«Չեմ հասկանում, այդքան վախեցա՞ծ են երկրորդ նախագահից, թե՞ ինձնից են վախեցած»,- Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ սրբազանն՝ անդրադառնալով իշխանական շրջանակներից տարածվող այն խոսակցություններին, որ իր գործունեությունը կապված է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
Սրբազանը խոսեց նաեւ սոցցանցերում տարածվող այն տեսանյութի մասին, որտեղ երեւում է, թե «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ինչպես է դուրս գալիս այն վրանից, որտեղ գիշերում է սրբազանը: «Բոլոր նրանք, ովքեր հայկական օրակարգին ծառայելուն կոչված են, կոչված են, որպեսզի եռագույնը հաղթի սեւ ու սպիտակին, որպեսզի հոգեւոր Հայաստանը հաղթի նոր Հայաստանին, ոչ միայն ընդունելի են, այլեւ քաջալերելի եւ գովելի են»,- ասաց նա՝ հավելելով՝ ովքեր ծախու գրչակներ են, պատվերով իրենց ինքնությունը վաճառողներ են՝ մարդկանց վիրավորելով, սեւացնելով, նրանք ուղղակի, որպես գոյացություններ կվերանան մեր կյանքից մի օր:
Սրբազանը օրվա հաշվետվություն ներկայացրեց՝ հավաստելով, որ խորհրդարանական ուժերը պատրաստակամ են խորհրդարանում իմպիչմենտի գործընթացը տանել. «Կմնա միայն վարչապետի թեկնածուի հարցը՝ դա էլ ժամանակի ընթացքում կորոշվի»:
Սրբազանը շարժման դիվանագիտական հանձնախմբին՝ Ռուբեն Կարապետյանի գլխավորությամբ, հորդորեց կիրակի օրը երեկոյան, մշակել եւ կազմել սահմանազատման-սահմանագծման հստակ հայեցակարգ եւ այդ բանակցությունների անընդհականությունը ներկայացնող ծրագիր:
Կարդացեք նաև
«Պահեստազորի սպաների միությանը» հորդորեց՝ նույն ժամկետում ներկայացնել պետական անվտանգության բարձրացման հայեցակարգ:
Երրորդ քայլը պետք է անի ժողովուրդը՝ գործողությամբ. այն է՝ մեկ շաբաթ, մինչեւ մյուս ուրբաթ օրը. «Խաղաղ, բարեկիրթ եւ համառ զրույցներ ունենալ ՔՊ խմբակցության անդամների հետ: Շատ խաղաղ, առանց հայհոյանքի, առանց որեւէ բանի: Սուրճ խմեք հետները, թեյ խմեք հետները: Եթե ուզում եք այս ընթացքը հաջողություն ունենա, այդ մահապարտությունն էլ դուք ստանձնեք: Բազմաթիվ ծառայողներ կան պետական համակարգում, որոնք հոգնած եւ զզված լինելով այս վիճակից, տարակույսներ ունեն, որ դուրս գալուց կամ ներգրավվելուց այս շարժման մեջ, իրենք խնդիրներ կունենան ոչ թե այնտեղ, այլ այստեղ: Բոլորն էլ բոլոր առումներով ընդունելի են, դարձ են ապրում իրենց ճանապարհից»:
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք նաեւ, բողոքն ընդդեմ անօրինական սահմանազատման եւ սահմանագծման էր, ինչի արդյունքում Ադրբեջանին են փոխանցվում ոչ միայն Հայաստանի իրավազորության տակ գտնվող տարածքները, այլ հենց ՀՀ ինքնիշխան տարածքները։ Դեպի Երեւան երթը մեկնարկել է մայիսի 4-ին։ Երեկ, Հանրապետության հրապարակում, հանրահավաքի ժամանակ նաեւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ դրվեց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ