Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԿՀ դատապարտյալը հաղորդում է ներկայացրել՝ հայտնելով, որ փաստաբան Տիգրան Եգորյանը յուրացրել է իրեն որպես վնասի փոխհատուցում հատկացված 2.500 եվրոն

Մայիս 10,2024 23:10

Aravot.am-ի տեղեկություններով՝ Նուբարաշեն ՔԿՀ դատապարտյալ Գագիկ Եղիազարյանը ապրիլի 26-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն՝ հայտնելով, որ փաստաբան Տիգրան Եգորյանը չի կատարել իր պարտականությունները, առանց իրեն զգուշացնելու հրաժարվել է իր պաշտպանությունը իրականացնելուց և յուրացրել ՀՀ-ից իրեն որպես վնասի փոխհատուցում հատկացրած 2.500 եվրոն:

Տիգրան Եգորյանը, անդրադառնալով իրեն ուղղված Եղիազարյանի մեղադրանքներին, պարզաբանել է, որ դեռ մինչև «Սասնա Ծռեր» խմբի ձեւավորումն ու դրա մասին հայտարարումը, իրավաբանական օգնություն է  ցուցաբերել այդ խմբի անդամներին, «Սասնա Ծռեր»-ի գործով նաև Գագիկ Եղիազարյանին: Փաստաբանի խոսքով, այդ տարիների ընթացքում «Սասնա Ծռերը» եւ  իրենց համակիրները պատահել է, որ առաջարկել են իրեն վարձատրել, սակայն ինքը  հրաժարվել է` համարելով որ ծանր շրջանում են գտնվում։

«Կոնկրետ այդ խմբի անդամներին մատուցվող ծառայությունը` պաշտպանությունը, չեմ դադարեցրել և, ըստ պայմանավորվածության, շարունակել եմ մինչև 1-ին ատյանի դատարանի դատավճիռը։ Դեռևս 2018-2019 թթ, երբ հնարավոր եղավ լուծել նրանց կալանքների հարցը, զգուշացրել եմ, որ բոլոր հնարավոր ջանքերը կգործադրեմ 1-ին ատյանի դատարանում գործի քննության շրջանակում, որից հետո չեմ կարողանալու շարունակել նրանց պաշտպանությունը։ Նրանք ունեին մի քանի պաշտպաններ, այդ թվում` հանրային, և հենց մյուս պաշտպանների միջոցով էլ շարունակվել է պաշտպանությունը։

Խմբի անդամներին և Գագիկ Եղիազարյանին երբեք չեմ խոստացել Սահմանադրական դատարան դիմել։ Այդպիսի պայմանավորվածություն ունեցել եմ միայն Վարուժանի հետ, որի համար և անունից էլ աշխատել եմ դիմումի վրա և դիմել։ Աշխատանքներին մասնակցել է նաև Արայիկ Պապիկյանը, որը խմբի մյուս անդամների անունից է դիմում ներկայացրել ՍԴ։

ՄԻԵԴ-ից ստացել ենք ծանուցում-առաջարկ Կառավարության հետ հաշտություն կնքելու մասին և որպես բոլոր ծախսերի փոխհատուցում 2000 եվրոյի չափով առաջարկ ։ Մանրամասն քննարկվել է հաշտություն կնքել-չկնքելու հարցը, դրա արդյունքն ու ազդեցությունը: Քննարկումները վարվել են ոչ միայն Գագիկի հետ։ Ի վերջո, հաստատել են համաձայնությունը, ես բանակցել եմ Կառավարության ներկայացուցչի հետ, ինչից կարճ ժամանակ անց Կառավարությունը և հաշտության համաձայնություններն է ստորագրել, և Կառավարության անունից միակողմանի հայտարարություն ընդունել` իրավունքի խախտման փաստի ընդունման վերաբերյալ։ Այս ամենի մասին Գագիկը տեղեկացված է եղել, քանի որ որոշակի ուշացումների բերումով պարբերաբար հետաքրքրվում էր, և, ի վերջո ,երբ արդեն հրապարակվել էր ՄԻԵԴ-ի որոշումը, հատուկ լիազորագիր է ստորագրել, որպեսզի գումարը ես ստանամ։

Գումարի վերաբերյալ խոսակցությունը հետևյալն է եղել,  հայտնել է, որ իր համար վիրավորական ու նվաստացուցիչ է գումար ստանալ Կառավարությունից, որ համարում է, որ դա պետք է ուղղվի մեր ծառայությունների դիմաց վարձատրությանը։ Դրանից հետո երբեք այդ գումարի մասին հարց չի բարձրացրել, նույնիսկ անցած տարվա վերջից հեռախոսազանգերի ընթացքում, երբ ես հիշեցրել եմ բոլոր մանրամասները, այդ թվում այն, որ առաջարկված 2000 եվրոն բանակցվել և ավելացվել է 500 եվրոյով, ասել է, որ գումարն իրեն հետաքրքրող հարց չէ։

ՄԻԵԴ-ի որոշման կայացումից հետո խնդրել է, որ ես ստանամ գումարը և դրա համար լիազորագիր տվել։ Բացի դրանից, ՄԻԵԴ գանգատ կազմելու, ներկայացնելու և հետագա ներկայացուցչության համար փաստաբանական ծառայությունների պայմանագիր է կնքել ինձ հետ, որի շրջանակում այդ ծառայությունների համար վճարման պարտավորություն է առաջացել նրա համար, որով ինձ վճարման ենթակա գումարն ավելին է, քան իր վկայակոչած գումարը։

Այս ամենը ամրագրված է համապատասխան պայմանագրերով և այլ փաստաթղթերով` ստորագրված Գագիկ Եղիազարյանի կողմից»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031