«Կիրանցիները շարունակում են իրենց պայքարը, ոսկեպարցիները շարունակում են իրենց պայքարը, բաղանիսցիները շարունակում են իրենց պայքարը եւ ի աջակցություն այս շարժման՝ այսօր փակ է եղել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը»,-Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Ծափեր հնչեցին Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակած սյունեցիների համար էլ:
Ընդդիմադիր պատգամավորը դրվատանքի խոսք ուներ ուսանողներին, ովքեր, իր գնահատմամբ, ապացուցեցին, որ հայրենիք ունենք:
«Վատը ձեզ համար է լինելու, ուսանողի համար չի կարող վատ լինել»,- ասաց նա՝ դիմելով ԲՈՒՀ-երի այն ղեկավարներին, ովքեր սպառնում են ուսանողներին եւ թույլ չեն տալիս դասադուլներ կազմակերպել:
Գառնիկ Դանիելյանի փոխանցմամբ, այսօր ցույցերի եւ անհնազանդության ակցիաների ժամանակ 12 հոգի բերման է ենթարկվել, 11-ն ազատ են արձակվել, մեկ հոգու վրա քրեական գործ է հարուցվել, բայց դա շարժման անդամներին չի ընկճում:
Կարդացեք նաև
Նա նաեւ հայտարարեց՝ բազմաթիվ պետական աշխատողներ մոտեցել են՝ ասել՝ «մեզ այս աշխատանքը պետք չի, եթե չունենք հայրենիք, մենք հայրենիքին տեր ենք, ունենք պատիվ ու հայրենիք»:
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք նաեւ, բողոքն ընդդեմ անօրինական սահմանազատման եւ սահմանագծման էր, ինչի արդյունքում Ադրբեջանին են փոխանցվում ոչ միայն Հայաստանի իրավազորության տակ գտնվող տարածքները, այլ հենց ՀՀ ինքնիշխան տարածքները։ Դեպի Երեւան երթը մեկնարկել է մայիսի 4-ին։ Երեկ, Հանրապետության հրապարակում, հանրահավաքի ժամանակ նաեւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ դրվեց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ