիտիմ չի կարող համարվել, նույնն է թե մեղադրյալին վախեցնելով մանիպուլացնելով ցուցմունք կորզել: Այն, որ մեր իսկական ընդդիմությունը ժողովրդի մեծամասնության մեջ չունի այն սերն ու հարգանքը, որն ունի մանիպուլացնող իշխանություն ընդդիմությունը, դա մեր իսկական ընդդիմության ուժի բացակայությունն է, ուժ, որը ունակ է մենամարտել մանիպուլացնող վասալ ուժերի դեմ: Մեր վասալների տերերը մեծ ծախսեր են տեսնում իրենց մանկլավիկ վասալներին իշխանության բերելու, նման ռեսուրսներ մեր իսկական ընդդիմությունը չունի, միակ իսկական միջոցը ժողովրդի սերն ու հարգանքը վայելելու՝ դա իրար հետ հզոր ռազմավարական դաշինք կազմելն է եւ անողոք մարտավարական կռիվներ տալն է, այդ մարտերում կթրծվեն մեր իսկական քաղաքական ուժերը, ցույց կտան, որ իրենց համար ռազնավարական արժեքները կարմիր գծեր են եւ միասնական ճակատով դուրս կգան իրենց ռազմավարական հակառակորդ վասալների բանակի դեմ: Ժողովուրդը կդիտի իսկականների եւ վասալների կռիվը եւ իր ձայնը կտա հաղթողին: Իսկականնե՛ր, կազմեք ձեր ռազմավարական դաշինքը, գրեք ձեր մարտավարական պատերազմի օրենսգիրքն ու դատարանը եւ մտեք իրար հետ մարտավարական պատերազմի մեջ: Իսկ իսկական քաղաքացին էլ նա է, ով իր՝ ժողովրդի իշխանությունն է ուզում պարտադրել, իսկ ովքեր չեն գնում ընտրության եւ բացի իրենց մասնագիտությունից քաղաքականությամբ չեն հետաքրքրվում, դրանք էլ վասալ մասալ ստից մտից քաղաքացիներ են եւ իսկական քաղաքացիներ կոչվելու իրավունք չունեն:

Պատասխանել