Հայաստանի 10 մարզերում վաղը անհնազանդության ակցիաներ են իրականացվելու. Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ սրբազան Գալստանյանը: Ակցիաների տեղն ու ժամը չհայտարարվեց: Սրբազանը մարդկանց հորդորեց՝ չհուսահատվել, չհիասթափվել, քանի որ հստակ ծրագրային քայլերով շարժումն առաջ է գնալու:
Վաղը հանրահավաք չի լինելու: Անհնազանդության ակցիաներից հետո, տարբեր թիրախային խմբերի հետ վերաքննարկվելու են շարժման ծրագրերը:
Կիրակի օրը, 18.30-ին կրկին հանրահավաք կհրավիրվի, որտեղ կներկայացվեն շարժման այլընտրանքային ծրագրերը: Սրբազանը վստահեցրեց, որ կարճ ժամանակահատվածում շարժումը հասնելու է իր իղձերի ու նպատակների իրականացմանը՝ հայրենիք ու պատիվ ունենալուն, քանի որ չի ցանկանում այս կյանքից հեռանալ նզովված: Նաեւ հորդորեց՝ մերժել ինքնաարդարացումը, ընդունել սեփական մեղքերը՝ սկսած քաղաքականից, եւ առաջ շարժվել:
«Ոչ ոք մեզ օրակարգ չի թելադրելու, մենք շարժվելու ենք մեր թելադրած օրակարգով: Սարսափելի վախեցած են այս մարդիկ. բայց ինչո՞ւ են վախեցած: Մեր շարժումն ընդամենն ինքնամաքրման մասին է»,- ասաց սրբազանը՝ նկատի ունենալով իշխանավորներին:
Կարդացեք նաև
Հիշեցնենք նաեւ, բողոքն ընդդեմ անօրինական սահմանազատման եւ սահմանագծման էր, ինչի արդյունքում Ադրբեջանին են փոխանցվում ոչ միայն Հայաստանի իրավազորության տակ գտնվող տարածքները, այլ հենց ՀՀ ինքնիշխան տարածքները։ Դեպի Երեւան երթը մեկնարկել է մայիսի 4-ին։ Երեկ, Հանրապետության հրապարակում, հանրահավաքի ժամանակ նաեւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ դրվեց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ