«Այս տարի Եվրոպական Միության պատվիրակությունը Եվրոպայի օրը տոնելու է մայիսի 10-ից մինչեւ հունիսի 7-ը, Երեւանում եւ մարզերում, մասնավորապես՝ Լոռիում եւ Սյունիքում, անցկացնելու ենք տարատեսակ մշակութային եւ տեղեկատվական միջոցառումներ: Մեր նպատակն է ի ցույց դնել համագործակցությունը եւ զարգացող գործընկերությունը ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ»,- Եվրոպայի օրվան, Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսին նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
ԵՄ դեսպանը տեղեկացրեց, որ ասուլիսին կհետեւի «Եվրոպան մենք ենք» լուսանկարչական ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որը ոգեկոչում է ԵՄ-ի և Հայաստանի միջեւ եղած գործընկերությունը եւ ի ցույց դնում ԵՄ վերջին նախագծերը՝ Երեւանում եւ ՀՀ մարզերում:
«Անցնող տարվա ընթացքում մենք կայուն տեմպերով աշխատել ենք ԵՄ-Հայաստան հարաբերությունները խորացնելու եւ ամրապնդելու ուղղությամբ, այդ հարաբերությունները ներկայումս զարգանում են, ինչի արդյունքում մի քանի՝ շատ դրական զարգացումներ են եղել, որոնցից կցանկանայի հիշատակել նոր գործընկերության օրակարգը, որը պաշտոնապես հրապարակվեց գործընկերության խորհրդի վերջին նիստի ընթացքում՝ Բրյուսելում, արտգործնախարար Միրզոյանի եւ բարձր ներկայացուցիչ պարոն Բորելի կողմից: Ցանկանում եմ նշել նաեւ դիմակայունության եւ աճի ծրագիրը, որ հայտարարվեց նախագահ Ֆոն դեր Լայենի կողմից, եւ որ շատ կարեւոր է մեր գործընկերության համար՝ դա ապրիլի 5-ին Բրյուսելում անցկացված հանդիպումն էր:
Դիմակայության եւ աճի ծրագիրը, կարծում եմ, կօգնի Հայաստանին ուժեղացնելու տնտեսությունը, հասարակությունը, բարեփոխումները, կառուցակարգերը, ինստիտուտները, կնպաստի ներդրումներին, Հայաստանը կկարողանա ավելի մոտ գալ Եվրոպային, կնպաստի նաեւ գործընկերության խորացված, համապարփակ համաձայնագրի իրականացմանը: Այդ ծրագրով նաեւ աջակցություն է նախատեսվում փախստականներին: ԵՄ-ն արդեն 50 մլն հատկացրել է այդ նպատակին եւ այդ ծրագրի ներքո հիմա աշխատում ենք, որպեսզի ավելացնենք այդ գումարը, աջակցենք մարտահրավերները հաղթահարելու գործում, որոնք կապված են փախստականների ինտեգրման հետ»,-ասաց Վասիլիս Մարագոսը:
Կարդացեք նաև
ԵՄ դեսպանի խոսքով. «Ինչ վերաբերվում է գործընկերության նոր օրակարգին, աշխատում ենք իշխանությունների հետ, ինտենսիվ քննարկումներ ունենք, որպեսզի նոր գործընկերության օրակարգով թարմացվեն եւ ավելի հասցեական լինեն գործընկերության առկա գերակայությունները, եւ հիմքում լինելու է CEPA-ն՝ գործընկերության համաձայնագիրը, ինչպես նաեւ Հայաստանի ակտիվ մասնակցությունը Արեւելյան գործընկերության մեջ, ինչը մեզ կօգնի, որպեսզի շատ կոնկրետ առաջնահերթություններ սահմանենք՝ ՀՀ առջեւ ծառացած ներկա եւ ապագայի մարտահրավերները հաղթահարելու համար: Այս գործընթացով, ինչպես նաեւ աճի ծրագրի շնորհիվ ԵՄ-ն հանձնառու է Հայաստանի հետ իր գործընկերությունը հասցնել ավելի բարձր մակարդակի»:
Ի թիվս այլնի՝ դեսպան Մարագոսն անդրադարձավ նաեւ անվտանգության ոլորտին. «ԵՄ-ն աջակցում է խաղաղության եւ նորմալացման աշխատանքներին տարածաշրջանում, ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում վկայում է հենց այդ մասին, իսկ Ադրբեջանի հետ սահմանին հայկական կողմից նրանց ներկայությունը օգնել է նվազեցնել լարվածությունը եւ բարելավել անվտանգությունը մարդկանց համար:
Մենք շարունակում ենք մեր համագործակցությունը՝ ընթացիկ պորտֆել ունենք՝ ավելի քան 350 մլն եվրոյի, որն իրագործման մեջ է, այն արդեն իսկ աջակցում է Հայաստանի բարեփոխումներին, տնտեսությանը, կապակցվածությանը, բայց ինչպես ավելի վաղ նշեցի, դա հիմա ավելի կհարստացվի, կամրապնդվի լրացուցիչ տարրերով՝ դիկայունության եւ աճի նոր ծրագրի ներքո»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ