Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի իշխանությունը գործում է ուժի սպառնալիքի ներքո, ուստի սահմանազատման գործընթացը եւ որոշումները չեն կարող լեգիտիմ լինել». Իրավապաշտպաններ

Մայիս 10,2024 20:15

Հասարակական կազմակերպությունները եւ իրավապաշտպանները հայտարարություն են տարածել, որտեղ խորը մտահոգություն են հայտնում  վերջին օրերին Տավուշի մարզի հատվածում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման  եւ սահմանագծման մեթոդների եւ ընթացքի կապակցությամբ։

Այդ առիթով «Մեդիա Կենտրոնում» այսօր կազմակերպված «Սահմանազատում, բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը  Տավուշի մարզում» թեմայով քննարկման ժամանակ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը նշեց, որ իրենց մտահոգությունը նախ եւ առաջ սահմանազատման եւ սահմանագծման լեգիտիմության կոնտեքստում է, որովհետեւ այն իրականացվում է միջազգային  իրավունքի կարեւորագույն սկզբունքի’ ուժի եւ ուժի սպառնալիքից զերծ մնալու պահանջի կոպտագույն խախտումով։

«Վարչապետը բազմիցս  կիրանցիների եւ ոսկեպարցիների հետ քննարկումներում եւ վերջերս իր ասուլիսային եթերում հայտնեց, որ եթե չլինի սահմանազատում այս պահին, հապճեպ, ըստ էության, առանց հստակ կանոնակարգերի, ապա կլինի պատերազմ։ Այսինքն, ուղղակիորեն մենք ընդունում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը ներկայումս գործում է ուժի, սպառնալիքի հիման վրա։ Հետեւաբար, նման գործելաոճը, որոշումները եւ գործընթացը չեն կարող լինել լեգիտիմ։

Ավելին, թե իշխանության, թե վարչապետի եւ թե որոշ փորձագետների խոսույթով լեգիտիմացվում է Ադրբեջանի հնարավոր ագրեսիան Հայաստանի նկատմամբ, ինչը էլ ավելի խնդրահարույց է, որովհետեւ Ադրբեջանը չունի Հայաստանի վրա հարձակվելու լեգիտիմ իրավունք, թեկուզ այնտեղ կան ինչ-որ տարածքային վեճեր։ Տարածքային վեճերը լուծվում են փոխադարձ բանակցությունների միջոցով։ Եվ եթե այստեղ կա բարի կամք, ագրեսիան որեւէ լեգիտիմ հիմք չունի։

Ըստ էության, սա դեմարկացիայի եւ դելիմիտացիայի մեկնարկ չէ։ Հայաստանը միակողմանիորեն ընդունել է, որ այս տարածքները ադրբեջանական են, մինչդեռ, այստեղ եւս մենք խնդիր տեսնում ենք։ Մենք չենք ասում, թե պետք չէ սահմանազատում։ Ոչ ոք պետական սահման գծելուն դեմ չէ։ Խնդիրն այն է, թե ինչպես է դա արվում»,-ասաց տիկին Մելքոնյանը:

Նա նշեց, որ վարչապետի ստեղծած սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովը ունի ընդամենը խորհրդատվական բնույթ։ Պետության համար պարտադիր փաստաթղթերի ստորագրման իրավասություն այդ հանձնաժողովը չունի Սահմանազատումը եւ սահմանագծումը Հայաստանի օրենքներով իրականացվել կարող է այլ մեխանիզմներով։

Պետությունը պարտավոր է ապահովել իր բնակիչների անվտանգությունը, բայց անում է հակառակը` պատերազմով ահաբեկում թ մարդկանց։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը նույնպես հաստատեց, որ ինքն այդ գործընթացը լեգիտիմ չի գնահատում, որովհետեւ մենք գործ ունենք անհավասար խաղացողների հետ` ադրբեջանական կողմը որպես ագրեսիայի պոտենցիալ աղբյուր, եւ հայկական կողմը, որն անվերապահորեն ենթարկվում է նրա պահանջներին։

«Այս պայմաններում առաջին հերթին խախտվում են այն մարդկանց իրավունքները, որոնք գտնվում են անմիջապես սահմանագծին։ Սահմանամերձ գյուղերի բնակիչները իրենք հարցերը բարձրացրին վարչապետի առջեւ եւ պատասխաններ չստացան, որ իրենց անվտանգությունն ապահովված է, որ իրենց իրավունքները գնահատված են։  Այստեղ պետք է հստակ գնահատված լինեին գյուղացիների իրավունքները եւ այդ գյուղերին պատկանող հողատարածքների խնդիրները, ինչը մենք թափանցիկ չենք տեսնում»,-ասաց տիկին Հովհաննիսյանը։

     Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031