Անսալով Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի դասադուլ անելու հորդորին, այսօր տարբեր բուհերի ուսանողներ, ուսումնական հաստատություններ գնալու փոխարեն, վաղ առավոտյան հավաքվել էին մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում՝ իրենց աջակցությունը հայտնելու հանուն Տավուշի եւ Հայաստանի Հանրապետության պայքարին։
Նրանք սրբազանի եւ խաղաղ անհնազանդության գործողության մասնակիցների հետ միասին այցելեցին բուհեր։
Երեւանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի մոտ ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա ֆակուլտետի ուսանող Էլեն Իսրայելյանը Aravot.am-ին ասաց. «Մենք այսօր շրջել ենք համալսարանի շենքում եւ ուսանողներին միացման կանչ ենք արել։ Համալսարանի ղեկավարությունը եւ դասախոսները այդ ամենը տեսել են ու ոչինչ չեն ասել։ Միայն հարցրել են, թե ում ենք միանում եւ ինչի ենք միանում։ Մենք էլ պատասխանել ենք, որ միանում ենք սրբազանին ու միանում ենք այն պայմանով, որ Հայաստանը ոչ մի հող չունի զիջելու եւ որ Հայաստանը կործանման եզրին է ու մենք պետք է պաշտպանենք մեր հայրենիքը»:
Կարդացեք նաև
Մեր հարցին, թե ինչը կարող էր համալսարանի ղեկավարությանը այս անգամ հետ պահել ուսանողության վրա ճնշումներ գործադրելու գայթակղությունից, Էլենը պատասխանեց. «Կարծում եմ, համալսարանի ղեկավարությունը հասկանում է, թե ինչ դրության մեջ ենք հիմա եւ որ Հայաստանը փրկության է կանչում մեզ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ